Գարիկ Սարգսյանի և մորաքրոջ հարսի հաշվեհարդարը

Գարիկ Սարգսյանի  և մորաքրոջ հարսի հաշվեհարդարը

Իշխանափոխությունից հետո նախկիններից ազատվելը դարձել է կենաց-մահու պայքար։ Նույնիսկ ժէկ-ի պետի պաշտոնում նորերն ուզում են տեսնել իրենց «մարդուն», հներին դուրս են մղում տարբեր պաշտոններից՝ ոմանց ազատելով, մյուսներին քրեական գործերով սպառնալով։ Քչերն են դիմադրում, պայքարում աշխատանքը չկորցնելու համար։ Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքային բաժնի արդեն նախկին պետ, մարզում լայն կապեր ու ճանաչում ունեցող Վարդան Հովսեփյանին Արարատի մարզպետն ամիսներ առաջ է ազատել՝ քաղաքական նպատակներով «օգտագործելուց» հետո։

Հովսեփյանը պատրաստվում է ոչ միայն դատարանով վերականգնել կորցրած աշխատանքը, այլեւ աղմկոտ բացահայտումներ անել մարզպետի եւ նրա յուրայինների վերաբերյալ։ Անցած տարեվերջյան ընտրություններից հետո աշխատանքը կորցրած նախկին պաշտոնյան 2005 թվականից զբաղեցրել է, ժողովրդի լեզվով ասած՝ Մասիսի «Փարոսի» պետի պաշտոնը, հեղափոխությունից հետո դրամատիկ ոդիսական է ունեցել, մարզպետ Գարիկ Սարգսյանն ու իր մորաքրոջ հարս  Լիլիթ Միրզախանյանը, ում մարզպետարանում գիտեն որպես «ասիչ», Հովսեփյանի գլխին իսկական կինո են սարքել։ Լիլիթը մարզպետի խորհրդական է ձեւակերպված, բայց աշխատակազմի ղեկավարի դեր է կատարում, քանի որ տվյալները չեն համապատասխանում աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անձնագրին, այն թափուր են պահում, մինչեւ Լիլիթի չափորոշիչները համապատասխանեն։ 

Վարդան Հովսեփյանը ՀՀԿ-ական է, անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո հասկանալով, որ ինքն այլեւս անցանկալի պաշտոնյա է մարզում, սեփական նախաձեռնությամբ  մարզպետարանում հանդիպել է Գարիկ Սարգսյանին, պատրաստակամություն հայտնել հեռանալ, մարզպետն ասել է՝ «գնա աշխատի»։ «Ես ոչ թե վախենում էի ինչ-որ բանից, քանի որ 2005 թվականից աշխատել եմ, եւ ոչ մի լումայի չարաշահում չի եղել իմ ղեկավարած կառույցում, այլեւ հասկացա, որ իրենք բոլոր տեղերում իրենց մարդկանց են դնում։ Մարզպետն ասաց՝ գնա աշխատի, երբ պետք լինի, ես կասեմ՝ դիմումդ գրի։ Ինքը լավ գիտեր, որ ես իմ ոլորտը տասը մատիս պես գիտեմ ու աշխատել եմ անշահախնդիր»,- մանրամասնեց Հովսեփյանը։ Սակայն այդ հանդիպումից հետո նրա դեմ քողարկված արշավ է սկսվել․ ամռանը ոստիկանության վեցերորդ վարչությունն է ստուգումներ իրականացրել իր ղեկավարած կառույցում․ «Մարդկանց են տարել»։ Հովսեփյանի աչքը թեթեւ վախեցնելուց հետո մի քանի ամիս նրան հանգիստ են թողել, մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները․ «Ընտրությունների նախաշեմին լսեցի, որ մեր տարածքի Նորամարգ գյուղում քարոզարշավի ժամանակ իբր 3 հոգի բողոքել են, թե ես գումար եմ պահանջել իրենցից, դրա համար «փարոս» չեմ տվել»։

Անցել է մի քանի օր, Հովսեփյանին է զանգահարել Լիլիթ Միրզախանյանի ամուսինը եւ հանդիպելու ցանկություն հայտնել․ «Ինքն իր կնոջ հետ, կոնյակով-բանով եկան մեր տուն։ Ասաց՝ որ խնդրեմ, կօգնե՞ք մեզ ընտրություններում։ Մի երկու ժամ խոսել ենք ընտրություններից, բայց Նորամարգի գյուղի թեման ընդհանրապես չի խոսվել»։ Հիշեցնենք, որ թե՛ մարզպետը, թե՛ Լիլիթ Միրզախանյանը ՔՊ ռեյտինգային ցուցակում էին։ «Մեկ օր հետո Լիլիթի ամուսինը զանգեց, թե՝ մարզպետի հետ խոսել ենք, ասաց՝ թող էդքան գազ չտա Լիլիթի համար, այլ իմ թեկնածության վրա աշխատի։ Ընտրարշավի ընթացքում Լիլիթի ամուսնու հետ պարբերաբար կապի մեջ ենք եղել, իբր նորմալ էր ամեն ինչ»։ Սակայն ընտրություններից առաջ՝ դեկտեմբերի 7-ին, մարզպետարանից զանգահարել են Հովսեփյանին, ասել, որ տեսուչներից մեկի հետ ներկայանա փոխմարզպետին հանդիպման։ «Փոխմարզպետն էլ Գարիկ Սարգսյանի բաջանաղն է։ Նորամարգի թեմայի մասին հարցրեց, ես ասացի, որ նման բան չի կարող լինել, բացառվում է, իսկ եթե նման հաղորդում են տվել, քաղաքացիներին ուղղորդեք իրավապահ մարմիններին։ Բայց կանչեցին առողջապահության սոցիալական վարչության պետ Կտրակյանին, ով ինձ փորձեց համոզել, որ զեկուցագիր գրեմ, թե նման բան է եղել, իրենք էլ ինձ նկատողություն կտան՝ կանցնի։ Ես ափերից դուրս եկա ու մի քիչ էլ տոնս բարձրացրի, ասեցի՝ ինչի՞ համար, եթե նման բան չի եղել, հիմա էլ գիշեր-ցերեկ աշխատում եմ, անգամ սպիտակ թուղթ չեն տալիս, իմ ընտանիքը բիզնես ունի, ես իմ գրպանից եմ ամեն ինչ անում։ Ես ասացի՝ եթե քաղաքական  խարդավանքներ են, ինձ ուզում եք էս ճանապարհով ճնշել, որ ես հասկանամ ինչ անեմ ընտրություններին, ես, որպես կանոն, չեմ դավաճանում իմ ղեկավարներին, եթե ասել եմ՝ կաշխատեմ, ուրեմն աշխատելու եմ, կապ չունի, որ ՀՀԿ-ական եմ, ես մեծ քաղաքականության հետ կապ չունեմ, ես իմ աշխատանքն եմ արել, դուք գիտեք ինչպես ենք ժամանակին դարձել ՀՀԿ-ական»։ 

Ընտրությունները բարեհաջող ավարտելուց հետո, երբ Գարիկ Սարգսյանի օգտին մարզից 22 հազար ձայն է հավաքվել, Հովսեփյանն ակնկալել է, որ Սարգսյանը կկանչի, շնորհակալություն կհայտնի, եւ իրոք՝ ընտրությունից 2 օր հետո կանչել է նրան, բայց բոլորովին այլ բանի համար․ «Ինձանից հաշիվ էր պահանջում փոխմարզպետի հետ հանդիպման առիթով, թե ինչու եմ բարձր տոնով խոսել։ Հինգ րոպե զրուցեցինք, ինքն ասաց՝ հիշո՞ւմ ես ամիսներ առաջ ինչ էինք պայմանավորվել, ես ասացի՝ լավ, հասկացա, գնամ դիմումս գրեմ։ Անմիջապես բարձրացել եմ կադրերի բաժին, ազատման դիմումս գրել եմ, մտել Լիլիթին էլ տեսել եմ, ասել եմ՝ ցտեսություն, ու գնացել»։ Ապա երեկոյան լսել է, որ Կտրակյանը ժողով է արել ու իր դեմ գործ պատրաստել․ «Ասել է՝ եթե Հովսեփյանը դիմումը գրել է, ուրեմն տակը կեղտ կա, բերենք էդ Նորամարգի գյուղացիների զեկուցագրերը դնենք շրջանառության մեջ, ուղարկենք դատախազություն, որ քրեական գործ հարուցվի։ Այսինքն, մեկ ամիս է՝ իրենք զեկուցագիր են ունեցել, բայց, փաստորեն, թաքցրել են հանցագործությունը, քանի որ ես աշխատել եմ իրենց օգտին, հենց ես գրեցի ազատման դիմումս, նոր որոշում են դնեն շրջանառության մեջ։ Այսպիսի աբսուրդ իրավիճակ»։ 

Համաձայն «Քաղծառայության մասին» օրենքի՝ ազատման  դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում քաղծառայողը կարող է այն ետ վերցնել՝ չեղարկելու դիմում ներկայացնել, Հովսեփյանը հաջորդ օրը գնացել, նման դիմում է գրել․ «Եկա տուն, կասկածեցի, որ կարող է չմուտքագրեն մալբըրի ծրագիր, նորից գնացի կադրերի բաժին, ասացի՝ բացեք տեսնեմ՝ մուտքագրե՞լ եք, թե՞ ոչ։ Աշխատակիցն ասաց, թե Լիլիթ Միրզախանյանը տարել է իմ դիմումը, առանց նրա թույլտվության չենք կարող ոչինչ անել, հետո, իբր, զանգեցին Լիլիթին, ինձ ասացին, որ երեխան վատ է, Լիլիթը հիվանդանոցում է, ու այդպես էլ իմ դիմումի եռօրյա ժամկետը լրացավ, իրենք թույլ տվեցին դիտավորությամբ պաշտոնական դիրքի չարաշահում, այնինչ նույն օրը Ֆեյսբուքում ես տեսա, որ Լիլիթը «Դիլիջան ռեզորթում» է՝ ամուսնու ու տղայի հետ նկարներ է գցել»։ Ինչեւէ, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ «Էդ քաղաքացիներից մեկը եկավ ցուցմունք գրեց, որ ինքը ո՛չ տառերը գիտի, ո՛չ գրել, ո՛չ էլ խաբար է, թե ինչ զեկուցագիր են իր անունից գրել, մյուս երկուսն էլ հայտարարեցին, որ գումար չեն տվել, հետո երեւի գյուղապետը կամ չգիտեմ ով, աշխատանքներ տարան, էդ մարդիկ եկան, գրեցին, որ ոչ թե տվել են գումար, այլ իրենցից ուզել եմ, իրանք չեն տվել։ Դե, այնպես արեցին, որ մարզպետարանի աշխատակիցների ու գյուղացիների վրա սուտ մատնություն, գործ կարել չլինի եւ այլն, ես էլ իմ ցուցմունքում գրել եմ, որ այս ամեն ինչի հիմքով եմ գրել ազատման դիմումս, որ ազատ քննություն լինի»։ 

Վարդան Հովսեփյանը պատրաստվում է հակընդդեմ հայցով ներկայանալ նախ Լիլիթ Միրզախանյանի դեմ, որը, մեր զրուցակցի խոսքով, դիտավորությամբ չի կատարել իր պարտավորությունները եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ զրկել է իրեն աշխատանքից․ «Ընդ որում՝ ես մարզպետին էլ եմ ասել, որ չեղարկման դիմում եմ գրել, չեն մուտքագրում, բայց թե ինչու նա իր պաշտոնական լիազորությունների շրջանակում ընթացք չի տվել, թող պարզվի»։

Հովսեփյանը պատմեց, որ մոտ երկու ամիս առաջ թափուր պաշտոնի համար հայտարարություն է տրվել, ինքն էլ է գործերը ներկայացրել։ Իմանալով այդ մասին՝ մարզպետարանը կրկին քայլեր է ձեռնարկել․ «Իրենք չունեին թեկնածու, որը կհամապատասխաներ այդ պաշտոնին, ուստի փոխեցին պաշտոնի չափորոշիչները»։ Մենք փորձեցինք լսել մարզպետարանի տեսակետը, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը համագումարում վերահսկող հանձնաժողովի կազմում է ընտրվել եւ դեռ վայելում է արձակուրդը, ուստի չպատասխանեց մեր զանգերին։