Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հաշվին տուրիզմ է զարգացնում

Թուրքիան Արեւմտյան Հայաստանի հաշվին տուրիզմ է զարգացնում

Մինչ մենք կարոտով ու ցավով հիշում ենք թուրքերի կողմից գերեվարված «էրգրի» ցավը, իսկ ցեղասպանություն ապրած ավագ սերունդը մեռնում է` այդ կարոտը սրտում, Թուրքիան իր տուրիզմն է զարգացնում մեր պատմամշակութային հուշարձանների, կոթողների ու հիասքանչ բնաշխարհի հաշվին: Թուրքական DAILY NEWS-ը ունի հրապարակումների շարք, որով գովազդում է՝ Թուրքիայի տեսարժան վայրերը, որոնք զբոսաշրջիկների ամենասիրված վայրերն են: Օրինակ, «Հմայիչ մայրամուտ Նեմրութ լեռան վրա» խորագրով ներկայացնում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայում մ.թ.ա. 69 – 34 թթ կառուցված դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Արձանների բարձրությունը հասնում է մինչև 8 մետրի: Մեջտեղում հայ դիցաբանության գլխավոր աստված Արամազդի արձանն է, որի մի կողմից Արամազդի որդու՝ Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձաններն են:

Թուրքական լրատվամիջոցը գրում է. «Քարե գլուխներով հիացած են»:  Իսկ այսպիսի խորագրով՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի 16 ապշեցուցիչ վայրերը Թուրքիայում» ներկայացվում են հիմնականում պատմական Հայաստանի ու Հունաստանի տեսդարժան վայրերը: Դրանց մեջ են մտնում հայկական Արդահանում գտնվող հայկական Ծովակը եւ նրանից սկիզբ առնող Մեծաջուր գետը, որոնք թուրքերն անվանում են Չըլդըր: «Սառեցված Չըլդըր լիճը գրավում է այցելուներին: Այն գտնվում է Թուրքիայի Արդահանի մարզում, լավային արգելափակման ծագում ունի»- գրում է թուրքական մամուլը: 

Թուրքիայի զբոսաշրջային կենտրոններից են դարձել նաեւ հայկական Անին, Դիարբեքիրի բերդը: Զբոսաշրջիկների մեծ մասը հայեր են, ովքեր գնում են իրենց պատմական հայրենիքը տեսնելու, իրենց ապուպապերի տները, գյուղերն ու բնակավայրերը գտնելու: Գնում են ու սրտի մեծ ցավով վերադառնում՝ տեսնելով կորսված հրաշք հայրենիքի անկրկնելի բնաշխարհն ու զգում նրա կանչող ուժը: Իսկ թուրքերը հպարտանում են, թե՝ տուրիստները հիացած են իրենց տեսարժան վայրերով: