Հայաստանը նորաձև կրթու՞մ, թե՞ նորաձև կթում եք․․․

Սովետական տարիներն էին։ Լրագրողներով գյուղեր էինք գնում, նայում, թե ինչպես են կթվորները մատների ճարպիկ շարժումով կով կթում, ինչպես են կով կթելուց փաղաքշում կենդանուն ու երգում՝ Մարա՜լ ջան․․․ Կովը բա՜ էր անում, կթվորուհին՝ ջա՜ն․․․ Հետո լսեցինք, որ կովը նաև նորաձև են կթում՝ ինչ որ գործիքի միջոցով։ Երբ կթվորուհիներին այդ մասին ասացինք, նրանք ոչ թե նորաձևությունից զարմացան, այլ ասացին՝ բա ո՞նց կլինի առանց փաղաքշելու կով կթել։ Կովը սեր, ջերմություն, մատների քնքշանք պիտի զգա,- ասում էին նրանք։ Այդ ժամանակ ես 18 տարեկան անփորձ լրագրող էի ու զարմանում էի, երբ նրանք այդպիսի բան էին ասում։ «Զանգեզուր» թերթում էի աշխատում։ Խմբագրիս՝ ընկեր Ղազարյանին մտահոգությունս հայտնեցի, նա ժպտաց․ «Կենդանին անգամ փաղաքշանք է ուզում ու ջերմության դեպքում նրա կաթնատվությունն ավելանում է։ Այո, լավ է նորաձև կթելը, բայց մարդկային գործոնը կարևոր է»։
Կես դար է անցել, դեռ լրատվության բնագավառում եմ ու հանկարծ լսում եմ՝ «նորաձև կրթություն» տերմինը։ Չեմ ուզում վիճել նորաձև բառի մասով, որովհետև դա գիտելիքի պակասություն է, միայն զարմանում եմ՝ առանց տեխնիկայի, գիտության զարգացման ինչպե՞ս է հնարավոր նորաձև կրթել։ Հին, չաշխատող տրակտորով ո՞նց են նորաձև արտ մշակում, կով կթում կամ կրթում։ Տեխնիկա՜ պիտի ունենաք ու այնքան զարգացած տեխնիկա, որ փոխարինի մարդկային մատների ջերմությանն ու փաղաքշանքին։
Այսօր կարդում եմ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրավերը, որ սիրելի բարեկամներին հրավիրում է «Կրթվել նորաձև է» շարժմանը մասնակցել։ Ասում է, որ կարևոր խոսակցություններ են տեղի ունենում։ Նախ ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են այդ սիրելի բարեկամները։ Մարդիկ զգու՞մ են որ իրենք սիրված են, թե՞ խաբված ու թալանված անիծում են նրան։ Մարդիկ զգու՞մ են, որ տեխնիկան՝ հանձինս իրեն ու իր կնոջ, լավ վիճակում են, կարող են իրենց կրթել։
Կարևոր խոսակցությունը ո՞րն է, որ կրթելուն զուգահեռ մարդկանց ոջիլ, համբալ տգետ, տխմա՞ր․․․ անվանեն։ Կենդանուն նորաձև կթելու ժամանակ, գործիքը նրանց չի հարվածում, ծեծում, ստորացնում, այնքան նուրբ է կատարում աշխատանքը, որ կենդանին անգամ տարբերությունը չի զգում։
Դուք մարդկանց կրթում եք ամենավայրի մեթոդներով, անգամ կենդանու նկատմամբ նման ձև չեն վարվում։ Գուցե դա ձեզ համար նորաձև է, բայց բանական մարդու համար դա վայրի դրսևորման ձև է, երբ տեխնիկան փչացած է, բայց բռնությամբ նրան դնում են «գործիքի տակ»։ Եթե նա չփորձարկվի, կազատվի պաշտոնից, աշխատանքից, կզրկվի մի կտոր հացից։ Գոնե հասկանու՞մ եք, թե ինչու՞ եք դժվարությամբ հավաքում «նորաձև կրթվել» ցանկացողներին։ Ինչու՞ են միայն ձեր ենթակայության տակ աշխատողները ստիպված, թերահավատորեն մասնակցում ձեր «կրթական ծրագրին», որին դուք չեք տիրապետում։ «Նորաձև կրթելու» փոխարեն ՀՀ քաղաքացին տեսնում է, որ դուք՝ ամուսիններով, նորաձև կթում եք Հայաստանը։ Երբ տեխնիկա, ռեսուրս չունեք ու ժանգոտած գործիքներով, ցավացնելով, ոջիլ անվանելով քաղաքացուն «նորաձև կթման տակ եք դնում»։ Դա նույնն է, երբ բռնանաք կենդանու վրա, որ կաթ տա՝ առանց խոտ ուտելու, առանց դաշտտանելու։ Համեմատությունս ցավոտ է, ներողություն եմ խնդրում քաղաքացուց, որոնց մեջ նաև ես եմ, բայց սա է իրական մեր թշվառ վիճակը։
Կարծիքներ