Եղեք խելացի

Եղեք խելացի

«ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է Արցախի անկախությունը եւ դնում 1921 թ. արյունոտ պայմանագրերի հարցը»,- ընդդիմությանն այսպիսի խորհուրդ է տալիս հանրահայտ «Lragir.am»-ն ու, ինչպիսի սրտացավություն, նաեւ ճանապարհներ հուշում նշված նպատակներին հասնելու համար: Այլապես այն, ինչ անում է ընդդիմությունը, չի նպաստում եռակողմ համաձայնագիրը իշխանությունների դեմ շրջելուն: Ավելին, պատերազմից հետո անցած 3 ամիսների ընթացքում ընդդիմության մեղքով ներհայկական վեճը շեղվել է հիմնարար խնդրից: «Երեք ամիս հայկական հանրային-քաղաքական շրջանակները զբաղված են ինչով ասես՝ ողբով, ռազբորկաներով, բայց ոչ իրավիճակը փոխելու իրական քայլերով: Երեք ամիսը բավարար ժամանակ էր եռակողմ հայտարարությունը դրա հեղինակների դեմ շրջելու եւ հայկական իրավունքները վերականգնելու առնվազն հիմքերը նախապատրաստելու համար»,- գրում է կայքը՝ չհստակեցնելով եռակողմ հայտարարության կողմերին:

Օրինակ, Հայաստանի Հանրապետությունն այդ կողմերից մե՞կն է, թե՞ ոչ: Եթե այո, ապա հեղինակը, հավանաբար, ցանկանում է ասել, որ եռակողմ հայտարարությունը պետք էր շրջել նաեւ ՀՀ-ի դեմ: Ադրբեջանի դեմ, բնականաբար, շրջել հնարավոր չէ, որովհետեւ այդ համաձայնագրի տակ դրված ստորագրություններից թերեւս ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, առանց որի այդ համաձայնագիրն ուղղակի լինել չէր կարող:

Եվ, առհասարակ, չմոռանանք, որ այս պատերազմում գլխավոր հերոսը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի տգիտության պատճառով սկսվեց այն եւ նման վերջաբան ունեցավ: Մնաց ռուսական կողմը, որի դեմ կարելի է շրջել եռակողմ համաձայնագիրը, բայց այդ դեպքում էլ մի նրբություն կա՝ Արցախի մնացորդներն այսօր ռուսական զորքն է պաշտպանում, եւ չգիտես՝ Նիկոլ Փաշինյանն էլի ի՞նչ խաղ կխաղա այդ 2.5 հազար քառակուսի կիլոմետրի գլխին, եթե ռուսական զորքն այնտեղից հեռանա: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե հայ-ադրբեջանական սահմանին ռուսների ներկայությունը չզսպի թշնամու՝ մինչեւ Երեւան հասնելու ախորժակը: Ինչպես տեսնում ենք՝ եռակողմ համաձայնագիրը կողմերի դեմ շրջելու ընդդիմության հնարավորություններն այնքան էլ անսահմանափակ չեն, ինչպես կարծում է վերլուծության հեղինակը: Թերեւս նաեւ սա է պատճառը, որ քննադատության սլաքները ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում, ուղղված են կողմերից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ի՞նչ կարելի է անել այս ծանր իրավիճակում: Ընդդիմությունը, գրեթե ամբողջությամբ, պնդում է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան շտկել՝ վերականգնել Արցախի հարցի կարգավորման բանակցային ընթացքը, կասեցնել Ադրբեջանի առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքերը, կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններում առավել նպաստավոր պայմաններ ապահովել Հայաստանի համար եւ այլն:

Նիկոլ Փաշինյանը՝ եռակողմ հայտարարության գլխավոր հերոսը, հակադրվում է ընդդիմությանը հենց իր ստորագրած համաձայնագրով՝ կապիտուլյացիայով, եւ կառչած մնում իշխանությունից՝ այդկերպ փակելով նաեւ այս խայտառակ իրավիճակից դուրս գալու բոլոր ճանապարհները: Եվ հիմա, իշխանության հրաժարականը պահանջելու փոխարեն, «Lragir.am»-ը ընդդիմությունից պահանջում է վարչապետին հանգիստ թողնել եւ զբաղվել առավել «հանրօգուտ» աշխատանքով. «Ներկայում էլ ուշ չէ, եւ նույն ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» եւ արտախորհրդարանական ուժերը կարող են նախաձեռնել խորհրդարանում իրավիճակը փոխելու կոնկրետ քայլ: ՀՀ Ազգային ժողովում պետք է նախաձեռնվի Արցախի ճանաչման հարցի քննարկումը՝ բարձրացնելով 1921 թ. ռուս-թուրքական արյունոտ պայմանագրերի հարցը, որի շարունակությունն են Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմը եւ հայկական տարածքների օկուպացիան: Միեւնույն ժամանակ, ԱԺ-ն պետք է դիմի Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին՝ Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հավելյալ երաշխիքներով համագործակցության ձեւաչափի քննարկումներ սկսելու համար»: Հանճարեղ է՝ կասեին մեծ բեմի կոմեդիանտները՝ նախազգալով հանդիսականների շարքերում ծիծաղի մոտալուտ պայթյունը: Համազգային տրագեդիան կոմեդիայի վերածելու ամենակարճ ճանապարհն է հուշում կայքը, որովհետեւ այստեղ պարզապես ատում են Ռուսաստանն ու այդ երկրի ներկայությունը մեր տարածաշրջանում:

Ասում են՝ դիմենք ՄԽ արեւմտյան համանախագահներին… Մի անհամեստ հարց՝ ինչպե՞ս… Նաեւ մի կարեւոր հարց՝ ո՞վ դիմի, ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանություններն ու ընդդիմությունը համատեղ: Ավելի մեծ աննորմալություն հնարավոր էլ չէ մտածել: Նիկոլը, է՛, երբ է Արեւմուտքին ասել, որ ինքը մանդատ չունի Ղարաբաղի հարցով բանակցելու համար: Հետո էլ թռավ առաջադեմ մարդկության դեմքին, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Արդյունքում այդ նույն Արեւմուտքը ապուշի հայացքով հետեւում էր, թե ինչ է տեղի ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսյալ, եւ ոչինչ չձեռնարկեց Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, ինչը կնպաստեր նաեւ պատերազմի դադարեցմանը: Արեւմուտքն էր, չէ՞, ասում, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ինչո՞ւ չսանձեցին Ադրբեջանին՝ Ռուսաստանին ու Թուրքիային էլ հետը…

Ընդդիմությանն առաջարկում են Նիկոլին մի կողմ թողնել եւ բարձրացնել «1921թ. ռուս-թուրքական արյունոտ պայմանագրերի հարցը, որի շարունակությունն են Հայաստանի դեմ 2020-ի ահաբեկչական պատերազմը եւ հայկական տարածքների օկուպացիան»: Ինչպե՞ս անել դա, եթե Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարությունն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները հայկական տարածքներ չեն համարում. մեկը՝ Շուշին, մյուսը՝ Շուռնուխը, գուցե՝ Սյունիքը եւ այլն: Դե արի ու սպասիր, թե նրանք հանկարծ կհայտարարեն, որ Կարսն ապօրինաբար խլվել է Հայաստանից: Այնպես որ, «Lragir.am»-ի հարգելի գործընկերներ, ձեր «ճանապարհային քարտեզն» այս պահին բանի պետք չէ, բայց կարող է դեռ պետք գալ, երբ այս ամեն ինչի մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Ուստի առաջարկում եմ առայժմ չխառնել ընդդիմության խաղաքարերը:  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում Նիկոլի արկածախնդրությունը բնորոշեց որպես «հակաարցախյան շարժում»: Իմ կարծիքով՝ սա հակահայկական շարժում է, որ տակավին շարունակվում է՝ ընդունելով առավել մեծ չափեր: Ուր կհասնենք այս իշխանության հետ՝ կդժվարանամ ասել, բայց մի բան հաստատ գիտեմ՝ տգետի երեւակայությանն ազատություն տալը խելացիության նշան չէ, իսկ երբ խոսքը տգետին նաեւ պետական գործերում ազատություն տալու մասին է, ապա դա ավելի մեծ պետական դավաճանություն է, քան այն դավաճանությունը, որ տեղի է ունենում տգետի բորբոքված երեւակայության արդյունքում: Շունը սպանողին են քարշ տալ տալիս՝ սա միշտ հիշեք: Շուտով այդ օրն էլ կգա, ու վերջապես կհասկանանք, թե ինչու այսպես եղավ: Թե չէ ասում եք՝ էս գործում Արեւմուտքի պոչը պետք է բռնել, չգիտեմ ում փեշից կախվել… Բռնեք Նիկոլի վզից, եւ նա ամեն ինչ խելոք կպատմի: