Երկիր մի՝ դարերի ուրո՞ւ

Երկիր մի՝ դարերի ուրո՞ւ

«1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց  ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու եւ նրան անկախությունից զրկելու հետեւանքները»- ասված է ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 98-րդ տարելիցի առթիվ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ եւ ամփոփված, որ այդ եւ Կարսի պայմանագրերով «ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը»:

Երբ չենք կարողանում սթափ, անաչառ հայացքով գնահատել անցյալը, ծնվում է միֆը, որ «հայկական հողերը բաժան-բաժան են արվել» Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, «մեզնից խլել են մեր պատմական հայրենիքի մեծ մասը» եւ այլն: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դիպուկ արձանագրել էր, որ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը չէր ստորագրվի, եթե դրան նախորդած չլիներ 1920թ. դեկտեմբերի 2-ի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Այսինքն՝ հայ-թուրքական պատերազմում Հայաստանը պարտված չլիներ: Կարելի է վարկածել, որ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը մեզ համար այդքան ցավալի չէր լինի, եթե բանակցություններին մասնակցեր հայկական կողմը: Այդ օրերին Հայաստանում բոլշեւիկյան իշխանությունը տապալված էր, կառավարության ղեկը՝ Փրկության կոմիտեի ձեռքում, մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, եւ, բնական է, Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված չէր, որ հայկական ապստամբական իշխանությունը ներկայանա Մոսկվա: Թուրքերը՝ առավել եւս:

Նրանք ունեին Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ պնդում էին, որ սահմանները պետք է գծվեն ըստ այդմ: Գրեթե մեկ դար հետո սուր ճոճել, մանավանդ՝ դնել Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարց՝ թվում է երեւակայությունից վեր մի բան: Կա խնդիր՝ պարզելու, թե այդ պայմանագիրն ունի՞ գաղտնի հավելված, որով կանխորոշվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Որովհետեւ շուրջ մեկ դար առաջ տարածաշրջանում հաստատված ռուս-թուրքական ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում խախտվել է: Եվ պետք է պարզել, թե ինչի վրա է կառուցվում այն վերականգնելու փորձը:

Բայց ո՛չ այն կտրվածքով, թե դա միայն ռուս-թուրքական նախաձեռնություն է: Խնդիրն այնպես ներկայացնել, թե Արեւմուտքը սատարում է փոխված ստատուս քվոյին, ռուս-թուրքական դաշինքը, ընդհակառակը, փորձում է իրականությունը վերադարձնել հարյուրամյա պայմանավորվածությունների տիրույթ, նշանակում է կրկին տուրք տալ երեեւակայությանը: Ինչպես որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարիչները հավատ ընծայեցին Սեւրի պայմանագրին եւ արդյունքում կորցրին ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ ներքաշվեցին Թուրքիայի հետ պատերազմի մեջ, որն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով: Կա՞ր Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորություն: Այսօր հնարավորություն կա՞ Լեռնային Ղարաբաղի հարցով հասնել փոխզիջումային կարգավորման:

Ռուս-թուրքական տարածաշրջանային ստատուս քվոն խախտված է: Հայկական գործոնը վերափոխել է ուժերի հարաբերակցությունը, բայց փաստացի իրավիճակը միջազգայնորեն լեգիտիմացնելու հնարավորությունը սուղ է, եթե ավելին չասվի: Մենք ինչի՞ ենք նախանձախնդիր: Սեւրի պայմանագրով գծված սահմանների՞ն, թե՞ կարող ենք օգտագործել փաստացի հնարավորությունը եւ ունենալ ավելի ուժեղ եւ անվտանգ հայրենիք: