Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալիս. Արթուր Դավթյան

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալիս. Արթուր Դավթյան

«Ես շատ խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստին պաշտպանության կողմի, հատկապես մեղադրյալի հայտարարությունները, հորդորներն ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու։ Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին Հանրապետության նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում։եմ՝ սա վկայում է բավականին լուրջ արդյունքների մասին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատարանում արված հայտարարություններին։

Նա կրկնեց՝ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալիս։

«Ոչ միայն դատական նիստի ընթացքում, դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերվածությունը նիստերի ընթացքում, ասուլիսներ հրավիրելով՝ բարոյական֊հոգեբանական ճնշումներ ներկայացնելով։ Իրենց խոսքը, որ բոլորը պատասխան են տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում։ Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ բարոյական֊հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի։ Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում ունի, արդեն տեսնում ենք։ Միտումը ակնհայտ է, նախորդ նիստը ինչ֊որ հարցուպատասխանի էր վերածվել, յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ որ պահին ասելու, խոսելու իրավունք ունենք»,-նշեց Դավթյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե տասը տարի շարունակ դատախազությունն է անգործություն դրսեւորել այս գործով, պատասխանեց. «Դատախազություն ապացույցները գնահատող գործառույթ ունեցող մարմին է, ապացույց ձեռք բերող մարմին չէ»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է մեղադրող կողմ բողոքների քննությունը՝ առաջին ատյանի որոշման դեմ։ Ըստ որոնց՝ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա գործի քննությունը կասեցվել էր եւ ուղարկվել Սահմանադրական դատարան։