Վարդան Սմբատյան. Լիլի

Վարդան Սմբատյան. Լիլի

I
Սիրիր ինձ, Լիլի,
քանի դեռ թրթռում է սիրտս՝
վանդակում ցավի:
Լվա դեմքս քո արցունքներով,
փակիր բերանս համբույրով Հուդայի,
մահիճս քո իգության ջրերի մեջ օրորիր:
Մահն իջնում է
թեւաթափ թռչնի պես՝ երեսիս,
ներբողի՛ր աղոթքս առ Աստված,
սիրի՛ր ինձ, սիրի՛ր ինձ, Լիլի:
 
II
Ծովը 
լցվեց բերանս
ու ցամաքեց աչքերումս, Լիլի՛,
խոսեց վերջին ձուկը՝
մխրճելով փշերը կրծքիս մեջ,
կաղկանձում են չաստվածները՝
լուսնի ափսեում,
թաղում մեր երազները՝
վիհերում:
 
III
Դու սիրուն կմեռնես,
Լիլի,
ծաղկափոշին կլցվի քունքիդ մեջ,
կբողբոջեն ցողունները մաշկիդ տակ:
Դու անցավ կմեռնես, 
Լիլի.
ես կրել եմ ցավերդ իգական,
իսկ մեղքերդ՝ ճերմակ ասրից,
կքավեմ մնացած կյանքերում:
Երկնքում չփնտրես ոչ մեկին.
գահն Աստծո նետեցին այսօր ցած,
լույսի հետ կհանգչեմ կոպերիդ՝
հանց ճերմակ-ճերմակ 
միգամած։
 
IV
Ես կգրեի ամենասիրուն
բանաստեղծությունը
հորիզոնին թափվող ճայերի,
կարմիր-կարմիր մայրամուտի, 
իմ ու քո,
իմ ու քո
ալեգորիկ սիրո մասին,
բայց բառերս ատոմներ են, Լիլի՝
հրե ատոմներ,
ծամում եմ մինչեւ վերջ՝
անաղմուկ ու անտրտունջ։
Ինչ-որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի․
Աստծո աչքերում
մենք կհանդիպենք,
մենք կհանդիպենք… 
 
V
Ասեիր, որ ամենագարշելի 
ու տգեղ տիպն եմ,
հանդիպածդ ամենաանտաղանդը,
ասեիր՝
շրխկացնելով դուռը դեմքիս,
ոնց մեր սիրելի ֆիլմերում է արվում՝
սիրուն ու դրամատիկ:
Ասեիր, որ վախենում ես 
իմ խելագար տարերքներից 
ու պարանոյիկ սիրուց,
ասեիր, որ համբուրվել չգիտեմ,
թուլամորթ եմ,
ոչնչություն,
քայլող դիակ։
Ասեիր՝ 
արձակելով զայրույթից քրտնած 
մազափունջդ՝
խավար թանձրուկի մեջ
մրմուռիս:
Ասեիր, որ սիրելու բան չեմ,
որ գտել ես հարմար մեկին՝
ոսկեգլուխ ուժեղ տղամարդու։
Ասեիր, ա՜խ, Լիլի՛, ասեիր,
որ վերջին անգամ ենք
կռվում, հարբում, սեր անում՝
աշնան մեռնող արեւի տակ։
Համր էր գաղթդ,
համր, ինչպես
ննջող ցունամին՝
թոշնած հիրիկների մեջ:
Դու փախար,
փախար՝
Ինքդ քեզանից։
Պատերս փլվեցին 
չասված բառերի խտացած ծանրությունից:
Քեզ գտան ոռնացող բքի մեջ,
մոխրացած մետաղի մեջ
պատրույգ,
արդ ննջիր
սեւ, բերրի դրախտում:
 
VI
Ավարտվում են տոները,
պատերազմները բոլոր,
քաղաքական դեբատները ձանձրալի,
էպիկ ու չհիշվող, 
երբեմն իրականացող
երազները,
ֆիլմերը՝ happy end-ով,
ամենը` ինչ ունի
սկզբնակետ ու ցուցիչ։
Բայց ինչո՞ւ չի ավարտվում 
բանաստեղծությունս քո մասին, Լիլի՛,
ես կիսատ եմ գրում, լսում, զգում,
ապրում ու տեսնում 
խավարում լողացող
այս փոշի երկրա-գունդը։
Բոլոր հատվող բեւեռները 
Բերմունդյան փակուղում են հիմա։
Ծնվի՛ր եւս մեկ անգամ․
հանուն Գանդիի խաղաղության,
հանուն փրկության (կորսվող աշխարհի),
հանուն միակ արդար կրոնի՝
Բանաստեղծության,
ծնվի՛ր ու հայտնվի՛ր այս գիշեր,
խնդրում եմ:
 
VII
Ի՜նչ ցածր է երկինքը, 
ի՜նչ ցածր է, 
իջի՛ր, Լիլի՛, 
իջի՛ր.
Խորն է ցավիս ընդերքը`
անելք,
անելք
մի կիրճ:
Ես քո սիրո
խուլ արձագանքն եմ,
հնչի՛ր, իմ մեջ
հնչի՛ր…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ