Ինչու է լռում մեդիա-մետրը

Ինչու է լռում մեդիա-մետրը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վաղուց է, ինչ հոդված չի գրում: Նրա մոտ կա՛մ ինչ-որ բան է լռվել, կա՛մ ստեղծագործական երկունքի մեջ է:  Հստակ է, սակայն, որ լավ հայերենով շարադրված, ոճական գունագեղությամբ օժտված նրա հոդվածների բացակայությունը զգալի է այսօր:

Այն օրերին, երբ նա հոդված հոդվածի հետեւից էր հրապարակում, դրանք զուգադրելով էլեգանտ ոճի մեջ իր լուսանկարների հետ, թվում էր, թե փորձում է քաղաքական հետաքրքիր դիսկուրս սկսել ՀՀ իշխանությունների հետ: Բայց խոսակցությունը շատ կարճ տեւեց եւ ընդհատվեց հենց այն պահին, երբ պետք էր անցնել բուն թեմային՝ այս իշխանությունների հեռացման պայմաններին: Եթե հիշում եք, Միքայել Մինասյանն արդեն գրում էր, որ Փաշինյանի կառավարությունն աշխատում է օրաթերթի կյանքի տեւողության (24 ժամ) տրամաբանության մեջ, եւ նրա հեռացմանը քիչ ժամանակ է մնացել: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ կանգ առավ Միքայել Մինասյանը, որն ամենեւին էլ նման չէ կարճ տարածության վազորդի:

Մինասյանի տեւական լռությունը, որ չգիտես՝ դիտմամբ, թե պատահմամբ համընկավ Փաշինյանի նորանոր անհաջողությունների եւ մանավանդ Վանեցյանի հետ հերթական առճակատման դեպքերի հետ, հեռուն գնացող հետեւություններ անելու առիթ է տալիս: Օրինակ, ես այսպես եմ մտածում՝ խելացի, լավ ինֆորմացված եւ վերլուծական մտքի տեր աներհայր ունենալը վատ բան չէ, մանավանդ, երբ հայտնվում ես այնպիսի իրավիճակում, որտեղ ո՛չ նորերն են կարողանում քեզ բացահայտ կերպով անվանել «նախկին», ո՛չ էլ «նախկիններն» են քեզ համարում լիարժեք «յուրային»: Բայց այդ հանգամանքը Մինասյանին ոչ թե լռելու, այլ խոսելու պետք է դրդեր՝ ավելի հաճախ խոսելու: Բանն այն է, որ ինչքան էլ լրագրողներն ու վերլուծական շրջանակները լռեն (ի՞նչ արած՝ մեր երկիրն է, մեր մարդիկ), միեւնույն է՝ դրանից չեն փարատվում այն կասկածները, որ սույն թավշյա հեղափոխության մեջ լուրջ ներդրում ունի Սերժ Սարգսյանը՝ Միքայել Մինասյանի խելացի, լավ ինֆորմացված եւ վերլուծական մտքի տեր աներհայրը, որն ինչ-որ պահի, չնայած տված խոստումներին, որոշեց, այնուամենայնիվ, չհեռանալ իշխանությունից: Ի՞նչն էր խանգարում նրան ապրիլի 9-ին հանդես գալ հրաժեշտի խոսքով եւ իշխանությունը թողնել իր քաղաքական թիմին՝ վարչապետով եւ խորհրդարանական մեծամասնությամբ հանդերձ:
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»,- այս խոսքերի ճշմարտացիությունն ստուգելը, ի դեպ, մեկ-երկու հաշվի գործ է: Ո՞ւր են Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը: Պարոնայք ՀՀԿ-ականներ, խնդրում եմ արձագանքեք՝ իսկապե՞ս Նիկոլը ճիշտ էր, եւ դուք սխալվեցիք: Եթե ոչ, ապա խնդրում եմ հայտարարեք, որ ՀՀԿ-ն համամիտ չէ Սերժ Սարգսյանի հետ եւ չի ընդունում նրա այդ հայտարարությունը: Լռություն…

Չփորփրելով այս պատմությունը՝ այնուամենայնիվ նշենք, որ ՀՀԿ-ականների քննադատությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որին վերջինս չի էլ պատասխանում, մեղմ ասած, միայն տպավորություն թողնելու համար է, թե իբր «նախկինները» պայքարում են ՀՀ իշխանությունների դեմ: Ըստ էության՝ Փաշինյանին քննադատելու նշաձողը սահմանել է Միքայել Մինասյանը՝ իր մի քանի հոդվածներով, որից այնկողմ անցնել՝ ոչ մի ՀՀԿ-ականի արտոնված չէ: Կա խաղի կանոն՝ Փաշինյանը գործում է հրապարակային, անում է խելքին ինչ փչի՝ ֆեյսբուքյան գրառումներ, սատանաների որս, մարդ բռնել-բաց թողնել, աշխատավարձերի ու թոշակների սուտ բարձրացումներ, թվանկարչություն, կոռուպցիայի դեմ առերեւույթ պայքար, իսկ ստվերից համակարգը շարունակում է ղեկավարել անփոխարինելի առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին չե՞ն վկայում, արդյոք, ՀՀ մյուս նախագահների համեմատությամբ Սերժ Սարգսյանի՝ միանգամայն տարբերվող կարգավիճակը եւ նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հատուկ ուշադրությունը: Նաեւ այսպիսի մի փաստ. ուրեմն մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի մամուլի քարտուղար ուներ՝ Վոլոդյա Կարապետյան անունով: Այս Վոլոդյային գործից այնպես սրընթաց ազատեցին, որ նույնիսկ Փաշինյանը չհասցրեց հասկանալ պատճառը: Թերթերը գրեցին, թե Վոլոդյայի մեղքով Փաշինյանն իր ամանորյա ուղերձի որոշ հատվածներ երկու անգամ էր կարդացել ու զայրացել, բայց դա միայն խայտառակությունը կոծկելու համար էր: Վոլոդյային ուրիշ տեղից էին հանել, իսկ բուն պատճառն էլ, որքան հասկացանք, նրա մի «ինտերվյուն» էր, որի ժամանակ «լեւոնական» խոսնակը հանդգնել էր Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքի առանձին անդամների հանցագործ անվանել: Կարապետյանն անցել էր կարմիր գիծն ու պատժվեց դրա համար: Փաշինյանն էլ, ի դեպ, անպատիժ չմնաց: Կարծում եմ՝ նրան հենց այդ համատեքստում արգելվեց շնորհավորել իր նախկին առաջնորդի ծննդյան օրը, որ «դիտմամբ, թե պատահմամբ» համընկել էր սեփական խոսնակի ծառայություններից անակնկալ «հրաժարվելու» օրվա հետ:

Վերջերս սկսել են խոսել այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է ցրել այս խորհրդարանը եւ տարեվերջին արտահերթ ընտրություններ կազմակերպել: Ես այսպես միանշանակ չէի ասի, որ Փաշինյանն է որոշել: Բանն այն է, որ արտաքուստ դրա անհրաժեշտությունը չկա. խորհրդարանի «իմքայլական» մեծամասնությունը նորմալ ծառայում է վարչապետին ու կառավարությանը: Եվ ուրեմն՝ ո՞ւմ են ձեռնտու այդ ընտրությունները: Չմոռանանք նաեւ, որ Փաշինյանն այսօր լուրջ խնդիրներ ունի իր ռեյտինգի հետ կապված, իսկ նրա թիմն ընդհանրապես բացասական ցուցիչ՝ վարկանիշի առումով: Ուստի մնում է ենթադրել, որ արտահերթ ընտրություններով միանգամայն այլ հարց են փորձում լուծել, օրինակ՝ իշխանափոխությունը (փաշինյանական տեքստերում՝ թավշյա իշխանափոխություն) հասցնել իր «տրամաբանական» ավարտին: Նոր խորհրդարանում մենք արդեն կտեսնենք շատ նոր դեմքերի ու քաղաքական ենթաշերտերի ներկայացուցիչների, որոնց մասին այսօր շշուկով են խոսում՝ «Միշիկի կադրեր»: Փաստորեն՝ Միքայել Մինասյանն այլեւս զբաղված է լուրջ գործերով, եւ դա է, հավանաբար, պատճառը, որ նոր հոդվածներ չի գրում: Այս դեպքում իսկապես կարիք չկա առաջ անցնելու իրադարձություններից եւ արժանանալու անհամեստ քննադատությունների:

Սերժ Սարգսյանի «վերջին քայլը»՝ իշխանությունը փոխանցել փեսային, իհարկե, քաջալերելու քայլ չէ եւ չի կարող արդարացվել ժողովրդավարության տեսանկյունից: Բայց դրա մեջ դրական բան, այնուամենայնիվ, կա: Երանի թե դրանով ավարտվի նախագահ Սարգսյանի «առաջին քայլով» սկսված այս կլոունադան, այս կրկեսը, այս մասխարան, եւ դրանով սկիզբ դրվի քաղաքական դաշտի խառնիճաղանջ վիճակի շտկմանն ու քաղաքական պայքարի վերընձյուղմանը: Պետությունները զարգանում են բացառապես ներքաղաքական պայքարի ճանապարհով: Հուսանք, որ մեզ հենց դա է սպասվում: