Համախմբվել, սակայն ու՞մ շուրջը

Համախմբվել, սակայն ու՞մ շուրջը

Արդեն որերորդ անգամ իրենց չեզոք համարող մի շարք վերլուծաբաններ խոսում են իշխանության շուրջը համախմբվելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կարող է հասարակության գիտակից մասը համախմբվել իշխանության, իմա՝ Նիկոլի շուրջը: Այն անձի, որը գիտակցորեն պատերազմ հրահրեց եւ մեզ տարավ պարտության՝ ինչ է թե Արցախը համարում էր գլխացավանք: Այն անձի, որի համար խաղաղ ժամանակ արյան գետեր հոսեցնելը խնդիր չէ, եթե դա անհրաժեշտ է որեւէ հարց իր օգտին լուծելու համար:

Հիշենք ոստիկանապետին նրա տված հրահանգը՝ իջեւանցիների ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում (թեկուզեւ անօրինական), երբ խաղաղ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու Նիկոլի դեմ: Միայն այդքանը բավարար է, որպեսզի նրա շուրջը համախմբվելու փոխարեն հասարակության գիտակից հատվածը պահանջի նրա հրաժարականը: Հատկապես որ ժողովրդավարության պայմաններում պատերազմում պարտություն կրած իշխանությունն առանց արտաքին ճնշման՝ ինքնուրույն է հրաժարական տալիս՝ ներողություն խնդրելով սեփական երկրի քաղաքացիներից: Իսկ Հայաստանը, եթե չենք մոռացել, Նիկոլը ժամանակին հռչակել է որպես «ժողովրդի իշխանություն»: 

Սակայն եթե նույնիսկ չլինեին պատերազմն ու մեր պարտությունը, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլի խոսքի եւ գործի համադրումը բավարար է այդ անձի շուրջը չհամախմբվելու համար: Ընդդիմադիր պատգամավորը ժամանակին քննադատում էր նախկինների բարքերը, այսօր դրանք մանկական չարաճճիություններ են թվում գործող իշխանության հետ համեմատելիս: Ներկայացնենք մի քանի տիպական օրինակ:

Արտահերթ խորհրդարանական ընտրության շրջանակում ընդդիմությանն աջակցող համայնքապետերը վերածվեցին Նիկոլի անձնական թշնամիների, եւ նրանց նկատմամբ թխվեցին քրեական գործեր: Իսկ նախկինում ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր եւ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն առիթը բաց չէր թողնում որեւէ համայնքապետի նկատմամբ քաղաքական հիմքերով հետապնդումները դատապարտելու համար: 

Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը սեփական կուսակցությունը՝ «Քաղպայմանագիրը», ստեղծելով՝ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմություն կայացնելու անհրաժեշտության մասին: Չնայած այդպես էլ հստակ չձեւակերպվեց, թե ինչի մասին է խոսքը, իշխանություն վերցնելով՝ մոռացավ ինստիտուցիոնալիզմի մասին (Նիկոլն ալերգիա ունի, չէ՞, «իզմ»-երից): Դրա վկայությունն ԱԺ նախագահի պաշտոնը նիկոլական ՔՊԿ-ի մի անդամից (Արարատ Միրզոյանից) մյուսին (Ալեն Սիմոնյանին) փոխանցելու ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարի եւ այլ ղեկավար աշխատակիցների փոխարինումն է. ԱԺ նախկին նախագահի մանկության ընկերը փոխարինվում է նոր նախագահի մանկության ընկերով՝ ըստ մամուլի աղբյուրների:

Հակակոռուպցիոն պայքարի գաղափարով իշխանության գալով՝ Նիկոլն ու իր շրջապատը զարկ տվեցին մեկ անձից գնումների համակարգը «ծաղկեցնելուն»: Իսկ նոր իշխանության պայմաններում այդ համակարգը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլեւ հենց ինքնին կոռուպցիոն սխեմա է: Եվ դրա վկայությունը մամուլի հրապարակումներն են այն դեպքերի մասին, երբ պետական կառույցներն ապրանքներ եւ ծառայություններ են ձեռք բերում իր ղեկավարի հետ որեւէ ձեւով (հարազատային կամ ընկերական) առնչություն ունեցող մասնավոր կազմակերպությունից: Եվ եթե դա 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո բնականոն էր ընկալվում, ապա դրանից ավելի քան 3 տարի անց այդպիսին չպիտի լիներ: Չնայած հենց սկզբում իշխանությունը փորձեց կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծել, եւ դրա զոհը դարձավ վարչապետի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը: Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վերջերս խոստովանել էր, որ այդ գործից շատ ավելի նշանակալի դեպքերին Նիկոլը նայել է մատների արանքով՝ արդեն ամրապնդել էր անձնական իշխանությունը, եւ չկար խաղեր տալու կարիք: 

Հայաստանյան հասարակության գիտակից մասը տարիներ շարունակ պայքարել է նախկինների դեմ` ժողովրդավարական արժեքներ հաստատելու նպատակով: Այնինչ ժողովրդի միջոցով իշխանության գալով՝ Նիկոլը ժողովրդավարության անվան ներքո երկրում ստեղծել է բռնապետական կարգեր՝ հենված ոստիկանության «բեսպրեդելի» վրա: Նախկինում դատական համակարգի անկախության ջատագով Փաշինյանի համար դատավորները «վնգստացող» են, եթե չեն ենթարկվում իր կամայականություններին: Իսկ դատախազությունը, օրինականությանն ու պետական շահերի պաշտպանությանը հետեւելու փոխարեն, դարձել է Նիկոլի քմահաճությունները կյանքի կոչող դակիչ:

Վերը նշված եւ բազմաթիվ այլ բացասական երեւույթների առկայության պայմաններում իշխանության շուրջը համախմբվելու կոչը նման է երկիրը վերջնականապես դեպի կործանում տանելուն աջակցելուն: Նման բան խորհուրդ տալու համար, եթե խորհուրդ տվողը ներկայանում է որպես չեզոք կողմ, պետք է լինել կա՛մ անմեղսունակ, կա՛մ իսկապես թրքացած հայ: Այլ բացատրություն լինել ուղղակի չի կարող: 

Ինչպես ասվում է՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հուլիսի 28-ի վաղ առավոտյան թշնամին փորձել է ճեղքում իրականացնել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա համայնքների ուղղությամբ, դիրքեր է գրավել, հետո ետ շպրտվել: Ունենք 3 զոհ եւ 4 վիրավոր։ Եթե ունենայինք նորմալ իշխանություն, ապա ադրբեջանական հերթական սադրանքը պետք է ստիպեր մեզ համախմբվել իշխանության շուրջը: Սակայն ո՞ր իշխանության. այն իշխանությա՞ն, որ քրեական գործեր է կարում եւ կալանավորում սահմաններ պահող սյունեցի համայնքապետներին: Այն իշխանությա՞ն, որ չավարտված պատերազմի պայմաններում համատարած քաղաքական հետապնդումներ է իրականացնում իրական հայրենասերների նկատմամբ: Արտաքին թշնամու կողմից վտանգի ուժգնացման դեպքում ողջ հասարակությունը, այո, պետք է միավորվի իշխանության շուրջը:

Սակայն այդ իշխանությունն էլ, իր հերթին, պետք է դադարեցնի քաղաքական հեապնդումները, կալանավայրերից ազատի բոլոր նրանց, ովքեր այնտեղ են հայտնվել ապօրինի թխված գործերով, հանդես գա մեղայականով, ձեւավորի ազգային համաձայնության կառավարություն՝ ուժային կառույցների ղեկավար պաշտոնները վստահելով երեկվա իր ընդդիմադիրներին եւ այլն, եւ այլն: Միայն դրանից հետո կարող ենք վստահ լինել, որ իշխանությունը կրկին հասարակության թիկունքում թշնամու հետ չի կնքի մեկ այլ դավաճանական համաձայնագիր՝ վերջնական կործանման հասցնելով մեր պետությունը: