Պահեստում այս պահին ընդամենը 10 հազար թեստ է մնացել 

Պահեստում այս պահին ընդամենը 10 հազար թեստ է մնացել 

Կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն սկսել է աճել եռանիշ թվերով։ 300-400 վարակված ենք ունենում օրական, նախարարն էլ որևէ դրական բան չի կանխատեսում՝ ամեն օր միայն թվերի աճի մասին է գուժում՝ հասարակությանը նախապատրաստելով համատարած վարակման, իսկ տարեցներին ու խրոնիկ հիվանդներին՝ մահվան։ Մեզ ասացին, որ թեստերի խնդիր էլ ունենք արդեն, ընդամենը մի քանի հազար թեստ է մնացել, ուստի սկսել են նաև խնայել այս հարցում։

Առողջապահության նախարարի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ «Ամեն օր կատարում ենք մոտ հազար, եղել է նաև մինչև երկու հազար թեստ, միայն անցած շաբաթվա տարբերությամբ ունեցել ենք 960 թեստ, դա պայմանավորված է այն մարդկանց քանակով, որոնք թիրախավորված են տվյալ օրվա համար թեստավորվելու։ Բայց ընդհանուր առմամբ ամեն օր հազարն անցնում է՝ մինչև 1200, 1500»,-ասաց նա։ Իսկ արդյոք մի քանի օր անց թեստերի խնդիր չե՞նք ունենա, քանզի այդ 10 հազար թեստը առավելագույնը տաս օր կհերիքի։ «Չէ, որովհետև գիտեք, որ թեստերի արտադրություն է արդեն սկսվում Հայաստանում, ինչքան գիտեմ՝ արդեն սկսել են, պետք է մոլեկուլային ինստիտուտից ճշտել, մոտ 100 հազար խմբաքանակ են արտադրելու, այսինքն՝ օրը, ստացվում է, հազար թեստով գոնե իրենք կկարողանան ապահովել, որը մեծ թիվ է արդեն։ Ու քանի որ արտադրութուն ունենք, էս պահին դեռ նոր խմբաքանակ չենք պատվիրում, բայց եթե ընթացքում անհրաժեշտություն առաջանա, բնականաբար, էդ տարբերակն էլ ունենք, որ խմբաքանակ պատվիրենք»,-ասաց խոսնակը՝ նշելով, որ խոսքը PCR թեստերի արտադրության մասին է։

Նա նաև նշեց, որ այդ 10 հազար թեստը պահեստավորած թեստերի քանակն է, մասնավոր հիվանդանոցներն էլ ունեն, որոնց հետ նախարարությունը կապ չունի։ Ի դեպ, վերջին շրջանում արգելվել էր մասնավոր կլինիկաներում թեստ անելը։ Արսեն Թորոսյանի խոսնակն ասաց, որ նախարարի ցուցում կա, որ թեստ չանեն, բայց այնպես չէ, թե իրավական ակտ կա դրա վերաբերյալ, որ նախարարության կամ տեսչական մարմնի կողմից վերահսկվի։ Այսինքն, ինչպես հասկացանք, մասնավոր կլինիկաները կարող են թեստ անել վճարովի հիմունքներով, դրա համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվի։