Սպիտակ Շորժան ինչ հիմունքներով է գործում, ինչ կապ ունի դրա հետ պատգամավոր Հայկ Սարգսյանը

Դեռևս 2020 թվականին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Սևանա լճի ափին գտնվող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին, որը շահագործում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը՝ Արտյոմ Մելքումյանը, ապօրինի է գործում:
ՀՀ էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «ՎԱՅԹ ՇՈՐԺԱ» ՍՊԸ-ն գրանցված է Զարեհ Սարգսյանի անունով, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց, տուն 42/2 հասցեում, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրական տան հասցեն է:
Վերոնշյալ ընկերության լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն։ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգից տեղեկանում ենք, որ «ՎԱՅԹ ՇՈՐԺԱ» ՍՊԸ-ն գրանցվել է 2023 թվականի մայիսի 26-ին, որտեղ կարգավիճակ բաժնում գրված է՝ Ժամանակավոր դադարեցված:
Սակայն «ՎԱՅԹ ՇՈՐԺԱ» հանգստյան գոտու ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելիս, հայտնի է դառնում, որ հուլիսի 13-ին և 14-ին «Հայկական փարթի» է տեղի ունենալու հանգստյան գոտում, ինչպես նաև պարզ է դառնում, որ հանգստյան գոտին շարունակում է իր բնականոն աշխատանքը, անկախ այն հանգամանքից, որ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է» արտահայտությունը վերաբերում է միայն շարքային քաղաքացիներին, իսկ պատգամավորների ընտանիքները կարող են բիզնես անել, ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնել, ըստ այդմ` հարկ չվճարել:
Կապ հաստատեցինք «Վայթ Շորժա» հանգստյան գոտու ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով, որտեղից մեզ տրամադրեցին մենեջերի հեռախոսահամարը, ով մեր հարցին, թե «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի անվան տակ է գործո՞ւմ հանգստյան գոտին, պատասխանեց. «Այո, մենք օրենքի շրջանակներում ենք աշխատում, օրենքի հետ կապված, որևէ խնդիր չկա»։ Մեր ճշտող հարցին, թե ո՞վ է սեփականատերը, մենեջերը չպատասխանեց, ասելով, որ իրավասու չէ տեղեկություն տալ սեփականատիրոջ մասին։
Կարծիքներ