Լևոն Մնացականյանի պատասխանը՝ Տիգրան Պետրոսյանին

Լևոն Մնացականյանի պատասխանը՝ Տիգրան Պետրոսյանին

Օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը  հրապարակային պնդումներով էր հանդես եկել, ըստ որոնց,  քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետևել ընտրությունների ընթացքին:

«Արցախպրեսի» հետ զրույցում անդրադառնալով այս պնդումներին Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը նշել է, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, եւ բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը։

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է եւ իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաեւ վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության եւ ողջամտության սահմաններից»,-ասել է  Մնացականյանը։