Որոշ շրջանակներ փորձում են դեպքին ազգամիջյան երանգներ տալ․ Ղազախստանում ՀՀ դեսպան

Որոշ շրջանակներ փորձում են դեպքին ազգամիջյան երանգներ տալ․ Ղազախստանում ՀՀ դեսպան

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում՝ «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1995 թ.-ին ծնված Ժանսեյթ Ռախիմջան Բախիտջանուլիի դիակը։ Ստացված տվյալների արդյունքում պարզվել է, որ այդ գիշեր 9 հոգանոց ղազախների ընկերախումբը վիճաբանության է բռնվել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնց էլ պատկանում է «Հին Հռոմ» ռեստորանը: Բախումը վերածվել է ծեծկռտուկի, որին խառնվել են ռեստորանի գրեթե բոլոր հյուրերը: Ղազախները տեսնելով հայերի առավելությունը, կանչել են իրենց ընկերներին, ովքեր ժամանել են ռեստորան 3 ավտոմեքենաներով: Վկաների խոսքերով, կռվին մասնակցել է շուրջ 30-35 մարդ, որոնցից շատերի ձեռքին եղել է ձողեր ու մետաղյա բռնակներ: Կռվի արդյունքում հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ղազախների մեջ կա 1 զոհ եւ 2 դանակահարված:  Դեպքի արթիվ զրուցեցինք Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ։ Նրա խոսքով՝ պատճառը շատ տարրական է և չունի ազգամիջյան երանգներ․
«Իրավիճակը լարված է, և կապված է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքկի հետ։ Մարդկանց երկու հարբած խմբի միջև հրմշտոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել , որի արդյունքում, ցավոք սրտի մարդ  է զոհվել, կան նաև վիրավորվածներ։ Ներկայիս դրությամբ գիտենք, որ հետաքննություն է վարվում, գիտենք, որ մի քանի հոգի ձերբակալված են, նաև կա մեկը, որ հետախուզման մեջ է գտնվում այս պահի դրությամբ։ Պատճառը շատ տարրական է, ազգամիջյան կամ այդ կարգի խնդիրներ չեն եղել։ Գիշերը՝ ժամը երեքին, ռեստորանում ի՞նչ պատճառ պետք է լինի, մարդիկ մի քիչ գլուխները տաքացրած իրար հետ վիճել են, որը վերածվել է ծեծկռտուքի, բայց կան նաև  ինչ-որ  սադրիչ հայտարարություններ  որոշ շրջանակների կողմից, որ փորձում են ազգամիջյան երանգ հաղորդել։ Կարող եմ Ձեզ ասել, որ տեղական իշխանությունները, դատախազությունը, նահանգային իշխանությունները ամեն ջանք գործադրում են, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա և ընթանա նորմալ հունով։ Հուսանք՝ այդպես էլ կլինի»։

 

Հարցրինք, թե հայրեի մեջ եղե՞լ են ՀՀ քաղաքացիներ․
«Այս պահի դրությամբ մենք ստույգ տեղեկություններ չունենք՝ արդյոք ՀՀ քաղաքացիներ են եղել հայերի մեջ, թե՞ ոչ, բայց մենք սերտ կապերի մեջ ենք Կարագանդայի  համայնքային ղեկավարության հետ, և անընդհատ տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում,  մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք՝ անհրաժեշտության դեպքում գտնվելու իրենց կողքին։ Այս պահի դրությամբ նման անհրաժեշտություն չկա»։
Իսկ այն հարցին, թե իրավապահները ապահովո՞ւմ են տեղի հայ համայնքի անվտանգությունն, ու կա՞ն վտանգներ, որ նոր բախումներ կարող են լինել, դեսպանը պատասխանեց․

«Հարցը հետևյալն է․ խնդիրը այնպիսին է, որ այն չի վերաբերում կոնկրետ հայ համայնքին։ Եթե կան ինչ-որ սադրիչներ, որոնք փորձում են ինչ-որ երանգներ հաղորդել այս միջադեպին․․․, դրանք ընդհանրապես այլատյածության դրսևորումներ են, այլ ոչ թե հակահայկական դրսևորումներ »։