Դատավորները կախված են իրենց կեղտոտ անցյալից, նախկին շեֆերից

Դատավորները կախված են իրենց կեղտոտ անցյալից, նախկին շեֆերից

ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն ուշադիր հետեւում է թավշյա հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատաիրավական համակարգում ստեղծված խնդիրներին։
Թե ինչ փոփոխություններ են նկատելի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, Կարեն Անդրեասյանը պարզաբանում է․ «Ես կարծում եմ, որ ներկա իշխանությունների համար մարդու իրավունքների պաշտպանությունը եւ լիարժեք վերականգնումը առաջնահերթություն են։ Եթե նախկին իշխանությունների համար առաջնահերթ են եղել անվտանգությունը, տնտեսական խնդիրները, ապա ներկա իշխանությունները մարդու իրավունքները եւ մարդկանց ընդհանուր բարեկեցությունը համարում է իր առաջնահերթությունը եւ դրել անվտանգության եւ տնտեսական զարգացման հետ հավասար հարթության վրա»։

Դատական գործընթացների ժամանակ ականատես ենք, թե ինչպես են տարբեր դատավորներ ինքնաբացարկ հայտնում, ինչը չկար նախկինում։
Որքանո՞վ է երաշխավորված դատավորների անկախությունը։
«Դատավորներն այսօր անկախ են իշխանություններից, բայց նրանցից շատերը կախված են 10-20 հազար ԱՄՆ դոլարներից, իրենց նախկին շեֆերից, իրենց կեղտոտ անցյալից։ Ես նկատի չունեմ բոլորին, բայց շատ են այն դատավորները, որոնք կախված են նշված գործոններից»,- նշեց նախկին ՄԻՊ-ը։

Հարցին, թե ինչ լուծում է առաջարկում այդ դեպքում Կարեն Անդրեասյանը, նա արձագանքեց․ «Կա մի լուծում՝ դա Բարձրագույն դատական խորհրդի արդյունավետ աշխատանքն է, հասարակության գերկենտրոնացումը այդ ամենակարեւոր մարմնի վրա։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկրում լինի տնտեսական հեղափոխություն, եթե ուզում ենք, որ մեր երկրում բոլորը սկսեն նորմալ ապրել, բոլորի իրավունքները պաշտպանված լինեն, միակ մարմնին, որին բոլորս պետք է ուշադրություն դարձնենք, Բարձրագույն դատական խորհուրդն է։ Պետք է ամեն կերպ աջակցենք, բայց միեւնույն ժամանակ խստորեն պետք է վերահսկենք, թե ինչ է անում այսօր Բարձրագույն դատական խորհուրդը»։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ, քաղաքական երկարակյացությամբ աչքի ընկնող Գագիկ Հարությունյանին, ապա Կարեն Անդրեասյանը կարծում է․ «Գագիկ Հարությունյանի քաղաքական երկարակյացությունը հենց նրանով է պայմանավորված, որ նա կարողանում է իր մասնագիտական եւ ինտելեկտուալ կարողություններով դրված խնդիրներին տալ դրական արդյունքներ։ Բայց թե որքանով են այսօր իր առջեւ ճիշտ խնդիրներ դրված, որքանով է նա իրագործում այդ խնդիրները՝ ես առայժմ զերծ կմնամ գնահատականներից։ Եթե դատական համակարգը բարդ վիճակում է, ուրեմն խնդիրները լուծված չեն»։