ՀՀ իշխանությունը՝ Ֆեյսբուքի հետ համագործակցությամբ, լռեցնում է ազատ խոսքը

ՀՀ իշխանությունը՝ Ֆեյսբուքի հետ համագործակցությամբ, լռեցնում է ազատ խոսքը

Ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցները վերջին շրջանում կրկին հայտնվել են ֆեյսբուքի ադմինիստրացիայի թիրախում, որը գրեթե մենաշնորհային հնարավորություն է ստացել ազատ լրատվությունը, ազատ խոսքը սահմանափակելու: Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ ՖԲ ղեկավարությունը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին տեռորիստ է համարում եւ նրա անվան ցանկացած հիշատակում արգելում է իր տարածքում՝ արգելափակելով ու ջնջելով այն օգտատերերին, ովքեր ցանկացած կոնտեքստում կհիշատակեն այդ անունը։

Ընդդիմադիր կայքերը վերջին տարիներին թիրախավորվում են հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելու համար։ Այս իշխանության ներկայացուցիչները շատ լավ տիրապետում են ֆեյսբուքի նրբություններին եւ ամեն ինչ անում են, որ իրենց քննադատող կայքերը խնդիրներ ունենան՝ զեկույցներ են գրում, տարբեր հորինված խախտումներ մատնանշում եւ ՖԲ ադմինիստրացիան սանկցիաներ է կիրառում այդ էջերի նկատմամբ։

Երեկ` նոյեմբերի 22-ին մի շարք լրատվամիջոցներ ֆեյսբուքից կրկին նախազգուշացումներ են ստացել։ Բանն այն է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի շիրիմին, հարգանքի տուրք է մատուցել, ծաղիկներ դրել և այս տեղեկությունը որոշ լրատվամիջոցներ հրապարակել են: Սա ֆեյսբուքի ղեկավարությանն առիթ է տվել, լրատվամիջոցներին նախազգուշացնի իր կանոնները խախտելու մասին, իսկ նման նախազգուշացումներին հաջորդում է էջերը արգելափակելը կամ անգամ ջնջելը։

Այս խնդիրը նոր չէ եւ մեզ հետաքրքրեց, թե ՀՀ կառավարությունն ինչ է անում այս ուղղությամբ, որ իր ազգային հերոսի անունը եւ հայկական լրատվամիջոցների շահերը պաշտպանի։ Ինչով է զբաղված կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը, եթե չի զբաղվում նման հարցերով։ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Հրապարակի« հետ զրույցում նշեց, որ իրենք ամեն հնարավոր բան անում են ֆեյսբուքի ղեկավարության հետ այս հարցերը քննարկելու համար. «Տեսակապի միջոցով քննարկում ենք ունեցել ֆեյսբուքի ղեկավարության հետ, սակայն դրական որևէ տեղաշարժ դեռևս չկա», - նշեց նա, շեշտելով՝ իբրև թե Կառավարությունը խիստ մտահոգ է ստեղծված իրավիճակով: Նրա խոսքով` սա ոչ թե լրատվամիջոցներին սատարել- չսատարելու հարց է, այլ` ազգային շահերը պաշտպանելու։

«Մենք այդ ամենին հետևում և մեծ ուշադրություն ենք դարձնում, համագործակցում ենք մի շարք գերատեսչությունների հետ, Արտաքին գործերի նախարարության հետ, այդ ընթացքում երկու խոշոր տեղեկանք ենք պատրաստել Հայաստանում արգելափակված խոշոր էջերի հետ կապված, կան տարբեր կրիտերիաներ` ոմանց տեսանելիությունն է սահմանափակվում, ոմանց զգուշացում է գալիս, իսկ ահա ոմանց էջերն էլ արգելափակվում են», - նշեց նա: Մենք շատ լավ գիտենք այդ մասին եւ գիտենք, որ դա արվում է հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ եւ  նույն իշխանությունների կամ իշխանամերձ շրջանակների ձեռքով։

Մենք Գոռ Ծառուկյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է, որ, օրինակ,168.am կայքի ֆեյսբուքյան էջը ջնջվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին քննադատելու համար։ Եւ անկախ լրատվամիջոցների խմբագիրներից շատերը պնդում են, թե ֆեյսբուքն ուղիղ համագործակցության մեջ է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ և ամեն հնարավոր ձևով փորձում են ընդդիմադիրներին լռեցնել, Գոռ Ծառուկյանը նշեց, որ չհիմնավորված տեսակետները մեկնաբանել չի ցանկանում, իսկ Աննա Հակոբյանի մասով ասաց, որ տեղյակ չէ:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իրենց ֆեյսբուքյան էջը ջնջվել է Աննա Հոկաբյանի մասին քննադատական հրապարակում անելու համար: «168.am կայքէջը տապալել են Աննա Հակոբյանի մասին հրապարակումների համար: Աննա Հակոբյանը զոհված զինծառայողների ծնողների մասին գրառում էր կատարել և մեր հրապարակումն այդ մասին էր: 200 հազարանոց էջը ջնջվել է վարչապետի տիկնոջ մասին այդ հրապարակման համար, ավելին` հարձակումներ են լինում կայքի լրագրողների ֆեյսբուքյան էջերի վրա: Իրականում այս հարցերով պետք է զբաղվի Արտաքին գործերի նախարարությունը, սակայն տեսնում եք, որ մեր ԱԳ նախարարությունը մատը մատին չի տալիս: Ոչինչ չի արվում այս ուղղությամբ, սա իրենց գործառույթն է: Նույնիսկ ԱԳ նախարարությունն ունի ֆեյսբուքով զբաղվող հատուկ բաժին, սակայն, ինչպես տեսնում եք` ոչինչ չի արվում», - նշեց Սեյրանյանը: Հարցին, թե բոլո՞ր ընդդիմադիր լրատվամիջոցներն են հայտնվել ֆեյսբուքի թիրախում, թե՞ կան այնպիսիք, որոնք «ջրից չոր են դուրս գալիս», Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Ինչպես տեսնում ենք` բոլոր ընդդիմադիրները, ես փորձում եմ բացահայտել, թե գործող իշխանություններից հատկապես ով է ֆեյսբուքի հետ նման ինտենսիվ կապով աշխատում լրատվամիջոցների դեմ, առաջիկայում սպասվում են հետաքրքիր բացահայտումներ», - նշեց նա: Խմբագրի պնդմամբ` նման սահմանափակումները լրատվամիջոցին ահռելի ֆինանսական վնասներ են հասցնում. «Բազմաթիվ լրատվամիջոցներ՝ Գեղամ Վարդանյանի «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի կողմից նման իրավիճակում են հայտնվել: Ֆեյք նյուզի անվան տակ մենք տարատեսակ հարձակումների ենք ենթարկվում, շատ կայքերի ֆեյսբուքյան էջեր վերջին նախազգուշացումներն են ստացել և հաջորդիվ կարող են ջնջնվել: Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում մեդիաների հետևորդներն օգտվում են կայքերից՝ սոցցանցերի միջոցով: Հայաստանում առավել զարգացած է ֆեյսբուքն, ուստի այս հարձակումներն արվում են ֆեյսբուքի միջոցով», - ասաց նա: Սեյրանյանի խոսքով` ինքն այս մասով դիմել է ԱՄՆ դեսպանատուն, քանի որ հետապնդումներն ու սահմանափակումներն օր օրի ուժգնանում են:

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին էլ նշեց, որ այսօրինակ երևույթները մեզանում այնքան են շատացել, որ այդ մասին խոսելն անիմաստ է: «Խմբագիրներից մի քանիսը նշում են, որ Մոնթե Մելքոնյանի անունը հրապարակելու համար նախազգուշացում են ստացել, շատերը հասկացել են, որ կարող է խնդիր առաջանալ և Մոնթեի մասին հրապարակում չեն արել: Արդեն անիմաստ է դարձել այս մասին խոսելը: 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ էլ մի ինքնակոչ խումբ զբաղվում էր փաստերի ստուգմամբ, վնասներ հասցնելով լրատվամիջոցներին: Հիմա կարելի է ասել ֆեյսբուքն էլ մեզ պետք չէ», - նշեց Բորիս Մուրազին: Նա նկատեց, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիս ամսին Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակում է արել, սակայն ֆեյսբուքի հետ որևէ խնդիր չի առաջացել. «Կարծում եմ, որ սա ներսից աշխատող գործիք է, որը թիրախավորում է իշխանություններին քննադատող լրատվամիջոցներին», եզրափակեց կայքի խմբագիրը: