Հարցեր, հարցեր, հարցեր

Հարցեր, հարցեր, հարցեր

Կարդում եմ վարչապետի ելույթը 2023 թ․ բյուջեի մասին, եւ բազում հարցեր են ծագում։ Օրինակ, ինչպե՞ս է պատահում, որ զինծառայողների, ուսուցիչների, անգամ դերասանների աշխատավարձը բարձրացնելիս ատեստացիաներ եք նախատեսում, հայտարարում, թե՝ «ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացումն առանց որակական նոր չափանիշների եւ ստանդարտների սահմանման», իսկ ձեր՝ իշխանության գալուց ամիսներ անց նախ գաղտնի, ապա բացահայտ որոշումներով կրկնակի բարձրացրիք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ առանց որեւէ ատեստացիայի ու որակական նոր չափանիշներին «համապատասխանելու»:

Ի՞նչ խղճով ու ի՞նչ երեսով եք հայտարարում, թե՝ «1 տարվա մեջ 4 անգամ թոշակ ենք բարձրացնում», երբ ձեր աշխատավարձերը 1 միլիոն դրամի սահմաններում են, իսկ կենսաթոշակը բարձրանում է մի քանի հազար դրամով, եւ բարձրացում եք անվանում նաեւ անկանխիկ առեւտրից հետվճարի համակարգով վերադարձված խղճուկ 10 տոկոսը, որից բանկերն ավելի շատ են շահում, քան թոշակառուները։ Եվ այդ մի քանի հազար դրամի ավելացումը՝ մթերքների ամեն օր մի քանի հազար դրամով աճող գների համեմատ, ի՞նչ դեր է խաղալու մարդկանց կյանքում։

Ինչո՞ւ չեք ասում, թե քանի տոկոսով է իջել թոշակառուների, պետական ծառայողների, տրանսֆերտներով ապրողների կենսամակարդակը վերջին 1-2 տարում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ տարեց մարդկանց ստիպելով անկանխիկ վճարումներ անել, այսինքն՝ նվաստացնելով ու նրանց կյանքը բարդացնելով, մի քանի դրամ շպրտելը որքանո՞վ է ազնիվ։ Ի վերջո, դուք իշխանությո՞ւն եք, որը հոգ է տանում իր տարեց քաղաքացիների մասին, թե՞ դասատուների խմբակ, որն ինքը  չի սովորում, բայց փորձում է դաս տալ իր քաղաքացիներին՝ նրանց իբրեւ հաղորդակից դարձնել ժամանակակից առեւտրի եղանակներին։