Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումները

Նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպումները

Հրադադարի, ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձման համաձայնագրից հետո նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել «իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում»։

Ստորև ներկայացնում ենք մի շարք հանդիպումների ժամանակագրությունը։

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Նրանց թվում են եղել՝ երաժիշտ, ԵՊԲՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին, , ազգագրական պարերի մասնագետ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը , ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, «Կովկաս» ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, քաղաքական տեսաբան, լրագրող Հայկ Խալաթյանը և այլք։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Արմեն Սարգսյանը հանդես էր եկել ուղերձով , որում նաև նշել էր վարչապետի հրաժարականի, ազգային համաձայնության կառավարության ձևավորման, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Այնուհետև նոյեմբերի 20-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում  նախագահը, անդրադառնալով ստեղծված լարված ներքաղաքական վիճակին, նշել էր, որ «․․․ այս պետությունում կա ինստիտուտ, որը կոչվում է նախագահական ինստիտուտ, որը հենց այս պահերի համար է ստեղծված, որպեսզի լինի այն հարթակը, որտեղ մարդիկ հավաքվեն և գտնեն այն ընդհանուրը, որն իրենց բոլորին կապում է: Դրանից հետո այս կառավարությունը կլինի՞ կառավարություն, որտեղ բացի իշխող, խորհրդարանում ներկայացված կուսակցությունից կլինեն նաև այլ կուսակցություններ՝ խնդրեմ: Եթե կլինի որոշում, որ որևէ կուսակցություն չլինի, և լինի պրոֆեսիոնալների, տեխնոկրատ կառավարություն՝ խնդրեմ: Բայց այդ համաձայնությանը պետք է գալ ոչ թե փողոցում, այլ՝ սեղանի շուրջ: Ես չեմ ուզում, որ փոխանակ հավաքվենք սեղանի շուրջ և մեր խնդիրները լուծենք, քաղաքակիրթ մարդու նման հասնենք այն մեխանիզմներին, որ կարող են մեզ ճգնաժամից հանել, պետք է գնանք փողոցում այսօր հայհոյենք, վաղն իրար վրա քար նետենք և, Աստված չանի, որ մյուս օրը այն զինվորը, որին զենք են տվել հայրենիքը պաշտպանելու համար, այդ զենքն ուղղի հայրենիքի դեմ: Դա անթույլատրելի է»: 

Նա նաև նշել էր, որ արտահերթ ընտրությունները կարող է լինեն կես կամ մեկ տարի հետո «Ես չեմ ասել, որ այդ ընտրությունը պետք է վաղն անենք: Իհարկե ոչ: Եթե այսօր էլ ընտրություններ անենք, զգացումների, զգացմունքների, նվաստացած, ջղայնացած մարդկանց ընտրություններ կլինեն, որոնք չեն արտահայտելու այն, ինչ իրական է»,- ընդգծել էր նա: 

Նույն օրն ի պատասխան «Հրապարակ» թերթի հարցմանը նախագահի աշխատակազմից հայտնել էին , որ «Հանրապետության նախագահն Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ, հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգությունները, անհապաղ նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։ Այդ խորհրդակցություններն ու դրանց շրջանակում ունեցած հանդիպումները Հանրապետության նախագահն ամփոփել է ուղերձով, որում բառացիորեն ասել է՝ «ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները»: Այսինքն՝ նախագահն ուղերձով իր դիտարկումները ներկայացրել է նախաձեռնած հանդիպումներն ավարտելուն պես»:

Նոյեմբերի 16-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։

«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 13-ին նախագահը հանդիպումներ էր ունեցել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: 

Այնուհետև առանձին-առանձին հանդիպել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

Նույն օրը հանդիպել էր նաև մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: 

Նոյեմբերի 12-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, հանդիպում էր ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ:

Սրան հաջորդել էր առաձին հանդիպումները «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Նոյեմբերի 11-ին Հանրապետության նախագահն ընդունել էր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին, այնուհետև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ 

Նոյեմբերի 10-ին Արմեն Սարգսյանն հանդիպում էր ունեցել  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Այնուհետև նախագահն ընդունել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, այնուհետև «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Սրան հաջորդել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ հանդիպումը:

Նույն օրը հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Սրան հաջորդել էր ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հանդիպումը: