«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի պատգամավորներն իրավապահների թիրախում են

«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի պատգամավորներն իրավապահների թիրախում են

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Սյունիքի համայնքապետերից եւ Արմեն Չարչյանից հետո իշխանական իրավապահները փորձում են գործեր կարել նաեւ այլ պատգամավորների վրա: Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում եւ դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրվում է յուրաքանչյուր պատգամավորի կյանքը, գործունեությունը, ունեցվածքը, մերձավորների շրջանակը, որպեսզի նոր քրեական գործեր հարուցվեն: Մեր տեղեկություններով, մասնավորապես գործընթաց է գնում պատգամավորներ Վահե Հակոբյանի ու Արմեն Գեւորգյանի հետ կապված: Այս երկու անձի հանդեպ Նիկոլ Փաշինյանը հատուկ բացասական վերաբերմունք ունի, ուստի նրանց ունեցած գույքը եւ ունեցվածքն է ստուգվում: Նրանցով զբաղվում է ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանումը: Դատախազությունն ուսումնասիրում է` հնարավո՞ր է արդյոք ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում ինչ որ գործ հարուցել այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։

Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում։