Ռուսաստանն աշխատուժի տրամադրման խնդրանքով կդիմի Զիմբաբվեին
The Herald պարբերականը գրում է, որ Ռուսաստանը բախվել է աշխատուժի դեֆիցիտի հետ եւ մտադիր է դիմել աֆրիկյան Զիմբաբվե պետությանը՝ խնդրելով վերջինիս իշխանություններից իրեն տրամադրել աշխատուժ՝ շինարարության ոլորտում աշխատելու համար։ Համաձայն հրապարակման, հարցն արդեն քննարկվել է Զիմբաբվեի Ազգային բնակշինարարության եւ սոցիալական ծառայությունների նախարար Սոդոյ Զեմուի եւ ՌԴ Բնակկոմունալ տնտեսության եւ շինարարության նախարարի տեղակալ Նիկիտա Ստաշինինի միջեւ՝ Կահիրեում տեղի ունեցած միջազգային ֆորումի ժամանակ։ Աշխատուժի տրամադրման դիմաց՝ Մոսկվան խոստացել է կիսվել սոցիալական բնակարանաշինության իր փորձով։
Զիմբաբվեցի նախարար Զեմուն նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է նման համագործակցությամբ եւ հրավիրել է ռուսական պատվիրակությանը՝ շարունակելու բանակցությունները։ Աշխատուժի պակասը, ըստ պարբերականի, ստիպում է, որպեսզի ռուսական ընկերությունները ակտիվորեն փորձեն աշխատողներ գտնել Աֆրիկայի երկրներում։ Այս տարվա առաջին կիսամյակին, ըստ ռուսական աշխատաշուկան ուսումնասիրող կազմակերպությունների, Աֆրիկյան մի շարք երկրներում զգալիորեն աճել են այն հաստիքները, որոնք լրացնելու համար աշխատողներ են փնտրում ռուսական ընկերությունները։ Ռուսները հետաքրքրված են քենիացի, զիմբաբվեցի, քամերունցի, զամբիացի, սյեռա-լեոնցի, գաբոնցի աշխատողներով։ Հատուկ հետաքրքրության ոլորտում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։ Համաձայն մասնագետների, աֆրիկացի աշխատողները Ռուսաստանում կատարում են տարբեր աշխատանքներ՝ գյուղատնտեսական, շինարարական ոլորտներից, որոնք բարձր մասնագիտական կարողություններ չեն պահանջում, մինչեւ խոշոր ընկերություններում զբաղեցնում են վարչական պաշտոններ։ Այս իրավիճակը Ռուսաստանում ստեղծվել է միգրացիոն քաղաքականության խստացման արդյունքում, նշում են փորձագետները։
Կարծիքներ