Վերջապես հասկացաք, որ անկարող, անտեղյակների խմբակ եք, ինչո՞ւ չեք հեռանում

Վերջապես հասկացաք, որ անկարող, անտեղյակների խմբակ եք, ինչո՞ւ չեք հեռանում

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը Ամանորը շնորհավորել է վեց անգամ՝ սկսած 2018-2019 Ամանորից։ Ու եթե մինչեւ 2022 թվականը Ամանորի ու այլ տոների առիթով իր խոսքում ասում էր՝ «Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում», ապա 2022-2023 Ամանորին ասաց՝ «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Թերեւս հասկացավ, որ Հայաստանից վերացել են ազատությունն ու երջանկությունը եւ մնացել է միայն դրա խոստումը։ Սա արձանագրել ենք  2023-ի հունվարի 3-ին։

Նման խոստովանություն անողը պիտի հեռանար ոչ միայն պաշտոնից, այլ՝ հանրային-հրապարակային հարթությունից։ Բայց Նիկոլ Փաշինյանը մնաց ու շարունակեց Հայաստանից վերացնել դրական արժեքները։ Այս խոստովանությունից մոտ երկու տարի անց՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքն ու յուր թիմը շարունակում են դժբախտացնել Հայաստանի քաղաքացիներին։

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Անընդհատ այս ցիկլի մեջ ենք՝ մի որոշում ենք կայացնում, որը բավարար պետական եւ ինստիտուցիոնալ չի, դրա արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որը էլի պետական ու ինստիտուցիոնալ չէ: Ինչ-որ X պահի այս գործելաոճը պետք է դադարեցնենք, քանի որ այսպես պետություն մենք չենք կառուցի»։ Այլ խոսքով ասում է՝ սխալ սխալի հետեւից ենք թույլ տալիս ու դեռ մտադիր չենք կանգնեցնել այդ աղետաբեր ընթացքը։

Մենք քանիցս այդ հարցն ենք ուղղել թավշյաներին՝ վերջապես ե՞րբ եք հասկանալու որ անկարող, անտեղյակների խմբակ եք եւ հեռանաք, գրողը ձեզ տանի։ 

Նիկոլ Փաշինյանը սկսել է ընդունել, որ անկարող, անտեղյակների խմբակ են, թեեւ դանդաղորեն եւ մեծ վերապահումներով: 

Բայց վերաձեւակերպենք մեր հարցը․վերջապես հասկացաք, որ անկարող, անտեղյակների խմբակ եք, ինչո՞ւ չեք հեռանում գրողը ձեզ տանի։

Արեգ Մարգարյան