Իրան-Ադրբեջան`շրջադարձային կետ հարաբերություններում

Իրան-Ադրբեջան`շրջադարձային կետ հարաբերություններում

Իրանի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում բավական հետաքրքիր է եւ ոչ միանշանակ։ Դեռեւս ամիսներ առաջ Թեհրանը զորք էր կուտակում Ադրբեջանի սահմանին՝ մտադրություն ուներ 30 տարում առաջին անգամ մեծածավալ զորավարժանքներ անցկացնել։ Այդ գործողությունները ե՛ւ իրանական, ե՛ւ ադրբեջանական մամուլում մեկմեկու հասցեին մեղադրանքների ժայթքում էին առաջացրել։

Թեհրանից Բաքվին բացահայտ մեղադրում էին Իսրայելի հետ համագործակցության մեջ՝ հայտարարելով, թե տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանում հազար իսրայելցի հատուկջոկատային եւ 1800 ԻՊ-ական ահաբեկիչ կա։ Բաքուն էլ փորձում էր պաշտպանվել եւ հակադարձել։ Սա, ըստ փորձագիտական շրջանակների, հետեւանքն էր այն բանի, որ իրանական ազդեցիկ շրջանակները դժգոհ են ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, քանզի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում նկատելիորեն մեծացավ, իսկ Թեհրանը դուրս մնաց հակամարտության կարգավորման միջնորդների ցանկից եւ չստացավ այն, ինչ ակնկալում էր: Չնայած որ, առիթ-անառիթ, Թեհրանը շնորհավորում էր Բաքվին՝ պատերազմում տարած հաղթանակի, տարածքային ամբողջականության վերականգնման եւ այլ բաների համար։
Իսկ ռուսական շրջանակներն այստեղ ամերիկյան հետք են տեսնում։

Կարծում են, որ իրանական, այսպես կոչված, լիբերալ շրջանակները՝ Իրանի հայ համայնքի օգնությամբ, կապ են հաստատել ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ եւ փորձել են սեպ խրել Մոսկվա-Անկարա-Բաքու նոր ստեղծվող դաշինքում։ Ու, ըստ ռուսական այս վարկածի, Իրանի աշխատանքի շնորհիվ Թուրքիան չի դարձել Ղարաբաղում կրակի դադարեցման 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրող կողմերից մեկը։ Թե այս վարկածը որքանով է իրական, դժվար է ասել, սակայն այն, որ ռուսները նույնիսկ ձվի մեջ մազ հայտնաբերելիս ամերիկյան հետք են տեսնում, խոսում է այն մասին, որ հակաամերիկականությունը ողջամտությունից դուրս  չափերի է հասել։

Եվ այժմ կարող ենք ասել, որ Իրանը կտրուկ շրջադարձ է կատարում, ու Ադրբեջանի հետ հարաբերություններում սկսվել է որոշակի ջերմացման շրջան, չնայած որ Բաքվում մեղադրում էին, թե Իրանը, ի դեմս այաթոլլա Խամենեիի՝ Ադրբեջանում ներկայացուցչի, այնտեղ իր «5-րդ շարասյունն» է ստեղծել ու ղեկավարում, իսկ Խամենեին էլ որոշել էր, որպես կրոնապետ, դեմարշ քայլով` ադրբեջաներենով խոսել Ադրբեջանում գտնվող իր հավատարիմ շիա մահմեդականների հետ։ Մի խոսքով, փաստն այն է, որ Թեհրանը հանկարծ դադարեցրեց տարածաշրջանում պետությունների սահմանների հնարավոր փոփոխության հետ կապված թեմայի թմբկահարումը, իսկ Ադրբեջանից էլ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, ով համատեղության կարգով հայ-ռուս-ադրբեջանական տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքային խմբի ղեկավարն էր, մեկնեց Իրան։ Այցի պայմանավորվածությունները բավականին տպավորիչ էին։

Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանից գազի սվոպային` երկկողմանի մատակարարումների պայմանավորվածություն են ձեռք բերում, պայմանավորվում են Նախիջեւան գազի մատակարարումների շուրջ։ Քննարկվել է նաեւ Կասպիական ավազանի ծովային հանքերի շահագործման հարցը։ Կարելի է ասել, սառույցը հալվեց, եւ արդեն նոյեմբերի վերջին Աշխաբադում հանդիպեցին Ադրբեջանի եւ Իրանի նախագահները, ինչին հետեւեց Հարավային Կովկասի համագործակցության «3+3», ավելի ճիշտ` «3+2» ձեւաչափով հանդիպումը։ Եվ, ի վերջո, օրերս Բաքու այցելեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, ով Բաքվում հանդիպումներից ու բանակցություններից հետո թվիթերյան իր էջում գրեց, որ 2 երկրների հարաբերություններում սա շրջադարձային կետ է, եւ 2 երկրների հարաբերություններում նոր էջ սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նաեւ պատրաստել են ճանապարհային քարտեզ` երկկողմ կապերի հետագա զարգացման համար։

Ինչ խոսք, պետք է խոստովանել, որ չափազանց հետաքրքիր զարգացումներ են ընթանում այս ուղղությամբ, եւ սպասվում են, որ դեռ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Թե ինչ ենք ունենալու արդյունքում, դժվար է ասել, սակայն արդեն կարելի է արձանագրել, որ իրանական դիվանագիտությունը Հարավային Կովկասի ուղղությամբ ինչ-որ յուրօրինակ գիծ է մշակել եւ ընթանում է ըստ այդմ: