Երբ որեւէ մեկն ասում ա՝ ես ազգային անվտանգությանն օգնում եմ, դա ագե՞նտ ա

Երբ որեւէ մեկն ասում ա՝ ես ազգային անվտանգությանն օգնում եմ, դա ագե՞նտ ա

Երեւանի պետական համալսարանը Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո դեռ ռեկտոր չունի։ Այս հարցը չի հաջողվում լուծել, քանի որ հոգաբարձուների խորհուրդը չի համաձայնում իշխանական թեկնածուներին ընտրել։ Թերեւս նաեւ այդ պատճառով են «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ անում, որ իրենց ցանկալի ռեկտորին նշանակեն։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ մյուս հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեզ ասաց՝ սպասում են օրենքի մշակման ավարտին, որից հետո կտան բոլոր հարցերի պատասխանը։

- Օրենքի վերջնական տարբերակում ռեկտորն ուղի՞ղ կնշանակվի նախարարի կողմից։

- Էդ կետն էլ է որոշակի փոփոխությունների ենթարկվում։

- Փաստորեն, քաղաքական որոշում է, որ առկա օրենքով չեք կարողանում լուծել հարցը, փոխում եք, որ լուծվի։

- Կիսաքաղաքական, կարող եմ ասել։ Էդքան էլ քաղաքական չէ, որովհետեւ անցումային շրջանը, այսինքն՝ օրենքը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգում, որը դրանով է պայմանավորված։

- Նպատակը ԵՊՀ-ում ձեր թիմից ընտրված ռեկտոր ունենա՞լն է։

- Նայեք որեւէ բուհի որեւէ ռեկտորի, ասեք՝ ո՞վ ա մեր թիմից վերջին շրջանում ռեկտոր դարձած մարդկանցից։ Վերջին երկու տարվա մեջ եղել են կինոյի եւ թատրոնի նոր ռեկտոր, Ագրարային համալսարանի նոր ռեկտոր, ֆիզկուլտինստիտուտում նոր ռեկտոր, որեւէ մեկը իշխանության պաշտպան չի, դեռ ավելին՝ քննադատում են մարդիկ իշխանությանը։

- Բայց ԵՊՀ-ն մի փոքր այլ է՝ մայր բուհն է, եւ Դուք մեծ էնտուզիազմով ժամանակին պայքարեցիք Արամ Սիմոնյանի դեմ, որ հեռանա։

- Դուք՝ ո՞վ։

- Ձեր իշխանությունը, ձեր թիմը, Դուք այդ թիմի մա՞ս չեք։

- Մաս եմ, իհարկե։

- Չե՞ք պայքարել Սիմոնյանի հեռացման համար։

- Էդպես չեմ պայքարել, ես կողմ էի նրա հեռացմանը, բայց այլ պայմաններով, այլ ձեւերով։

- Հիմա Գեղամ Գեւորգյանն է, ումից նույնպես դժգոհություններ կան, որ նորմալ չի աշխատում։

- Դե, ինքը հայտարարել է, որ չի լինելու ռեկտորի թեկնածու, հիմա սպասենք նոր օրենքի փոփոխություններին, ըստ այդմ՝ հարցերին կպատասխանեմ։

- Նախկին նախարար Արայիկ Հարությունյանը կարո՞ղ է լինել ԵՊՀ հաջորդ ռեկտորը՝ օրենքի փոփոխությունից հետո։

- Ես չեմ կարծում, որեւէ որոշում չկա, չեմ կարող բան ասել, բայց չեմ կարծում, թե․․․ կլինի մրցակցություն։

- ԵՊՀ-ն ձեզ համար կարեւո՞ր ինստիտուտ է, որտեղ անպայման պետք է լինի ձեր թիմակիցը։

- Շատ կարեւոր, բայց ես էդ տեսանկյունից հարցին չեմ պատասխանի, որովհետեւ ԵՊՀ-ն շատ կարեւոր ա, որովհետեւ ես՝ ինքս, ԵՊՀ-ական եմ, ամբողջ կյանքս ԵՊՀ-ում եմ անցկացրել, ԵՊՀ-ի դերը Հայաստանի համար շատ-շատ մեծ է, այսինքն՝ պետք չէ թերագնահատել։

- ԵՊՀ-ում ուսանածներից մի քանիսն այսօր իշխանություն է, մի մասը պատգամավոր է, մեկը՝ վարչապետ, մյուսը՝ ԱԺ նախագահ, նրանցից ոմանց մեղադրում են տարբեր հանցանքների ու մեղքերի մեջ, մեկին՝ Արցախը հանձնելու եւ դավաճանության, մյուսին՝ գործակալ լինելու մեջ։

- Ասենք, երբ որ որեւէ մեկը նպաստում ա ազգային անվտանգությանը եւ գալիս ասում ա՝ ես ազգային անվտանգությանն օգնում եմ, դա ագենտ ա, հա՞։ Եթե Ձեզ բերեն-ասեն՝ ստորագրեք էս թուղթը, որ Հայաստանի Հանրապետության դեմ ոչինչ չեք անելու, Դուք կհրաժարվե՞ք։

- Բայց ինչո՞ւ պիտի ինձ նման բան ասեն, ես առանց այդ էլ Հայաստանի դեմ որեւէ բան չեմ արել ու չեմ անի։

 - Չէ, օրինակ եմ ասում։ Որեւէ մեկին, եթե ասեն նման բան․․․

- Ձեզ ասե՞լ են նման բան։

- Ինձ չեն ասել, բայց երբ որ դու աշխատում ես որեւէ հաստատությունում, օրինակ՝ ոնց որ Ցեղասպանության թանգարանն ա, կամ ստրատեգիական կարեւորություն ունեցող հաստատությունում, հնարավոր է՝ էնտեղի աշխատակիցներին նման հարցով դիմեն։

- Իսկ գուցե կասկա՞ծ են ունեցել, որ Արարատ Միրզոյանը թուրքերի հետ կապի մեջ է։

- Դա, անկեղծ, բացարձակ հիմարություն էր, որովհետեւ էդ թղթից ենթադրել Թուրքիայի հետ կապված ինչ-որ հորինվածքներ՝ աբսուրդի ժանրից էր։

- Այսինքն՝ չեք հերքում, որ այդ թուղթն իրական է։

- Ես չգիտեմ՝ իրական է, թե չէ, պարոն Միրզոյանը կպատասխանի, կասի՝ իրական է, թե ոչ։ Ես չեմ կարող իր փոխարեն ասել՝ իրակա՞ն թուղթ էր, թե՞ սարքած։ Բայց ես ենթադրաբար էի ասում էդ ամբողջը։

- Իսկ Շուշիի մասով ի՞նչ կասեք՝ Շուշին ադրբեջանական 90 տոկոս բնակչությամբ քաղա՞ք էր։

- Ոչ, Շուշին հայկական քաղաք է։ Այլ բան է, որ էնտեղ ապրել են ադրբեջանցիներ, բայց Շուշին մաքուր հայկական քաղաք է։
- Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում։
- Ինքը չի ասել՝ թուրքական քաղաք ա։ Բայց ավարտենք, էլի, ես ասացի՝ Շուշին հայկական քաղաք ա։