Նոր նախագիծ․ 10-ից ավել տարվա արտադրության տաքսիները տեխզննում կանցնեն 6 ամիսը մեկ անգամ

Նոր նախագիծ․ 10-ից ավել տարվա արտադրության տաքսիները տեխզննում կանցնեն 6 ամիսը մեկ անգամ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր մի հարց, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Հարցը, ցավոք սրտի, ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում, ուստի չիմացանք, թե ինչ հիմնավորումներ են բերում նախագծի հեղինակները։ 

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման անցկացման կարգում։ Ըստ այդմ՝ նոր թողարկված ավտոմեքենաները պետք է տեխզննում անցնեն թողարկման պահից չորս տարի անց։ Իսկ թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցները պետք է տեխզննություն անցնեն տարին մեկ անգամ, իսկ 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։ 

Փոխարենը՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական զննությունը՝ 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության, իրականացվելու է երկու տարին մեկ անգամ։ Իսկ 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ և այս խմբում ներառված մյուս տրանսպորտային միջոցների դեպքում տեխզննումը կատարվելու է տարին մեկ անգամ։ 

Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: 

Արդյունքում ներկայիս 41 կետերից (62 ենթակետ) կմնա 27-ը (48 ենթակետ), որից 9-ը (36 ենթակետ) պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: