Պաթոլոգ-անատոմին մեղադրում են մահացածների հարազատներին իր սգո սրահից օգտվել ուղղորդելու մեջ

Պաթոլոգ-անատոմին մեղադրում են մահացածների հարազատներին իր սգո սրահից օգտվել ուղղորդելու մեջ

Մեր խմբագրությունը նամակ է ստացել մի քաղաքացուց, որով նա հայտնում է, թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի դատաբժիշկ Մառլեն Ղազարյանը մահացածների հարազատներին ուղղորդում է իր սգո սրահից օգտվել։ «Շուրջ մեկ տարի է ինչ մենք ազատագրվել ենք Սերժ Սարգսյանից և իրենց 50/50 հասկացողությունից։ Սակայն դա չենք զգում մենք՝ մարզերի բնակիչներս։ Արթիկ քաղաքում դեռևս պահպանվում են սերժսարգսյանական բարքերը։ Քաղաքի դատաբժիշկ Մառլեն Ղազարյանն այսպես ասած մենաշնորհել է մի բիզնես, որով մեծ շահույթ է ստանում։ Մահացածների ընտանիքին ուղղորդում է իր ընկերությունից օգտվելու, որը զբաղվում է սգո ծառայություններով։ Արդեն այն տպավորությունն է, որ Արթիկը դուրս է Հայաստանի քարտեզից»,- գրված է նամակի մեջ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մառլեն Ղազարյանը, որը ներկայացավ ոչ թե դատաբժիշկ, այլ Գյումրու կենտրոնի պաթոլոգ-անատոմ, ասաց, որ չի հերքում, որ ինքը սգո սրահ ունի Արթիկում, սակայն իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ինքը մահացածների հարազատներին ուղղորդում է իր սգո սրահից օգտվելու․ «Սա որերո՞րդ դարն է, որ մարդուն կարողանան ուղղորդել։ Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք զրպարտություններ են։ Հիմա 21-րդ  դարն է, ոչ մեկ ոչ մեկի չի կարող ուղղորդել, նամանավանդ՝ Արթիկում, որտեղ բոլորը իրար ծանոթ, խնամի, բարեկամ են։ Սգո սրահ ունեմ, բայց նորմալ չի աշխատում, որովհետեւ Արթիկում բնակչությունը փոքր է, ծառայությունները շատ են։ Կոնկուրեցիան մեծ է, բայց ստեղ կան մարդիկ, որոնք 25 տարի այդ ծառայությունն ունեն, եւ բնակչությունը իրենց ճանաչում է, հնարավոր է՝ տեղյակ չեն, որ ինձանից շատ են անում, դրա համար ինձ են ուղղել նամակը»։