Բերդում որոշել են մինչեւ վերջ պայքարել եւ իշխանությունը չզիջել ՔՊ-ին

Բերդում որոշել են մինչեւ վերջ պայքարել եւ իշխանությունը չզիջել ՔՊ-ին

Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուչարյանը, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Թերեւս այս քայլով ընդդիմադիր ուժը փորձելու է Բերդում չզիջել իշխանությունը ՔՊ-ին։

Բանն այն է, որ ընտրությունների արդյունքներով ավագանու մանդատները հետեւյալ համամասնությամբ են բաժանվել։ «Զորավոր համայնքը» ստացել է 11, ՔՊ-ն՝8, վերջինիս դաշնակից «Արժանապատիվ սերունդը»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Օրերս կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։ 

Ըստ ամենայնի՝ 10-րդ համարը եւս իշխանությունների թիրախում է։ Հիմա, երբ նրանք ինքնաբացարկ են ներկայացրել, իրենց փոխարեն մանդատները կստանան ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուները եւ մանդատային առավելությունը հօգուտ «Զորավոր համայնքի» կրկին կվերականգնվի եւ հնարավորություն կստանան թեկնածու համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել եւ ընտրել այդ պաշտոնում, եթե, իհարկե, մինչեւ ավագանու առաջին նիստը՝ նոյեմբերի 10-ը իշխանությունները նոր հետապնդումներ չիրականացնեն Բերդում եւ ընդդիմադիր ավագանիներից մի քանիսին կրկին չկալանավորեն։  

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Քանի որ «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ապա ըստ ԸՕ սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Այս դեպքում արդեն համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: