Լեզուն եւ մենք

Լեզուն եւ մենք

ՀԱՅԵՐԵՆԻ ՀՈԼՈՎՆԵՐԸ, ՄԱՐՔՍԻԶՄԸ ԵՎ
«ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ» ՏԵՍԱԲԱՆՆԵՐԸ

Որ մեր հոլովների հարցը (հի՞նգ, թե՞ յոթ) արդեն հարյուր տարուց ավել վեճաբանության առարկա է, գիտեն շատերը: Թե երբ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության, դժվար է ասել, բայց այսօր այդ մասին չէ, որ կխոսենք:

 Հավանաբար քչերը գիտեն, և հիմա շատերը կզարմանան, որ այս լեզվաբանական, զուտ հայերենին առնչվող հարցը ժամանակին համարվել է քաղաքական, դիտարկվել մարքսիզմի տեսանկյունից: Բանը հասել է նրան, որ բանավիճող կողմերից մեկի լեզվաբանները (հինգ հոլովի կողմնակիցները) մեղադրվել են որպես հակամարքսիստներ: Իսկ այդ տարիներին, թե ինչ կարող էր անել ընդամենը այդ –հակա նախածանցը, ասելու կարիք չկա…
Իսկ բանը պատահել է այսպես:

Դեռևս նախորդ դարի սկզբներին Մ. Աբեղյանն առաջ է քաշում այն տեսակետը, որ տվյալ ժամանակաշրջանում արդեն գրական լեզու դարձած աշխարհաբար հայերենն իրականում ունի ոչ թե յոթ հոլով, ինչպես գրաբարը, այլ հինգ: Թեև կային առարկություններ (դա չէր ընդունում Ս. Մալխասյանցը), բայց նրա կարծիքն ընդունվում է, և մինչև 30-ական թվականներն ուսուցումը կատարվում է հինգ հոլովով: Սակայն գալիս են նոր ժամանակներ, նոր բարքեր, և…  Պարզվում է, որ հինգ հոլովի տեսությունը հակասում է մարքսիզմին: 

-Ինչո՞ւ,- տարակուսած կհարցնի ոչ մասնագետ ընթերցողը: 
Պատասխանելու համար այդ տրամաբանական հարցին՝ մի փոքր խորանանք լեզվաբանության մեջ:
Բառերը քերականորեն ունենում են հինգ ձև: Յոթ հոլովի դեպքում նույն ձևն ունեն ուղղական ու հայցական, սեռական ու տրական հոլովները: Իսկ եթե ունեն նույն ձևը, նշանակում է՝ դրանցից մեկը կարող է չլինել: Ուրեմն՝ հանում ենք հայցական ու տրական հոլովները, և ունենում հինգ հոլով: Ամեն ինչ պարզ է. բառի հինգ ձև, հինգ հոլով:
Սակայն ամեն ինչ շրջվում է, երբ, որպես հոլովի որոշման սկզբունք, ընդունում ենք ոչ թե բառի քերականական ձևը, այլ այդ ձևի քերականական իմաստը: Այս պարագայում արդեն նույն ձևը (օրինակ՝ քարը) կարող է լինել գործողություն կատարող (ուղղական հոլով) և գործողությունն իր վրա կրող (հայցական հոլով): Այս դեպքում ուղղականի ու հայցականի, սեռականի ու տրականի քերականական իմաստները լինում են տարբեր:  

-Թող լինեն: Է՛, հետո՞ ինչ,- դարձյալ կհարցնի ընթերցողը,- ի՞նչ կապ ունի այստեղ մարքսիզմը: 
Բանն էլ հենց այն է, որ ժամանակին մարքսիզմը հնարավոր է եղել կապել ամեն ինչի, անգամ հայ լեզվաբանության ու հայերենի հոլովների հետ:

Քիչ առաջ խոսում էինք ձևի մասին՝ հինգ ձև, հինգ հոլով: Բայց, ախր, ըստ մարքսիզմի, առաջնային է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, իմաստը: Ընդունել հինգ հոլովի գաղափարը, նշանակում է նախապատվություն տալ ձևին, առաջնային համարել ձևը: Նշանակում է լինել հակա… հակա… Մի խոսքով՝ այն հականերից:
Իսկ ժամանակաշրջանը… Օ՜: Սովետական Միություն, երեսնական թվականներ, Ստալին…

Եվ հինգ հոլովի կողմնակիցներն անմիջապես լռեցվում են, համարվում բուրժուական տեսաբաններ: Մարքսիզմին դեմ լինելու համար Աբեղյանին համալսարանից «վտարում» են: Իսկ ժամանակներն այնպիսին էին, որ հիմա նույնիսկ կարելի է Երկնավորին փառք տալ, որ… լավ է պրծնում:  
Այո՛, եղել են նաև այսպիսի՛ ժամանակներ:
 

Գուրգեն Միքայելյան 
Լեզվի կոմիտեի աշխատակից