Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ

Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ

ԱԺ-ում ընթանում է Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքները թեմայով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանն ասաց, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար 2017 և 2018 թթ ընդգրկող ժամանկաշարջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37 փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են:

Ըստ նրա` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Հաշվեքննությունն իրականացվել է 2017 և 2018 թթ ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ՝ արձանագրել ենք 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Այդ 37 ռիսկերի հիման վրա մենք ներկայացրել ենք թվով 44 առաջարություն, որոնք ըստ հաշվեքննողների շահեկանորեն կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը: Հաշվեքննությունն արդեն ունի հետևանք: Օրեր առաջ ֆինանսների նախարարի հատուկ հրամանով սահմանվել է  միջոցառումների ծրագիր, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկաացրած առաջարկությունների կյանքի կոչմանը, արձանագրված փաստերի վերացմանը կամ  ուղղիչ, կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Առուստամյանը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը վերջերս հաստատել է պետական ֆինանսերի կառավարման ռազմավարություն, և ֆինանսերի նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ռազմավարության իրագործման շրջանակում մնացած հատվածին ևս անդրադարձ լինելու է:

«Այն կազմակերպությունները, որոնք պետական բաժնեմասով են և ունեն պարտք, ապա այդ հատվածը չի ներառվում մեր պետական պարտքի շրջանակի մեջ: Ստացվում է, որ լիազոր մարմինը պետական պարտքի կառավարման առումով չի իրականացնում որևէ գործառույթ այդ հատվածի հետ»,-ասաց Առուստամյանը, ապա հավելեց, որ առաջարկել են վերանայել այդ մոտեցումը և պետական պարտքի շրջանակն ավելի համապարփակ դարձնել: