Ձեր ստերն ինձ արդեն հոգնեցրել են

Ձեր ստերն ինձ արդեն հոգնեցրել են

Դուք իսկապե՞ս ուզում եք, որ Ազատ գյուղում տեղակայված «գոմ-զորանոցի» հրդեհի առեղծվածը բացահայտվի, և հայտարարվեն 16 զոհի համար մեղավորների անունները ու նրանք օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Անձամբ ես չեմ ուզում: Չեմ ուզում լսել ավելի անհեթեթ բան, քան Նիկոլ Փաշինյանն է ասել այդ դեպքի մասին: Չեմ ուզում լսել նոր կոշմարների մասին, որ ունեցել են մեր զինվորներն այդ պահին: Խորշում եմ, չեմ ուզում կարդալ դժոխային տեսարանների մասին նոր նկարագրություններ, մեր զինվորների կրած անմարդկային չարչարանքների մասին չեմ ուզում լսել: Այն, ինչ տեսանք ու լսեցինք 44-օրյա պատերազմի առաջին օրից սկսած, բավական է, էլ չեմ ուզում: Լսո՞ւմ ես, իշխանություն կոչվող այլանդակ երևույթ, ես սարսափներից կուշտ եմ մինչև կոկորդս, և չհամարձակվես ինձ քո նոր հրեշապատումները մատուցել: Իմ սիրտն այլևս քարացել է, չի ազդում:

Ինձ համար նաև պարզ է, որ ինչքան էլ «բացահայտեք» Ազատի գործը, միևնույն է, մեր զինվորներն այլեւս չեն վերակենդանանալու, միևնույն է՝ մեղավորները չեն փոխվելու, միևնույն է՝ իշխանության որևէ ներկայացուցիչ չի պատժվելու: Եվ ուրեմն, կորեք գրողի ծոցը՝ ձեր քննություններով ու բացահայտումներով:

Հայրենիք եք տվել… Ձեր մարդկային տխեղծ էությամբ մարսեք նաև սա, ի՞նչ ասեմ, եթե կարող եք, բայց թույլ մի տվեք, որ ես իմանամ իսկությունը, որ զինվորների այրված դիերը եղել են մահճակալների վրա, որ զինվորներից բացի զորանոցում գրեթե ոչինչ՝ ոչ փայտե հատակը, ոչ փայտե աթոռը, չի այրվել: Էլի բաներ կան, բավ է, չեմ ուզում լսել: Ձեր ստերն ինձ արդեն հոգնեցրել են: