Փիառն էլ ձախողեցին

Փիառն էլ ձախողեցին

Համացանցի, Ֆեյսբուքի եւ մյուս սոցիալական ցանցերի հայտնվելուց հետո կյանքը երկրագնդի վրա հիմնովին շրջվեց: Մարդիկ սկսեցին ոչ թե ապրել, այլ ավելի շատ ցուցադրել, թե ապրում են. նկարել` Ֆեյսբուք գցել իրենց խնջույքը: Համերգ ու թատրոն գնալ` դեռ համերգասրահում ստատուս գրել, ճամփորդելիս ոչ թե տեսարժան վայրերով հիանալ, այլ լուսանկարներ ու տեսանյութեր անել: Կյանքը վերածվեց կյանքի իմիտացիայի, հաջող կամ ոչ այնքան հաջող բեմադրված ներկայացման, որտեղ մարդը անգամ գլխավոր գործող անձը չէ, այլ ընդամենը ռեժիսորը, սցենարիստը: Հեռախոսը, տեսախցիկն ու համացանցը սկսեցին մեզ բոլորիս թելադրել: Ոչ այնքան իրադարձության, կյանքի որակը դարձավ կարեւոր, որքան որակյալ կյանք ցուցադրելու մղումը, տեսանյութերի որակը, կադրերի ռակուրսն ու մատուցման տեխնիկան: Բայց եթե ամեն քայլափոխի սելֆի անող պատանիներին կարելի է հումորով վերաբերվել, ապա երկիրը կառավարողների սելֆիներն առնվազն տարօրինակ են, իսկ Ֆեյսբուքով տարվող քարոզչությունը` ծիծաղելի:

 

Կամաց- կամաց պետական կառույցների կյանքն ու համակարգերի աշխատանքն էլ վերածվեցին մի մեծ ձեւականության` երբ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե աշխատում են, այլ աշխատանքի տպավորություն ստեղծում` էժան ու անիմաստ փիառի միջոցով: Բայց ուր էր, թե փիառ կոչվող գործիքն էլ համարժեք օգտագործեին եւ ծառայեցնեին պետության շահերին: Մենք ամեն օր արձանագրում ենք, թե ինչպես ենք պարտվում քարոզչական դաշտում: Ինչպես է պետական ողջ մեքենան` իր քարոզչամիջոցներով, գիշեր ու զօր զբաղված ներքին դաշտը պառակտելով եւ երկրի ներսում իր ընդդիմախոսների դեմ պայքարելով, իսկ արտաքին աշխարհում մեր մասին ոչ մի դրական տեղեկատվություն չկա, որը կկարողանա հակակշռել ադրբեջանական հզոր ու կազմակերպված քարոզչությանը: