Իրականում ինչպես էր եղել Արարատ ախպոր խաշի պատմությունը (Տժվժիկ)

 Իրականում ինչպես էր եղել Արարատ ախպոր խաշի պատմությունը (Տժվժիկ)

Ծննդյան օրը Արարատ ախպարը  իր հյուրերի համար խաշ պատվիրելով՝ ասաց.

-Սիրելի հյուրեր, ես էլ այդպես կտոնեմ իմ ծնունդը։

- Շնորհակալ ենք,- ասացին հյուրերը Արարատ ախպորը։ 

Արարատ ախպարը 290 հազար փարա վճարեց կովի տոտիկների ու ջուրի համար։  Ջուրը  կովի տոտիկները եփելուց թանձրացել ու լազաթ կուտար։ Սխտորը ու լավաշը մանրեցին ու հանդարտ հալեցրին ջուրի մեջ։

- Որքա՜ն համով եղավ, ասաց Արարատ ախպարը։

Հյուրերը լազաթով կերան ու մատները չկարողանալով իրարից պոկել, գլխի թափահարումով շնորհավորեցին Արարատ ախպոր ծնունդը՝ Արարատ ախպար, ի՜նչ լազաթ էր, մինչև ուտելը թուքներս կվազեր։

Դու մի ասիլ մեկը հետևում էր նրանց, տեսնում, թե Արարատ ախպարը ոնց է 290 հազար փարաները տալիս պանդոկի տիրոջը։

 Իրիկնադեմին, երբ ծանր քայլերով տան  կողմն էր գնում Արարատ ֊ախպարը, ճանապարհին պատահեց մեկը և ասաց.

-Բարի իրիկուն, Արարատ֊ախպար, քեֆդ, հալդ ինչպե՞ս է. ինչպես նկատում եմ՝ առույգ֊առույգ ես փոխում քայլերդ, առնական ուժ ես ստացել։ Ինչպե՞ս էր խաշը, համո՞վ էր…

Հետո շարունակեց․

-Երևի լավ ախորժակով ես կերել, կարծես թարմացել ես, գույնդ մինչև անգամ փոխվել է, խո աղը, սխտորը, արաղը կարգի՞ն էր։ Փողոցից անցուդարձ անողները լսում էին, և Արարատ-ախպարը, զայրույթից կուչ եկած՝ կարծես ուզում էր, որ գետինը ճեղքվի և ինքը մեջն ընկնի։

-Ամեն բան, ամեն ինչ կարգին էր, - ասաց կակազելով Արարատ-ախպարը, որպեսզի մի կերպ վերջ տա այդ խոսակցությանը։

- Ողորմած հոգի մայրս,- ասաց ծանոթը խոսքը շարունակելով- խիստ լավ խաշ  էր եփում, այնպես պատվական, որ երբ դռնով տուն էիր մտնում, նրա անուշ հոտից կշտանում էիր։ Այնպես համեղ էր լինում, որ նրա մահից հետո կարոտ եմ մնացել մի համեղ խաշի: Ափսոս հները մեռան, իրենց հետ կարգն ու սարքը գերեզման տարան։ Քանի՜-քանի՛ անգամներ ախորժակս գրգռվել է, սիրտս ուզել է մի համեղ խաշ, բայց եր՞բ կարող են հիմիկվաններն այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել։ Մի օր էլ մեզ պատվական խաշ կերցնես, ի՞նչ կլինի,- ասաց, աչքերն ուղղելով Արարատ- ախպորը։  

-Ինչպե՜ս չէ, ինչպե՜ս չէ, հրաշալի էր,- ասաց Արարատ-ախպարը և շտապեց տուն։

Հետևյալ օր Արարատ -ախպարը տնից դուրս եկավ։ Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան։ Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, ծանոթ մեկը մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Արարատ - ախպոր դիմաց։ Արարատի սուրճը քթից եկավ։ Նա զգաց, որ ծանոթը խաշի մասին է խոսելու: Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց.

-Հը՛, ինչպե՞ս ես, Արարատ֊ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք խաշը, համո՞վ էր, հը՞։

-Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ,— կմկմաց Արարատ֊ախպարը: Սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ-արագ թրթռալ։

-Այդ ի՞նչ խաշ  է,— մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը։

-Ոչինչ,- ասաց Արարատ ախպարը, ծանրացնելով խոսքը,— երեկ պանդոկում մի լավ խաշ կերանք, ծնունդս էր, 290 հազար փարա տվի․․․

-Անուշ լինի՛, խոսքս դրա մասին չէր։ Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր եփած խաշը, համո՞վ էր։

 -Շա՜տ համեղ, շատ ախորժելի, -ասաց սիրտը մորմոքելով Արարատ-ախպարը՝ ողջ անձով քրտնած, թրջված։

Անցավ մի օր, երկու օր, վերջապես երկու ամիս, բայց Արարատ ախպարը, որտեղ կգնար, կհիշեցնեին պանդոկին խաշը՝ թե՛ փողոցում, թե՛ պաշտոնական հանդիպումներում, թե՛ սրճարանում, թե՛ գործի տեղ, թե՛ հարսանիքում, թե՛, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Արարատ-ախպոր քթից, պնչից դուրս եկավ խաշը։ էլ համբերությունը սպառած, մի օր վերարկուի տակ մի բան թաքցրած՝ դուրս եկավ տնից։  Դեպքն այնպես բերեց, որ գործատեղից մեկին հանդիպեց․

- Արարատ ախպար, ինչպե՞ս ես, լա՞վ ես։ Համո՞վ էր խաշը․․․

-Ահա ա՛ռ խաշը և ձա՛յնդ կտրե,— ասաց զայրացած Արարատ-ախպարը և վերարկուի տակ թաքցրած խաշը դուրս հանելով, այնպես շրմփացրեց դրա քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը խաշի թանձրուկով ու սխտորով պատելով։