«Հայփոստը» ավելացրել է փոստատարների թիվը իր ներքին ռեզերվներից, որ կարողանան թոշակները հասցնել

«Հայփոստը» ավելացրել է փոստատարների թիվը իր ներքին ռեզերվներից, որ կարողանան թոշակները հասցնել

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հայտարարվեց, որ թոշակառուներին վարակվելուց զերծ պահելու համար թոշակները կբաժանվեն տներով։ Զանգահարեցինք աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն՝ պարզելու, թե շուրջ 500 հազար թոշակառուների թոշակների որ հատվածն է բաժանվել։ Սոցապ մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը  «Հրապարակին» հայտնեց․«Ես չեմ կարող ասել՝ յուրաքանչյուր բաժանմունքը  որքան մասն է  բաժանել, հերթով տանում են ՝ ըստ իրենց հաշվառման հասցեների։ Դրա համար սահմանված ժամանակը ապրիլի 2-ից 6 ընկած ժամանակահատվածն էր, ինչպես և նախկինում, երբ առձեռն չէին ստանում»։

Հարցրեցինք՝ բա՞րդ չէ 500 հազար մարդու տուն գնալը։ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ ոչ բոլոր թոշակառուներն են թոշակները ստանում «Հայփոստից», նրանց հիմնական մասը բանկային քարտեր ունի։ Ինչ վերաբերում է աշխատուժին, ապա հայտնեց, որ «Հայփոստը» այլ ստորաբաժանումների հաշվին ավելացրել է թոշակ բաժանող աշխատակիցների քանակը, որպեսզի նրանք կարողանան տեղավորվել սահմանված ժամկետում։ Նախարարությունը փոստատարներին տրամադրել է դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ ու ալկոգել։