Մեր կայքերը հիշեցնում են գյուղական խանութները, որտեղ կա 47 համարի կոշիկ, տանկի դիֆեր եւ անարատ յուղ

Մեր կայքերը հիշեցնում են գյուղական խանութները, որտեղ կա 47 համարի կոշիկ,  տանկի դիֆեր եւ անարատ յուղ

Արթուր Ազարյանը նորանկախ Հայաստանի ինքնատիպ լրագրող- հրապարակախոսներից է, որին «բախտ է վիճակվել» աշխատել նաեւ դրանից առաջ՝ սովետական գլավլիտի պայմաններում։ Նա հարցազրույցի ժամանակ կարողանում է սահուն անցում կատարել խորհրդային ժամանակներից մինչեւ մեր օրեր, համեմատել մամուլում տեղի ունեցած մակընթացություն-տեղատվությունների շրջանը, հույս փայփայել, որ մի օր կարող ենք ունենալ մեր երազած անկախ մամուլը։ Թե ինչպես՝ նա այդ ամենը բացահայտում է մեր թերթին տված հարցազրույցում։

-Երբ հետադարձ նայում եք նորանկախ Հայաստանի մամուլի անցած ճանապարհին, ըստ Ձեզ, ի՞նչ տրանսֆորմացիաների է ենթարկվել մամուլը։ Արդյո՞ք մենք կարողացանք պահպանել մեր նվաճած ազատությունը, որի մասին երազում էինք։

-Նախ ասեմ, որ ես հետաքրքիր սերնդի ներկայացուցիչ եմ, անձնապես եմ ճանաչել տոտալիտար համակարգի «հմայքը»՝ գլավլիտ, գրաքննություն։ Նաեւ՝ նոր ժամանակների սերմնացաններից ենք եղել, հրատարակել ենք «Մունետիկ» շաբաթաթերթը, որը ժամանակին մեծ ժողովրդականություն էր վայելում եւ դիտարկվում էր իբրեւ սկանդալային։ Մի խումբ տղերք, ձերբազատված տոտալիտար համակարգի կապանքներից, երազում էին ազատ խոսք, ազատ մտածողություն բերել։ Եվ առաջին համարի հրապարակումից հետո թերթը փակելու խնդիր դրվեց, քանի որ հնի շոշափուկները շատ երկար էին։ Թերթի խորհրդի կազմում ընդգրկված գիտնականներն, իրենց ահից, հրաժարվեցին սատարել, օժանդակել մեզ։ Մենք առաջին համարում տպագրեցինք հայ դոկտորների ատենախոսությունների ցանկը, դա 1989 թվականին էր։ Եվ այդ աբսուրդը, թե տոտալիտար համակարգում մենք ինչ գիտնականներ ենք տվել, ակնառու էր։ Երկրորդ համարից հետո լուսահոգի Այդին Մորիկյանը մի հրաշալի հրապարակում էր տպագրել այժմ արդիական մի թեմայով՝ «Շանը տիրոջը ծանոթացնելու ժամանակը»։ Կրկին դրվեց մեր թերթը փակելու խնդիրը, մինչեւ վեցերորդ համար, երբ մեր թերթը հայտնվեց ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի սեղանին։ Իսկ դա արդեն ուրիշ խոսակցության նյութ է։ Մեր սերունդը մյուսներից առավել երազում էր ազատ խոսքի մասին, ազատ արտահայտվելու քաղցն էլ ստեղծել  էր լրագրության նոր որակ։ Եվ իսկապես այդ ժամանակվա թերթերը՝ «Հայք», «Մունետիկ», «Անդրադարձ», բավականին հետաքրքիր էին իրենց մոտեցումներով։ Հետո էստաֆետը փոխանցվեց հեռուստաեթերին, հայտնվեցին առաջին հեռուստաալիքները, որոնք խորհրդային կաղապարված մտածողությունից դուրս բաներ էին ասում։ Դաշտում սկսեցին հայտնվել նաեւ ինքնակոչներ, որոնք բացարձակ կապ չունենալով լրագրության հետ, սկսեցին թերթեր խմբագրել։ Մինչդեռ լրագրության ոլորտում շատ կարեւոր է դպրոց անցածի եւ սկսնակի տարբերությունը։ Դպրոց անցածը աստիճանակարգությամբ է հասնում խմբագրի պաշտոնին, նրա նյութերը կարող էին իբրեւ խոտան, նետվել աղբարկղ։ Տեսեք, այսօր եթե մամուլում զրպարտություն են տարածում, պետք է դատվեն, եթե հերյուրանք են տարածում, պետք է տուգանվեն։ Ժամանակին այդ ամեն ինչը չկար, բայց կար վերահսկող մի աչք, որը լրագրողի տգիտության եւ պատասխանատուի համար վերահսկողություն էր սահմանում։ Հետագայում գլավլիտի դերը ստանձնեցին ֆինանսները։ 

-Անկախության առաջին տարիներին ավելի շատ էին կուսակցական թերթերը, այսօր շատ քիչ են կուսակցական ԶԼՄ-ները, եղածներն էլ չունեն նախկին ազդեցությունը։

-Ըստ էության կա, բայց չի երեւում, որովհետեւ ճիշտը ուրիշ զանգակատնից քո ճշմարտությունները բարբառելն է։ Իզուր չէ, որ այսօր լյուստրացիայի պահանջ է դրվում՝ ովքե՞ր են ֆինանսավորում ԶԼՄ-ները։ Չէ՞ որ, կան մարդիկ, որոնք հրաշալի գիտեն մամուլի «ղադրը»։ Այսինքն՝ նրանք հասկացել են գեբելսյան այն ճշմարտությունը, որ ով տեր է կանգնում մասմեդիային, տեր է կանգնում ամեն ինչին։ 

-Իսկ ինչո՞ւ «ֆաստ ֆուդ» լրագրությունը դարձավ պահանջված, լրագրության լուրջ ժանրեր՝ հրապարակախոսությունը, ակնարկը, հոդվածը, նահանջ են ապրել՝ օպերատիվության, ինֆորմացիոն ժանրի հաշվին։

-Անկեղծ հարց՝ ինչպիսի՞ լրատվություն են ապահովում կայքերը․ խիստ մակերեսային, խիստ անէական։ Չկան խորքային լուրեր, որոնք կաշխատեցնեին վերլուծաբաններին։ Սերիալային տրամաբանություն կա այդ ամենում։ Այսինքն՝ մամուլի մագնատները կարողանում են կեղծ օրակարգերի միջոցով հանրության ուշադրությունը շեղել բուն նյութից։ 

-Ինչո՞ւ անկախության սերնդի պրոֆեսիոնալ շատ լրագրողներ հեռացան դաշտից։

-Չեն հեռացել, այսօր նրանց պահանջարկը չկա։ Եթե նորմալ լրագրողին պետք է ապահովեին նորմալ աշխատավարձով, ապա դրա կես գնով կարող են պահել Ձեր նշած օպերատիվ կամ «քոփի փեսթ» անող լրագրողների։ Իսկ աշխարհում հայտնի ԶԼՄ-ներն ունենում են սեփական լրատվություն։ «Ասոշիեյթեդ Պրեսը» երբեք «քոփի փեսթ» չի անի «Ռոյթերս»-ից, «Բի-Բի-Սի»-ն երբեք թույլ չի տա իրեն «Ֆրանս Պրես»-ի լրատվությունն ինչ-ինչ փոփոխություններով իրեն վերագրել։ Իմ ասած լրագրությունն ենթադրում է լուրջ պրոֆեսեիոնալ կառուցվածք, բաժիններ։ Այսօր որեւէ խմբագրություն չունի հստակ արտահայտված բաժիններ։ Ունիվերսալ լրագրությունն է մոդայիկ, որն անշառ է՝ ասուլիսներ, 1800-րդ անգամ ներկայացվող դեմքեր, որոնք բովանդակային առումով որեւէ նորություն չեն բերում։ 

-Զարգացած երկրներում կա լուրջ մամուլ, կան նաեւ թաբլոիդներ։ Մեզ մոտ ամեն ինչ խառնված է, նույն մամուլը միաժամանակ լուրջ նյութերի կողքին տեղ է տալիս սենսացիային, էժանագին լուրերին։

-Մեր կայքերը հիշեցնում են գյուղական խանութները, որտեղ 56 համարի կոստյում կա, 47 համարի կոշիկ, ճանճասպան, տանկի դիֆեր եւ անարատ յուղ։ Չկա այն լուրջ մամուլը, որը լուրջ արձագանք գտնի։ Թող ներեն իմ գործընկերները, սակայն ժամանակին կային հրապարակումներ, որոնք հանրային սեփականություն էին դառնում եւ դիսկուրս էին ապահովում թեկուզ մասնագետների շրջանում։ 
Տեսեք, հիմա, երբ պետք է խոսել քաղաքականությունից, խոսում են խաշի զինգերից, երբ պետք է վայելես խաշը, սկսում են քննարկել քաղաքական հարցեր։ Այսօր ամենակարող լրագրողը ձայնագրիչն է, սեղմում են կոճակը եւ կարծում, թե ամեն ինչ ասված է։ Իրականում լավ հարցազրույցի հոմանիշը լավ հարցն է։ Իսկ կշիռ կարող է ունենալ այն լրագրողը, որը կարողանում է իր ոլորտում հարցեր լուծել։ 

-Անցած տարիներին մամուլում եղել են կոռուպցիային, չարաշահումներին, պաշտոնյաների առանձնատներին եւ ունեցվածքին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ, որոնք մեծ մասամբ անարձագանք են մնացել։ 

-Այսինքն՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ Արեւմտյան մամուլն, օրինակ, խիստ հետեւողական է։ Եթե արեւմտյան մամուլում մի բան տպագրվում է, ապա ընթերցողին պետք է տրվի դրա պատասխանը՝ կապ չունի մեկ տարի՞ է անցել, թե՞ ավելի երկար ժամանակ։ Դրա համար էլ ընթերցողը հավատում է մամուլի լրջությանը։ Եթե թերթը զրպարտություն է հրապարակում, ապա պետք է տույժ-տուգանքի ենթարկվի, եթե ոչ՝ ապա դատախազությունն անելիք ունի։ Իսկ հակառակ դեպքում՝ խաղում ենք սթրիլբերգ, այսինքն՝ այնքանով, որքանով ես մամուլ եմ, ճշմարտություն եմ բացահայտում, արդարություն եմ հաստատում։ Բայց այդ ամենը չի ունենում շարունակություն։ Օրինակ՝ ես լրագրողներից մեկին խորհուրդ եմ տալիս մի հրապարակում պատրաստել անպատասխան մնացած նյութերի մասին, որոնք հանցակազմի մասին հայտարարություն են տալիս։ Դա էլ քեզ՝  վեթթինգ։ Իսկ մեր մամուլը կորպորատիվ հետաքրքրություններ ունեցող մամուլ է, եւ դժվար է խոսելը նրա անկախության մասին։

-Մեր տիպի երկրներում հնարավո՞ր է կայացնել Ձեր պատկերացրած անկախ մամուլը։

-Փորձ արվե՞լ է։ Եթե, օրինակ, 18-20 լրագրող միավորվեին, գումար ներդնեին եւ թերթ տպեին, դա կլիներ ամենասպառված թերթը։ 

-Մեզ մոտ շարունակ «գուժում» են թերթերի մահը։ Գործընկերներիցս մեկը, սակայն, վերջերս պատմեց, թե գերմանական մի փոքրիկ քաղաքում ինչպես է հանդիպել հետաքրքրությամբ թերթը ձեռքին պահած ընթերցողների։

-Թերթը դասական է եւ մնայուն։ Եթե, օրինակ,  էլեկտրականությունն անջատվի, ապա այդ դեպքում թերթը դառնում է անփոխարինելի։ Չարաչար սխալմունք է թերթի մահը «գուժելը»։ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն առաջարկում էր ութժամյա աշխատանքային օրը փոխարինել չորսժամյայով, բայց վճարել ութժամյայի համար։ Հիմա հարց կառաջանա, թե չորս ժամի համար ինչո՞ւ պետք է վճարեն։ Շիմոն Պերեսը առաջարկել է, որ մնացած ժամերը մարդիկ  հատկացնեն իրենց մասնագիտության մեջ խորանալուն։ Իսկ այդպես ստացվում է, որ կունենան պրոֆեսիոնալ մասնագետներ։ 

Մեզ մոտ, օրինակ, ներկայանում են, որ քաղաքագետ են, վերլուծաբան են, բայց որեւէ նոր մոտեցում, նոր հայեցակետ չեմ տեսնում իրենց հրապարակային խոսքում։ Իսկ հերթապահ ասուլիսներն ինձ հարիսա ճաշատեսակն են հիշեցնում։