Կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն․․․

Կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն․․․

Կես դար առաջվա պատմություն է։ Սովետական տարիներն էին, երբ կովի ու կաթի մասին կթվորուհիներն էին խոսում։ Երբ լրագրողներս գնում էինք որևէ կոլխոզ կամ սովխոզ և կոլխոզի նախագահից հետաքրքրվում կաթնատվության, գլխաքանակի մասին, ձեռքը թափ էր տալիս՝ գնացեք կթվորուհու մոտ, գո՜մ գնացեք, նրանցից հարցրե՜ք․․․ Նոր- նոր էի «Զանգեզուր» թերթում աշխատանքի մտել։  Քննարկման էր դրվել մի հոդված, որը լավագույնն էր ճանաչվել։  Խմբագիրը գովում էր հոդվածագրին՝ տեսե՜ք ինչ իրական, շոշափելի հոդված է ։

Հոդվածագիրը գնացել էր գոմ, շփվել կթվորուհիների ու կովերի հետ և իր նկատառումն արել։ Ներկայացնում եմ միայն մի նախադասությունը, որը մինչև հիմա հիշում եմ․  «Կովը ասում է բա՜ , կթվորուհին ասում է ջա՜ն․․․ Սա՛ է իրական հոդվածը»- ասում էր խմբագիրը։ Ինչպես Փաշինյանն է ասում՝ սա՛ է իրական Հայաստանը։  Մենք աշխատողներով ամոթից կախել էինք գլուխներս, որ կովի հետ չենք  շփվել։ Մեկ էլ որտեղից որտեղ թերթի գյուղբաժնի վարիչ   Գուրգեն Բախշյանը, ով Յուրի Բախշյանի հայրն է և հայտնի էր իր  սթափ մտածողությամբ ու քննադատությամբ, սկսեց ծաղրել՝ կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջան։ Փռթկոցներ լսվեցին։ Ծաղրանքի վերածվեց հոդվածը։ Սովետական տարիներն էին, հազվագյուտ, ինքնավստահ,  կայացած մարդիկ էին արտահայտվում։ Գուրգեն Բախշյանն ասաց՝ ի՜նչ եք թերթը դարձրել գոմ ու թրիքի հոտ տարածում, բարձրացեք գոմի մակարդակից․․․ Բոլորը շունչները պահած լսում էին։  «Այս մի մատ երեխան ի՞նչ պիտի սովորի ձեզանից»,- ասաց ու մատով ինձ ցույց տվեց։ Քիչ էի մնում մտնեի նստարանի տակ։ Կովին թողել, իմ հարցն էին քննարկում, որ օգտագործել էի պսպղուն բառը,  ու  խմբագիրը դեմ էր այդ բառին։ Ո՜նց թե պսպղուն ձյուն,- ասում էր։ Բախշյանն էլ թե՝ արևի շողքը որ ընկնում է ձյունի վրա, պսպղուն է դառնում․․․ 

Չերկարացնեմ, վարչապետի երեկվա գյուղայցերը, գոմայցերը ինձ 80-ականները հիշեցրին, երբ երկիրը խաղաղ էր ու մեզ հետաքրքիր էր միայն , թե մի կովը քանի լիտր կաթ էր տալիս կամ ինչ ծաղիկ էր ուտում։ Պատերազմ չկար, տնտեսության զարգացմամբ էինք երկիրը պատկերացնում։ Գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը  դրված էին  պատերազմական ռելսերի վրա․․․ Այսօր երկիրը մասնատված, ջլատված, թշնամու երախում թպրտում է, Փաշինյանը գոմայցեր է կատարում։ Հիշել է, որ գյուղատնտեսություն ունենք, գյուղ ունենք։  Բայց այլ նպատակով է հիշել։  Նոստալգիա, խաղաղության զգացում է արթնացնում մարդկանց մեջ, որ մարդիկ խոր քնից չարթնանան՝ կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն,- ժամանակներն է հիշեցնում։   Պատերազմի շեմին կանգնած երկրին կովը չի՜ փրկի, ոչ էլ իր պարզունակ բանաստեղծությունը երկրի մասին ՝ մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ։ Տառերը նոր սովորած երեխան ավելի խորը բան կգրեր։ Սա ընդամենը քաղաքական բառախաղ է՝ երկիրը կործանման տանելուց առաջ։