Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից․Դավիթ Ափոյան

Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից․Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից

Ըստ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի կանոնադրության՝ կառուցվածքային ստորաբաժանումներ լուծարելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, և պահանջում է ԵՊՀ կառավարման բոլոր մարմինների՝ ռեկտորի, գիտական խորհրդի և հոգաբարձուների խորհրդի հավանությունը, մինչդեռ այդ պահանջները անտեսվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ստորև առավել հանգամանալից․

ԵՊՀ կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է.

«Գիտական խորհուրդը՝ ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ»։

Կանոնադրության 56-րդ կետի 7-րդ ենթակետը սահմանում է․

«ԵՊՀ-ի ռեկտորը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր»։

Մեջբերվածից ուղղակիորեն բխում է, որ ստորաբաժանումներ լուծարելու վերաբերյալ առաջարկությունը ՀԽ-ին ներկայացնում է Գիտական խորհուրդը, իսկ համապատասխան նախագիծը՝ ռեկտորը։ Ստորաբաժանումների լուծարման այլ կարգ կանոնադրությունը չի սահմանում։

Անտեսելով կանոնադրությունը՝ սույն թվականի հուլիսի 20-ին հարցման կարգով հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում, առանց գիտական խորհրդի առաջարկության և ռեկտորի ներկայացման, ներառվել է հետևյալ հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման լուծարում:

Միայն մեջբերված դրույթներից էլ ակնհայտ է գործընթացի ապօրինությունը, իսկ եթե հավելենք նաև այն հանգամանքը, որ Հոգաբարձուների խորհուրդի նախորդ նիստում մերժվել է նշված կենտրոնի լուծարման վերաբերյալ հարցը, ապա Հոգաբարձուների խորհրդի կողմից իրավունքի և իրավականության նկատմամբ մերժողական վերաբերմունքի պատկերն առավել ամբողջական կդառնա»։