ԿԳՄՍ նախարարը համոզեց

ԿԳՄՍ նախարարը համոզեց

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջն անժամկետ դասադուլ է հայտարարել. պահանջում են տնօրեն Անգելինա Արշակյանի հրաժարականը: Աշխատակազմը դեռ սեպտեմբերի 1-ին էր դասադուլ-գործադուլ սկսել, բայց քանի որ ԿԳՄՍՆ-ից խոստացել էին խնդիրն ուսումնասիրել եւ ողջամիտ ժամկետում լուծում գտնել, ուսուցիչները դադարեցրել էին հրապարակային պայքարը:

Ավելի քան 20 օր է անցել խոստումից, իսկ Արշակյանը դեռ պաշտոնավարում է: Աշխատակազմը, այլեւս հավատ չտածելով նախարարությունից հնչած խոստմանը, շարունակել է ընդհատած դասադուլը: 

Նրանց չի գոհացնում տնօրեն Արշակյանի գործելաոճը, ասում են՝ քամահրանքով է վերաբերվում ուսուցիչներին, ծաղրում յուրաքանչյուր նախաձեռնություն, ինքնասիրահարված է, տառապում է անձի պաշտամունքով: 

«Քոլեջի պատերը լցրել է իր նկարներով. տեսեք-տեսեք՝ սնկանոց է սարքել, բանջարանոց հիմնել, ինտերակտիվ թոնիր դրել, որը, ի դեպ, գործարկվել է միայն բացման օրը՝ խորոված են կախել մեջը: Բայց չի ասում, որ բանջարանոցը խմելու ջրով է ոռոգել ու ահռելի պարտք կուտակել, ինչի պատճառով քոլեջի ջուրը կտրել են»,- ասում էին ԿԳՄՍ նախարարություն հասած ուսուցիչները, որոնք սպասում էին փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ընդունելությանը: 

Մեկ տարի առաջ փոխնախարար Անդրեասյանն է տնօրեն Արշակյանին ներկայացրել քոլեջի աշխատակազմին: Զրուցակիցներիս ասելով՝ գովեստի այնքան խոսքեր է ասել նրա հասցեին, այնքան խելացի ու ստեղծագործ ներկայացրել, որ աշխատակազմին թվացել է, թե «երկնքից մանանա են իջեցրել» իրենց համար:

Ուսուցիչների ասելով՝ Արշակյանը քոլեջի ներսում իր համար կայսրություն է ստեղծել, որտեղ ուսուցիչները տեղ չեն ունեցել: «Մեզ՝ դասավանդողներիս, վտարել է երկրորդ կորպուս: Երեւի իրեն մեզնից այնքան վեր է դասում, որ նույն հարթության վրա չի պատկերացնում, հեռացնում է իրենից: Դե, եթե հեռացնել, ուրեմն կհեռանաս ինքդ»,- ասացին  փոխնախարարի ընդունելությանը սպասողները:

Ըստ նրանց՝ Արշակյանը, տնօրեն նշանակվելու օրվանից, ոչնչացրել է իրենց արած-դրածները, շեշտակի բարձրացրել կրթաթոշակը, մատյանները ստուգող օտար մարդկանց է բերել-լցրեց քոլեջ, ոչնչացրել է պատերազմում զոհված ուսանողների նկարներով հուշապատը: 

«Նա նույնիսկ չի տիրապետում տեխնոլոգիաներին, այնքան ինքնասիրահարված է, որ իրեն թվում է՝ ամեն ինչ գիտի. ինչ անում է, ճիշտ է անում: Ես զարմանում եմ, թե ոնց են ամեն պատահական մարդու արտոնագիր տալիս, կրթական հաստատություն ուղարկում: Մեր քոլեջը 600 ուսանող եւ 70 աշխատող ունի: Կարելի՞ է արդյոք նման հաստատությունը վստահել ոլորտին անտեղյակ մարդուն: Գուցե նա լավ գյուղատնտես լինի, լավ բանջարաբույծ, բայց կրթությունն իրենը չէ»,- ասացին զրուցակիցներս:

Մինչ ուսուցիչները մանրամասներ էին ներկայացնում, տեղեկացրին, որ իրենց ներկայացուցչական խմբին պատրաստ է ընդունել ԿԳՄՍ նախարարը: Վահրամ Դումանյանը մանկավարժներին համոզել է՝ գնալ աշխատել՝ առանց ուշադրություն դարձնելու տնօրենին: Նաեւ խոստացել է խնդրին օբյեկտիվ լուծում տալ տեսչական ստուգումների արդյունքներն ամփոփելուց հետո: Տնօրենի հրաժարականը պահանջողները հավատացել են նախարարի խոսքին եւ խոստացել վերսկսել ընդհատված դասերը: