Бьёт, значит любит

Бьёт, значит любит

Անցած շաբաթասկզբին ռուսական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ կուտակվել են Դաղստանի ԻՀ Մահեռամքենդի շրջանում, քանի որ սահմանային անցակետը փակ է, եւ նրանք հայրենիք մուտք գործելու իրավունք չունեն: Խնդրին լուծում տալու համար Դաղստանի իշխանությունները ստիպված էին վրանային ճամբար ստեղծել եւ հոգալ Ադրբեջանի քաղաքացիների մարդկային կարիքները:

Երեւում է, իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Ռուսաստանի նախագահի՝ դաշնության սուբյեկտների ղեկավարների հետ տեսախորհրդակցության ժամանակ Դաղստանի ԻՀ ղեկավարը շոշափել է թեման եւ առաջարկել, որպեսզի խնդիրը քննարկվի Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ խորհդակցությանը հաջորդել է ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազանգը Բաքու: Կրեմլի մամուլի ծառայությունը բավական կոնկրետ է ներկայացրել Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը՝ մատնանշելով, որ քննարկվել է Դաղստանում արգելափակված՝ Ադրբեջանի քաղաքացիների հայրենիք վերադառնալու հարցը:

Ի տարբերություն ռուսական կողմի հստակության, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որից տպավորություն է ստեղծվում, թե կողմերն ամեն ինչի անդրադարձել են, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարում երկու երկրների ջանքերի հնարավոր կոորդիանցումը, բացի Դաղստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից: Ընդսմին, ադրբեջանական կողմը Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը ներկայացնում է որպես երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության վկայություն:

Մինչդեռ Կրեմլի հաղորդագրությունից պարզ հետեւում է, որ Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիեւի առջեւ խնդիր է դրել բացել սահմանային անցակետը եւ ընդունել իր երկրի քաղաքացիներին, որոնց կարիքները հոգալն ամենեւին էլ ռուսական կողմի պարտքը չէ: Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ալիեւը՝ այդ մասին որեւէ տեղեկություն առայժմ չկա: Փոխարենն ադրբեջանական մամուլը շարունակաբար տարփողում է Պուտին-Ալիեւ վստահելի հարաբերությունները: Մոտավորապես՝ ինչպես ռուս կինն է ամուսնու մասին ասում. бьет, значит любит: