Մշակույթի բաժնի նախկին պետ, լրագրող․ ովքեր են ընդգրկված «Ապրելու երկրի» ցուցակում

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։
Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է, ով Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։ Կալիպսե Ասատրյանն ու Հայկ Պողոսյանը խմբակցության ավագանու մյուս անդամներն են: Իսկ հաջորդիվ համարները զբաղեցնողների մասին Hraparak.am-ի հետ զրույցում մանրամասնում է ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանը։
«Բոլորն էլ քաղաքում եւ իրենց ոլորտում ճանաչված մարդիկ են։Կան ե՛ւ ավագ, ե՛ւ միջին , ե՛ւ երիտասարդ սերունդների ներկայացուցիչներ ։ Կան ֆինանսիստներ, տնտեսագետներ, արվեստաբաններ, նույնիսկ մեր ավագ ընկերն է ընդգրկված, որը նախկինում ավագանու անդամ է եղել, ավագ ընկեր ունենք, որը կառավարման բազմամյա փորձ ունի, ե՛ւ մշակույթի բաժնի պետ է եղել, ե՛ւ դպրոցի տնօրեն, ունենք երիտասարդ լրագրող ։Այնպես որ, կոմպետենտ մարդիկ են, փորձել ենք նման թիմ ունենալ, որպեսզի քաղաքի առջև ծառացած խնդիրները՝ կապված տարբեր ոլորտների հետ, կարողանանք ճիշտ լուծում տալ»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։
Կարծիքներ