Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին

Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին

«Gibson Brands» ընկերությունը հայտարարել է «Gibson Band» նախագծի մեկնարկի մասին: «Gibson Band»-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, «Gibson Brands» ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին։

Ինչպես տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից (օպերատոր՝ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություն), «Gibson Records»-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին «Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաև՝ «Gibson Gives»-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Լեռնային Ղարաբաղից փախստականներին ուղղված նախաձեռնությանը:

Էռնեկյան ընտանիքն՝ ի դեմս Corporación America հիմնադրամի, կկրկնապատկի հավաքված ողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը:

«Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: «Deconstruction» երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար:

Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի «Gibson Les Paul Standard»-ը (դեկտեմբերի 8-18, ավարտը՝ 11:00 PST) կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը (աճուրդին մասնակցելու համար հետևել հղմանը )»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն «Deconstruction»-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- ասել է Սեզար Գուեկյանը:

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել նաև դրական փոփոխություններ ստեղծելու»,- ընդգծել է Սերժ Թանկյանը:
«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է, և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմին:

«Մենք ուրախ ենք «Gibson Records»-ի հետ միասին մասնակցել այս նախաձեռնությանը», - նշում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: - Մենք հավատարիմ ենք մեր համայնքներում դրական փոփոխություններ խթանելուն և խոստանում ենք նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին։ Նվիրատվությունը կկրկնապատկի Սերժի նկարի և «Gibson Les Paul» կիթառի աճուրդից գոյացած միջոցները: Գիբսոնի հետ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է մեզ համար՝ առաջ մղելու մեր ռազմավարական նպատակը՝ նշանակալից ազդեցություն ունենալ Հայաստանում»: