Երկիրը մնացել է ներքին եւ արտաքին անհուսալի դիվանագիտության հույսին

Երկիրը մնացել է ներքին եւ արտաքին անհուսալի դիվանագիտության հույսին

Ցանկացած երկրի հաջողությունը կախված է նրանից, թե երկրի ներսում եւ դրսում ինչ քաղաքականություն է վարվում, ու անհրաժեշտության դեպքում ժողովուրդը եւ ընդդիմությունը որքանով են կարողանում ազդել դրանց վրա: Մեզանում ընդդիմությունը փորձում է ակտիվ լինել եւ ազդել այդ գործընթացների վրա, սակայն այնքան էլ չի հաջողվում, իսկ ժողովուրդը շատ իներտ է: Երկրի ներսում շատ պառակտված եւ անհանդուրժողական վիճակ է, իսկ դրսի հետ հարաբերություններում իշխանություններն անվարան անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում: Այդպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, այդպես է նաեւ այսօր: Մի՞թե կարելի է հաջողություն ակնկալել մի երկրում, որտեղ բացահայտ անհամաձայնություն է տիրում սուբյեկտների միջեւ: Ժողովուրդն անտարբեր է, իսկ ընդդիմությունն ու իշխանությունն իրար տանել չեն կարողանում, եւ նրանց գերնպատակն իրար խանգարելն է, որից տուժում է երկիրը: Եվ երկրի վիճակը բոլոր ուղղություններով վատանում է, քանզի կանգնած ենք պետությունը եւ պետականությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ: 

Իշխանությունը հայտարարում է, որ գնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, որի բովանդակությունը լրիվ անհայտ է, իսկ ընդդիմությունն ամեն ինչ անում է՝ վիժեցնելու այդ պայմանագրի կնքումը: Մեր երկիրը մեր տունն է, եւ այն մենք պետք է կառավարենք, վտանգների դեպքում պետք է նաեւ այն փրկենք, թե չէ՝ մեր փոխարեն հո ուրիշը չի՞ փրկելու: Եվ, ահա, այս ծայրահեղ վիճակում փրկության ոչ մի ռեալ քայլ չի արվում, դրանով փաստացի ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին, եւ այս մասին համարյա բոլորը լռում են։

Ընդդիմությունն էլ ինչ-ինչ բաների մասին է բարձրաձայնում, բայց լուրջ արդյունքներ չեն արձանագրվում: Այլ խոսքով՝ սայլը տեղից չի շարժվում: Ժամանակն անվերջ չէ, մենք շատ ժամանակ չունենք, իսկ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե մինչեւ տարեվերջ կկնքվի խաղաղության եւ հաշտության պայմանագիրը, որտեղ, ըստ տարածված լուրերի, Արցախի եւ այլ տարածքների առումով անընդունելի բաներ կան: Կարծես մի բան է միայն ակնհայտ, որ պետք է փորձել այդ փաստաթուղթն ամեն գնով օրակարգից հանել՝ վիժեցնել, այլապես դրա կնքմամբ մենք վերջնականապես չափազանց շատ բան կկորցնենք, ու պայքարը կավարտվի մեր վերջնական ու մեծ պարտությամբ:

Սակայն հասարակությունը կարծես թե մտածում է, որ ինքը խառնվելու՝ միջամտելու խնդիր չունի՝ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է գնար, այնինչ մեր պատմության ընթացքում մենք հազվադեպ ենք հայտնվել նման օրհասական վիճակում, երբ, առանց չափազանցության, զոհասեղանին դրված լինի մեր ժողովրդի, երկրի, պետության եւ պետականության լինել-չլինելու հարցը։ Մեր նախնիները նման իրավիճակներից, որպես կանոն, պատվով են դուրս եկել: Իրոք անհասկանալի է, թե սրանից ավելի վատ ինչ կարող էր մեզ սպասվել: Եթե նրանք վարվեին մեր այսօրվա նման, ապա այսօր հայի մեկ նմուշ մնացած կլինե՞ր:

Եվ նման իրավիճակները հիմնականում առաջացել են նրանից, որ իշխանություններն ի սկզբանե դիվանագիտության ասպարեզում պարտված են եւ լուրջ քայլեր չեն էլ փորձում անել, որ փրկության գոնե ինչ-որ հույսեր մնան: Տարիներ շարունակ մենք բարձրաձայնում էինք, որ տարածաշրջանում մեր բանակն ամենամարտունակն է, սակայն 44-օրյա պատերազմը փաստեց, որ դա բլեֆ էր։ Միֆ էին նաեւ այն բոլոր հայտարարությունները, թե իբր մենք շատ բարեկամ երկրներ ունենք, որոնք ճակատագրական պահերին կպաշտպանեն մեզ, նույն 44-օրյա պատերազմը փաստեց, որ դա եւս միֆ էր: Փաստացի, մենք աշխարհում լրիվ միայնակ ենք եւ հույսներս պետք է դնենք միմիայն մեզ վրա:   

Սիրելիներ, բացեք ձեր հոգու աչքերը եւ նկատեք, որ իրոք հասել ենք անդունդի եզրին՝ եւս մեկ անլուրջ մոտեցում, եւ մենք վերջնականապես կհայտնվենք այնտեղ, որտեղից միակ ճանապարհն ամեն ինչի կորուստն է: Եվ այս անգամ ընդմիշտ կկորցնենք մեր փայփայած պետականությունը, որը հրաշքով տրվեց մեզ, որի գինն այդպես էլ չհասկացանք:

Ճիշտ է՝ մեզ համար շատ դժվար է այս բիրտ աշխարհում չընկնել հզորների ոտքերի տակ ու չփոշիանալ։ Եվ մեզ հարկավոր է անզուգական դիվանագիտություն բանեցնել, որի այբուբենին, ցավոք սրտի, դեռեւս վարժ չենք տիրապետում։

Թող Տերը մեզ խելք ու միտք տա...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ