Կառլ Գուստավ Յունգ․ Դեւերին գրավում են զանգվածները
Շվեյցարացի նշանավոր հոգեբույժ, վերլուծական հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգի այս բացառիկ եւ գրեթե անհայտ հարցազրույցը տպագրվել է շվեյցարական մամուլում, 1945թ․ մայիսին՝ Ռեյմսում գերմանական բանակի կապիտուլյացիայից չորս օր անց։ «Կգտնե՞ն, արդյոք, հոգիները խաղաղություն» վերնագիրը կրող հարցազրույցում Յունգը մտորում է գերմանական ազգի՝ 1930-40թթ․ զանգվածային հոգեխանգարմունքի պատճառների մասին, դեւերի մասին, որոնք սպասում են հարմար պահի՝ մեր պսիխիկայի մակերեւույթ դուրս սողալու նպատակով, եւ այն մասին, որ Գերմանիայից հետո Չարիքը կսկսի այլ ներշնչվող ժողովուրդներ փնտրել իր մարմնավորման համար։ Մեծն գիտնականի բնորոշմամբ՝ այս թեմաները, ցավոք, հավերժ արդիական են։
- Չե՞ք կարծում, որ պատերազմի ավարտը եվրոպացիների հոգիներում ահռելի փոփոխություններ կառաջացնի, հատկապես՝ գերմանացիների, ովքեր այժմ ասես արթնանում են երկար ու սարսափելի երազից։
- Այո, իհարկե։ Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա մեր առաջ ծառանում է մի հոգեբանական խնդիր, որի կարեւորությունը դեռեւս դժվար է պատկերացնել, բայց դրա ուրվագծերը կարելի է դիտարկել հենց իմ հիվանդների օրինակով։ Հոգեբանի համար պարզ է մի բան, այն է՝ նա չպիտի հետեւի լայնորեն տարածված սենտիմենտալ բաժանմանը նացիստների եւ ռեժիմի հակառակորդների։ Ես ունեմ բացահայտ հականացիստ երկու հիվանդ, եւ, այնուհանդերձ, նրանց երազները վկայում են, որ այդ ամբողջ պարկեշտության ետեւում մինչ օրս մեռած չէ խիստ արտահայտված նացիստական հոգեբանությունը՝ իր ողջ բռնությամբ ու դաժանությամբ։ Երբ շվեյցարացի լրագրողը ֆելդմարշալ ֆոն Կյուխլերին հարց ուղղեց Լեհաստանում գերմանացիների վայրագությունների մասին, վերջինս զայրալից բացականչեց․ «Ներեցե՛ք, դա վերմախտը չէր, դա կուսակցությունն էր»։ Եվ սա հրաշալի օրինակն է այն իրողության, որ ծայրահեղ միամտություն է գերմանացիներին ազնիվների ու անազնիվների բաժանելը։ Նրանք բոլորը, գիտակցաբար թե անգիտակցաբար, ակտիվորեն թե պասիվորեն, մասնակից են սարսափներին․ նրանք ոչինչ չգիտեին այն մասին, ինչ տեղի էր ունենում, եւ, միեւնույն ժամանակ, գիտեին։ Հավաքական մեղքի գաղափարը, որն այդչափ նեղություն է պատճառել եւ նեղություն է պատճառելու քաղաքական գործիչներին, հոգեբանի համար հանդիսանում է կասկածներ չհարուցող փաստ, եւ բուժման ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ գերմանացիներին ստիպես ընդունել իրենց մեղքը։ Հիմա նրանցից շատերն ինձ արդեն իսկ դիմում են բուժվելու խնդրանքով։ Եթե խնդրանքները հնչում են «ազնիվ գերմանացիներից», ովքեր դեմ չեն մեղքը բարդել գեստապոյի 1-2 ներկայացուցչի վրա, ապա ես այդպիսի դեպքերը համարում եմ անհույս։ Ինձ ոչինչ չի մնում անել, քան առաջարկել նրանց հարցաթերթիկներ այսօրինակ ոչ երկիմաստ հարցով․ «Ի՞նչ եք մտածում Բուխենվալդի մասին»։ Լոկ այն դեպքում, եթե պացիենտը գիտակցել ու ընդունել է իր մեղքը, կարելի է կիրառել անհատական բուժում։
- Բայց ինչպե՞ս հնարավոր եղավ, որ գերմանացիները, մի ամբողջ ժողովուրդ, հայտնվեցին այդ անհույս հոգեբանական իրավիճակի մեջ։ Կարո՞ղ էր, արդյոք, նման բան պատահել մեկ այլ ազգի հետ։
- Թույլ տվեք այստեղ փոքր-ինչ շեղվել եւ ընդհանուր գծերով անդրադառնալ հավաքական հոգեբանական անցյալի վերաբերյալ իմ տեսությանը, որը նախորդել էր նացիոնալ-սոցիալիստական պատերազմին։ Որպես ելակետ՝ վերցնենք մի ոչ մեծ օրինակ իմ պրակտիկայից։ Մի անգամ ինձ մոտ եկավ ոմն կին եւ սկսեց մոլեգին մեղադրանքներ տեղալ ամուսնու հասցեին, թե նա մարմնացյալ դեւ է, նա տանջում ու հետապնդում է իրեն եւ այլն, եւ այլն։ Իրականում այդ մարդը, ինչպես պարզվեց, լիովին բարեկանոն քաղաքացի է՝ որեւիցե դիվային դիտավորությունների առումով անմեղ։ Որտեղի՞ց էր այդ կնոջ գլխում ծագել նման խելահեղ գաղափարը։ Պարզապես նրա սեփական հոգում ապրում էր այն դեւը, որին նա արտապատկերում էր դրսում՝ իր իսկ ցանկություններն ու մոլեգնությունը տեղափոխելով ամուսնու վրա։ Ես նրան բացատրեցի այդ ամենը, եւ նա համաձայնեց՝ նմանվելով զղջացող գառնուկի։ Թվաց՝ ամեն ինչ կարգին է։ Այդուհանդերձ, հենց դա էլ ինձ անհանգստացրեց, որովհետեւ ես չգիտեմ, թե ուր կորավ դեւը, որ նախկինում միաձուլվել էր ամուսնու կերպարի հետ։ Բացարձակապես նույնը, բայց՝ ավելի մեծ մասշտաբով, տեղի ունեցավ Եվրոպայի պատմության մեջ։ Պարզունակ մարդու համար աշխարհը լի է դեւերով ու խորհրդավոր ուժերով, որոնցից նա վախենում է․ նրա համար ամբողջ բնությունը շնչավորված է այդ ուժերով, որոնք իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա սեփական ներքին ուժերը՝ արտաքին աշխարհում արտապատկերված։ Քրիստոնեությունն ու ժամանակակից գիտությունն ապադիվականացրել են բնությունը, ինչը նշանակում է, որ եվրոպացիներն աշխարհից հետեւողականորեն իրենց մեջ են ներքաշում դիվային ուժերը՝ դրանցով անընդհատ ծանրաբեռնելով իրենց անգիտակցականը։ Բուն մարդու մեջ այդ դիվային ուժերն ապստամբում են ընդդեմ քրիստոնեության թվացյալ հոգեւոր անազատության։ Դեւերը մխրճվում են բարոկկոյի արվեստ․ ողնաշարերը կորանում են, երեւան են գալիս սատիրի կճղակները։ Մարդը հետզհետե վերածվում է ուրոբորոսի՝ ինքն իրեն ոչնչացնող մի կերպարի, որ հնագույն ժամանակներից ի վեր հանդիսանում է դիվահարված մարդու խորհրդանիշը։ Այդպիսի մարդու առաջին ավարտուն օրինակը Նապոլեոնն է։ Գերմանացիները, իրենց անհավանական ներշնչելիության պատճառով, դրսեւորում են առանձնահատուկ թուլություն այդ դեւերի հանդեպ։ Դա արտահայտվում է հպատակության հանդեպ ունեցած նրանց սիրո եւ հրամաններին անկամորեն հնազանդվելու մեջ, ինչը հանդիսանում է ներշնչելիության ընդամենը մեկ ուրիշ դրսեւորումը։ Դա համապատասխանում է գերմանացիների ընդհանուր հոգեկան անլիարժեքությանը՝ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ անորոշ դիրք զբաղեցնելու հետեւանքով։ Նրանք Արեւմուտքում միակն են, որ ազգերի արեւելյան արգանդից բոլորի հետ միասին ելնելով՝ ամենաերկարն են մնացել իրենց մոր հետ։ Վերջիվերջո, նրանք հեռացան, բայց ժամանեցին չափից դուրս ուշ, մինչդեռ «մուժիկը» չէր ձգտում ազատագրվել ընդհանրապես։ Այդ իսկ պատճառով գերմանացիներին խորապես տանջում է անլիարժեքության բարդույթը, որը նրանք փորձում են փոխհատուցել մեծամոլական զառանցանքով՝ «գերմանական ոգին կփրկի աշխարհը», թեպետ իրենք իրենց բավականաչափ հարմարավետ չեն զգում սեփական կաշվի մեջ։ Սա տիպիկ պատանեկան հոգեբանություն է, որը դրսեւորվում է ոչ միայն համասեռամոլության արտակարգ տարածման մեջ, այլ նաեւ գերմանական գրականության էջերում «անիմայի» կերպարի (anima լատիներեն բառով Յունգը բնորոշում էր տղամարդու պսիխիկայի կանացի հատվածը՝ խմբ․) բացակայության մեջ (մեծ բացառություն է կազմում Գյոթեն)։ Դա արտահայտվում է նաեւ գերմանական սենտիմենտալության եւ «հարմարավետության» մեջ, որոնք իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ անգթություն, անսրտություն եւ անխղճություն։ Անխղճության եւ անասնականության համար բոլոր մեղադրանքները, որոնցով գերմանական քարոզչությունը հարձակվում է ռուսների վրա, վերաբերում են հենց իրենց՝ գերմանացիներին․ Գեբելսի ելույթները հենց գերմանական հոգեբանությունն են՝ թշնամու կերպարով արտապատկերված։ Անհատի անհասությունը սարսափեցնող կերպով արտացոլվել է գերմանական գլխավոր շտաբի կամազրկության մեջ՝ իր մեղկությամբ խեցիին կպած կակղամորթ հիշեցնող։ Գերմանիան միշտ եղել է պսիխիկական աղետների երկիր՝ Ռեֆորմացիան, գյուղացիական ու կրոնական պատերազմները։ Նացիոնալ-սոցիալիզմի օրոք դեւերի ճնշումն այնքան ուժգնացավ, որ մարդկային արարածները, ընկնելով դրանց իշխանության տակ, վերածվեցին լուսնոտային գերմարդկանց, որոնցից առաջինը Հիտլերն էր, ով դրանով վարակեց մյուս բոլորին։ Նացիստական բոլոր առաջնորդները մոլագար են՝ բառիս բուն իմաստով, եւ, անկասկած, պատահական չէ, որ նրանց քարոզչության նախարարը խարանված է դեմոնիզացված մարդու նշանով՝ կաղությամբ։ Գերմանական բնակչության տասը տոկոսն այսօր անհույս պսիխոպաթ է։
- Դուք խոսում եք գերմանացիների հոգեկան անլիարժեքության եւ դիվային ներշնչելիության մասին, սակայն, ի՞նչ եք կարծում, դա վերաբերո՞ւմ է նաեւ մեզ՝ շվեյցարացիներիս, որ ծագումով գերմաններ ենք։
- Մենք այդ ներշնչելիությունից պատնեշված ենք մեր փոքրաթիվությամբ։ Եթե Շվեյցարիայի բնակչությունը կազմեր ութսուն միլիոն, ապա մեզ հետ եւս կարող էր տեղի ունենալ նույնը, քանի որ դեւերը հրապուրում են հիմնականում զանգվածներին։ Կոլեկտիվում մարդը կորցնում է արմատները, եւ այդ ժամանակ դեւերը կարող են տիրել նրան։ Այդ իսկ պատճառով նացիստները գործնականում զբաղված էին միայն հսկայական զանգվածներ ձեւավորելով եւ երբեք՝ անհատ ձեւավորելով։ Ու նաեւ այդ պատճառով է, որ դեմոնիզացված մարդկանց դեմքերն այսօր անկենդան են, քարացած, դատարկ։ Մեզ՝ շվեյցարացիներիս, այդ վտանգներից պատնեշում են մեր ֆեդերալիզմն ու անհատապաշտությունը։ Մեր պարագայում անհնար է այդպիսի զանգվածային կուտակումը, ինչպիսին Գերմանիայում էր, եւ, հավանաբար, նման մեկուսացածության մեջ է թաքնված բուժման միջոցը, որի շնորհիվ հնարավոր կլիներ սանձահարել դեւերին։
- Բայց ինչի՞ կարող է վերածվել բուժումը, եթե այն անցկացնես ռումբերով ու ինքնաձիգներով։ Արդյոք դեմոնիզացված ազգի ռազմական հպատակեցումն առավել չի՞ ուժգնացնի անլիարժեքության զգացումը եւ խորացնի հիվանդությունը։
- Այսօր գերմանացիները նման են հարբած մարդու, ով առավոտյան արթնանում է խումհարից։ Նրանք չգիտեն, թե ինչ են արել, եւ չեն ցանկանում իմանալ։ Կա միայն անսահման դժբախտության զգացումը։ Նրանք ջղաձիգ փորձեր կձեռնարկեն շրջակա աշխարհի մեղադրանքների ու ատելության առաջ արդարանալու, բայց դա կլինի սխալ ճանապարհ։ Քավությունը, ինչպես արդեն նշեցի, միայն սեփական մեղքի լիակատար ընդունման մեջ է․ «Меа culpa, mea maxima culpa!» («Իմ մեղքն է, իմ մեծագույն մեղքը»)։ Ճշմարիտ զղջման միջոցով են զգում աստվածային գթասրտությունը։ Սա ոչ միայն կրոնական, այլեւ հոգեբանական ճշմարտություն է։ Բուժման ամերիկյան կուրսը, որի հիմքում այն է, որ քաղաքացիական բնակչությունն անցկացվի համակենտրոնացման ճամբարներով, որպեսզի ցույց տրվեն այնտեղ գործի դրված բոլոր սարսափները, հենց այդ առումով էլ հանդիսանում է լիովին ճիշտ տարբերակ։ Այդուհանդերձ, անհնար է նպատակին հասնել միայն բարոյական խրատներով․ զղջումը պիտի ծնվի հենց իրենց՝ գերմանացիների մեջ։ Թերեւս, աղետն ի հայտ բերի պոզիտիվ ուժեր, եւ այդ ինքնախորասուզվածությունից նորից ծնվեն մարգարեներ՝ այդ տարօրինակ մարդկանց նույնքան բնորոշ, որքան դեւերը։ Ով ընկել է այդքան ցած, ունի խորություն։ Ամենայն հավանականությամբ՝ կաթոլիկ եկեղեցին կապահովի հոգիների առատ որս, քանի որ բողոքական եկեղեցին այսօր պառակտված է։ Կան տեղեկություններ, թե համընդհանուր դժբախտությունը Գերմանիայում կրոնական կյանքի զարթոնքի է հանգեցրել․ ամբողջական համայնքներ երեկոյան ծնկի են գալիս՝ Տիրոջը խնդրելով փրկել հակաքրիստոսից։
- Այդ դեպքում կարելի՞ է հուսալ, որ դեւերը կարտաքսվեն, եւ ավերակների վրա կկառուցվի նոր, ավելի լավ աշխարհ։
- Ոչ, դեւերից առայժմ չենք ազատվի։ Դա բարդ խնդիր է, որի լուծումը հեռավոր ապագայում է։ Այժմ, երբ պատմության հրեշտակը լքել է գերմանացիներին, դեւերը կսկսեն փնտրել նոր զոհ։ Եվ դա բարդ չի լինի։ Ամեն մի մարդ, ով կկորցնի իր ստվերը, ամեն մի ազգ, որը կհավատա իր անսխալականությանը, կդառնա զոհ։ Մենք սեր ենք տածում հանցագործի հանդեպ եւ դրսեւորում ենք սաստիկ հետաքրքրություն, որովհետեւ դեւը ստիպում է մեզ մոռանալ մեր աչքի մեջ եղած գերանի մասին, երբ տաշեղ ենք նկատել մեր եղբոր աչքի մեջ, եւ դա մեզ մոլորեցնելու մի եղանակ է։ Գերմանացիները կվերագտնեն իրենց այն ժամանակ, երբ կընդունեն ու կխոստովանեն իրենց մեղքը, բայց ուրիշները կդառնան մոլեգնության զոհ, եթե գերմանական մեղքի հանդեպ իրենց նողկանքի մեջ մոռանան սեփական անկատարությունների մասին։ Մենք չպիտի մոռանանք, որ գերմանացիների ճակատագրական հակումը հավաքականության հանդեպ ոչ պակաս չափով բնորոշ է նաեւ մյուս հաղթանակած ազգերին, այնպես որ՝ վերջիններս նույնպես անակնկալ կերպով կարող են դառնալ դիվային ուժերի զոհ։ «Համընդհանուր ներշնչելիությունը» հսկայական դեր է խաղում մերօրյա Ամերիկայում, եւ այն, թե ռուսներն արդեն որքան են հիասթափված իշխանության դեւից, հեշտ է նկատել վերջին իրադարձություններից, որոնք պիտի ինչ-որ կերպ չափավորեին մեր խաղաղ ցնծությունը։ Այդ առումով առավել խելամիտ են անգլիացիները․ անհատապաշտությունը նրանց փրկում է լոզունգներով հրապուրվելուց, եւ շվեյցարացիները կիսում են նրանց զարմանքը հավաքական խելագարության նկատմամբ։
- Այդ դեպքում մենք պիտի անհանգստությամբ սպասենք, թե դեւերն իրենց ինչպես են դրսեւորելու հետագայում։
- Ես արդեն ասացի, որ փրկությունը միայն անհատի դաստիարակության խաղաղ աշխատանքի մեջ է։ Դա այնքան էլ անհույս չէ, ինչպես կարող է թվալ։ Դեւերի իշխանությունը հսկայական է, եւ զանգվածային ներշնչելիության առավել ժամանակակից միջոցները՝ մամուլը, ռադիոն, կինոն եւ այլն, նրանց տրամադրության տակ են։ Այնուամենայնիվ, քրիստոնեությունն ի զորու էր պաշտպանել իր դիրքերը անհաղթահարելի հակառակորդի առաջ եւ ո՛չ թե քարոզչությամբ ու զանգվածային ուղերձներով (ինչը տեղի ունեցավ ավելի ուշ, եւ պարզվեց՝ այնքան էլ էական չէր), այլ մարդուց մարդուն փոխանցված համոզմունքով։ Եվ դա այն ճանապարհն է, որը մենք եւս պիտի անցնենք, եթե ցանկանում ենք սանձահարել դեւերին։ Դժվար է նախանձել այդ արարածների մասին գրելու Ձեր խնդրին։ Ես հույս ունեմ, որ Ձեզ կհաջողվի իմ հայացքները շարադրել այնպես, որ մարդիկ դրանք չհամարեն չափից դուրս տարօրինակ։ Դժբախտաբար, դա իմ ճակատագիրն է․ մարդիկ, հատկապես՝ նրանք, ովքեր համակված են մոլեգնությամբ, ինձ համարում են խելագար, որովհետեւ ես հավատում եմ դեւերին։ Բայց այդպես մտածելը նրանց խնդիրն է․ ես գիտեմ, որ դեւերը գոյություն ունեն։ Ուզեն թե չուզեն՝ դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ գոյություն ունի Բուխենվալդը։
Թարգմանությունը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ