Քոչարյան Անդոն պարտվեց «Հրապարակին», ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է նրան գումար վճարել

Քոչարյան Անդոն պարտվեց «Հրապարակին», ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է նրան գումար վճարել

Դեռեւս 2019 թվականի մարտին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ամենավարկաբեկված պատգամավորներից մեկը՝ Քոչարյան Անդոն (անձնագրային անունը` Անդրանիկ Քոչարյան), դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին՝ փետրվարի 12-ին հրապարակված «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ նյութի համար, որի հեղինակը Գյումրի քաղաքի բնակիչ, հասարակական գործիչ, ազատ լրագրող Հասմիկ Մեքոնյանն է, ում Գյումրիում բոլորն են ճանաչում։ Այս տխրահռչակ գործչին թվացել էր, թե իր նոր կարգավիճակը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, մոռացնել է տվել իր անցյալը, եւ Գյումրիում էլ ջնջվել են իր թողած հետքերը, եւ Հասմիկ Մելքոնյանի հոդվածը զայրացրել էր նրան, ու որոշել էր դատական կարգով պաշտպանել իր «արատավորված պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը»։ Բայց որոշել էր ոչ թե Հասմիկ Մելքոնյանի դեմ հայց ներկայացնել, այլ՝ «Հրապարակի»՝ ապագայում իր դեմ հոդվածները կանխելու պարզունակ մտադրությամբ։

Ինչեւէ, մոտ 2 տարի տեւած դատական քաշքշուկներից, բողոքարկումներից հետո, ի վերջո, նախ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ապա վերաքննիչ դատարանը մերժեցին Անդրանիկ Քոչարյանի հայցը։ 2020 թ․ հունիսի 16-ի վճռի մեջ գրված է․ «Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել»:

Իսկ նկարագրական մասում ուղղակի ապտակ են հասցրել ԱԺ հանձնաժողովի նախագահին եւ նրա փաստաբանին՝ բացահայտելով, որ անգրագետ հայց է ներկայացված։ Բայց Ա․ Քոչարյանը չբավարարվեց այդ վճռով՝ նախ վերաքննիչ բողոք ներկայացրին, որը եւս չի բավարարվել, ապա՝ վճռաբեկ բողոք։

Եվ ի վերջո հասան նրան, որ «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյանի, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին վճռել է հայցվոր Անդրանիկ Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել եւ հայցվոր Անդրանիկ Քոչարյանից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի բռնագանձել 40․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»։ Վճռաբեկ դատարանում եւս Քոչարյան Անդոն հաջողության չի հասել, ապա այս վճիռը հայտնվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, որտեղից մենք գրություն ենք ստացել, որ սկսվել է դատական վարույթ՝ Քոչարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին հասանելիք գումարը վճարելու վերաբերյալ։