Գաբրիել Գարսիա Մարկես․ Շաբաթ օրվա գողը

Գաբրիել Գարսիա Մարկես․ Շաբաթ օրվա գողը

Հուգոն՝ գող, որը միայն շաբաթվա վերջին է գողություն անում, շաբաթ գիշերը մտնում է մի տուն: Աննան երեսնամյա գեղեցկուհի տանտիրուհին, անքնությամբ տառապող, բացահայտում է նրան: Ատրճանակի սպառնալիքի տակ՝ կինը գողին է հանձնում իր ունեցած բոլոր զարդերն ու թանկարժեք իրերը եւ խնդրում նրան հեռու մնալ իր երեքամյա աղջկանից՝ Պաուլիից: Սակայն աղջիկը եւս նկատում է գողին, վերջինս ինչ-ինչ աճպարարական հնարքներով շահում է երեխայի համակրանքը: «Ինչո՞ւ շուտ հեռանալ, եթե այստեղ այսքան լավ է»,- մտածում է Հուգոն, կարող է մնալ ու լիարժեք վայելել այս իրավիճակը: Տանտիրուհու ամուսինը մինչ կիրակի երեկո չի վերադառնալու գործուղումից. գիտի, քանի որ հետեւել է այս ընտանիքին: Երկար չի մտածում, հագնում է տանտիրոջ շալվարն ու խնդրում Աննային ուտելիք պատրաստել իր համար, գինի բերել նկուղից, երաժշտություն միացնել ընթրիքին, որովհետեւ չի պատկերացնում կյանքն առանց երաժշտության:

Աննան մտահոգված է Պաուլիի անվտանգությամբ. ընթրիքը պատրաստելիս մտածում է, թե ինչպես այս մարդուն դուրս հանի իր տնից: Բայց շատ բան չի կարող անել, քանի որ Հուգոն կտրել է հեռախոսի լարերը, տունը հեռու է ու առանձնացված, արդեն գիշեր է, ու ոչ ոք չի գա օգնության: Աննան որոշում է Հուգոյի բաժակի մեջ քնաբեր լցնել: 

Ընթրիքի ժամանակ գողը, որ շաբաթվա ընթացքում բանկում որպես գիշերային պահակ է աշխատում, բացահայտում է, որ Աննան իր սիրած ռադիոհաղորդման հաղորդվարն է, երաժշտական ծրագիր, որ ինքը լսում է ամեն գիշեր՝ առանց բացառության: Հուգոն Աննայի մեծ երկրպագուն է: Նրանք լսում են մեծ Բենիի «Cómo fue» երգը ձայներիզով, զրուցում երաժշտությունից, երաժիշտներից: Աննան զղջում է, որ որոշեց «քնեցնել» Հուգոյին, քանի որ վերջինս խաղաղ է ու մտադիր չէ վնասել իրեն կամ բռնի ուժ կիրառել, սակայն արդեն ուշ է. քնաբերը  բաժակի մեջ է, ու գողն այն գոհունակությամբ խմում է մինչեւ վերջ: Այնուամենայնիվ, սխալ է տեղի ունեցել, եւ քնաբերով բաժակն Աննան է վերցրել: Աննան ավելի շուտ քնած է, քան արթուն: 

Հաջորդ առավոտյան Աննան արթնանում է իր ննջարանում, ամբողջովին հագնված եւ  խնամքով վերմակով  ծածկված: Այգում Հուգոն եւ Պաուլին խաղում են, քանի որ արդեն պատրաստել են նախաճաշը: Աննան զարմացած է, թե որքան լավ ժամանակ են նրանք անցկացնում միասին: Նրան հիացնում է այս գողի խոհարարական վարպետությունը, ի վերջո՝ վերջինս նաեւ բավականին գրավիչ է: Աննան սկսում է տարօրինակ երջանկություն զգալ:

Այդ պահին ընկերուհիներից մեկն է գալիս ու Աննային ճաշի  հրավիրում: Հուգոն նյարդայնանում է, Աննան, պատճառաբանելով, որ դուստրը հիվանդ է, անմիջապես հրաժեշտ է տալիս ընկերուհուն: Այսպիսով, երեքը միասին մնում են տանը՝ վայելելու կիրակին: Հուգոն վերանորոգում է պատուհաններն ու հեռախոսը, որը քանդել էր նախորդ գիշեր, երբ վերջինս զնգում էր: Աննան պարզում է, որ Հուգոն շատ լավ է պարում դանսոն. պար, որ ինքը սիրում է, բայց երբեք չի հաջողվել պարել որեւէ մեկի հետ: Հուգոն առաջարկում է, որ նրանք պարեն մի հատված, եւ այդպես, մինչ երեկո պարում են: Պաուլին նայում է նրանց, ծափահարում եւ վերջապես քնում է: Պարողները կողք կողքի ուժասպառ փլվում են հյուրասենյակում՝ բազկաթոռին: 

Աննկատ թռչում է ժամանակը, ամուսնու վերադառնալու ժամն է: Թեեւ Աննան դիմադրում է, Հուգոն վերադարձնում է գրեթե ամենը, ինչ գողացել էր, մի քանի խորհուրդ է տալիս, որ գող չմտնի տուն, հրաժեշտ է տալիս երկու կանանց ակնհայտ թախիծով: Աննան նայում է նրա ետեւից: Ուր որ է Հուգոն տեսադաշտից  կանհետանա, Աննան բարձրաձայն կանչում է նրան: Երբ Հուգոն վերադառնում է, Աննան նայում է ուղիղ նրա աչքերին ու ասում, որ հաջորդ շաբաթվա վերջին ամուսինը կրկին մեկնելու է ճամփորդության: Շաբաթ օրվա գողը հեռանում է երջանիկ` պարելով թաղամասի փողոցներում: Մութն ընկնում է:
                                                        Վերջ

 

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ