«Հրապարակ»․ Հանրային ռադիոն եւ Արմեն Քոլոյանի արկածները

Նախորդ շաբաթ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի կիզակետում էր հայտնվել: Բացի այն, որ նա օրենքի խախտումներով է Ռադիոյի տնօրեն ընտրվել, եւ այդ ընտրության դեմ երկու դատական հայց է ներկայացվել, որոնց քննությունը շարունակվում է, Քոլոյանը Ռադիոյի կոլեկտիվի հետ լուրջ տարաձայնություններ ունի, եւ նրա աշխատանքից բազմաթիվ դժգոհություններ կան: Սակայն սա դեռ ամբողջը չէ, պարզվում է՝ հիմա էլ Քոլոյանին Հանրային հեռարձակողի խորհուրդն ինչ-ինչ չարաշահումների մեջ է մեղադրում:
Մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը նիստ է գումարել եւ Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին 3 աշխատանքային օր էր տվել` գրավոր բացատրություն ներկայացնելու համար: Հանրային ռադիոյի մեր աղբյուրները պատմում են, որ Խորհուրդը ՀՌ տնօրենին մի քանի ասպեկտով է մեղադրում: Նախ՝ կարծում են, որ նա աշխատանքային պարտականությունները ստանձնելուց ի վեր Ռադիոն խառնաշփոթի է վերածել եւ չի կարողանում լեզու գտնել հատկապես «Ռադիոլուրի» անձնակազմի հետ, որը Ռադիոյի գլխավոր բաժինն է, ինչի արդյունքում տուժում է աշխատանքը։ Մյուս պատճառն էլ ֆինանսական միջոցների վատնումն է: Մենք գրել էինք, որ Քոլոյանը ոչ նպատակային ծախսեր է արել, օրինակ` բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրության արժեքը 2 հազար 900 դոլար է, սակայն, որպես այդպիսին, աշխատանքի որակը դրանից չի բարձրացել: Նաեւ վիզաժիստի ծառայության գնումներ է կատարել եւ այլն: Ըստ մեր աղբյուրի՝ հենց այս ծախսերն ու էլի նման ուրիշ փաստեր ՀՀԽ-ի քննության առարկան են դարձել:
«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Քոլոյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես խոստանում եմ՝ կտամ պարզաբանում միայն հաջորդ շաբաթ` երկուշաբթի օրը գուցե: Ես արդեն գիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարող հիմա մեկնաբանել դա: Ինձ թվում է՝ ես առաջիկայում այդ մասին կխոսեմ»: Հարցին` ինչո՞ւ եք Reuters ընկերությանը եւ էլի նման մի քանի ընկերությունների բաժանորդագրվել եւ ամեն մի բաժանորդագրության համար մեկ ամսվա կտրվածքով մոտ 3 հազար դոլար վճարում։ «Ես Ձեր հարցերին հետո կպատասխանեմ»:
Մենք դիմեցինք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վասակ Դարբինյանին` ի՞նչ է արել Արմեն Քոլոյանը, ի՞նչ է քննարկել Խորհուրդը: Դարբինյանն ասաց. «Reuters ընկերության բաժանորդագրության հետ է կապված հարցը: Ինչ-որ ընթացակարգային թերություն կա, սակայն ավելի հստակ մենք երկուշաբթի օրը կհրապարակենք մեր եզրակացությունը, թե ինչ է արել»: Քոլոյանը տուգանվելո՞ւ է։ «Ոչ, նման բան չկա»: Իսկ տեղյա՞կ են Խորհրդում, թե ինչ մթնոլորտ է ստեղծել Արմեն Քոլոյանը Ռադիոյում։ Նա ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, դա Ռադիոյի խմբագրական քաղաքականությունն է, որին իրենք չեն միջամտում:
Մեզ նաեւ պատմեցին, որ Քոլոյանը մշտական վիճաբանությունների մեջ է Հանրային ռադիոյի «Ռադիոլուրի» լրագրողների հետ: «Ռադիոլուրի» լրագրող Ալիս Գեւորգյանին, որը զոհվածի մայր է, ամեն գնով փորձում է աշխատանքից հեռացնել, անգամ ասել է` դիմում գրիր, հեռացիր, սակայն անձնակազմը լրագրողի կողքին է, եւ բոլորը միասին պայքարում են նիկոլական տնօրենի դեմ, որը թեեւ արմատներով արցախցի է, բայց ՔՊ-ական թրքասիրության եւ արցախատյացության կրողն է: Տնօրեն նշանակվելուց անմիջապես հետո նա Բաքվի ժամանակով ժամացույց էր կախել «Ռադիոլուրի» տաղավարում, այն դեպքում, երբ Երեւանի ու Բաքվի ժամանակը նույնն է: Նման քայլերով նա իշխանությանն իր հավատարմությունն է ի ցույց դրել: Արմեն Քոլոյանին նաեւ հարցրինք` ինչո՞ւ եք փորձում ազատվել Ռադիոյի լրագրողներից, հատկապես զոհվածի մայր Ալիս Գեւորգյանից։ «Ե՞ս եմ նման բան ասել: Լավ, արդեն ամեն ինչ պարզ է»: Հիշեցնենք նաեւ, որ Ռադիոյի տնօրեի դեմ դատարան է դիմել նաեւ Հանրային ռադիոյի արդեն նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանը: Նա երկու հայցով դիմել է Քաղաքացիական դատարան: Առաջինն անհիմն նկատողությանն է վերաբերում, երկրորդը` իրավաբանի հաստիքի կրճատմանը: Մեր աղբյուրի խոսքով` Աղվանյանի մեկ հայցն արդեն դատարանը բավարարել է. պարտավորեցրել է Արմեն Քոլոյանին՝ անվավեր ճանաչել նկատողությունը։
Կարծիքներ