Ինչ անհանգստություններ կան ռուսական հասարակությունում

Համաձայն «Լեւադա» կենտրոնի սոցհարցման՝ ռուսական հասարակությանն այսօր անհանգստացնում են հիմնականում հետեւյալ հարցերը․
• Գնաճ՝ 54 տոկոս
• Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտություն, Արեւմուտքի հետ հարաբերություններ, այդ թվում՝ նաեւ սանկցիաներ՝ 32 տոկոս
• Պայթյունների եւ ահաբեկչությունների սպառնալիք՝ 29 տոկոս,
• Կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ 26 տոկոս
• Օտարերկրացիների եւ միգրանտների հոսք՝ 24 տոկոս,
• Կոռուպցիա եւ կաշառակերություն՝ 21 տոկոս,
• Բուժսպասարկման բազմաթիվ ձեւերի անհասանելիություն բնակչության մի ստվար հատվածի համար՝ 19 տոկոս
• Աղքատություն եւ բնակչության բարեկեցության մակարդակի անկում՝ 18 տոկոս։
Հանրային անհանգստությունների այս ցանկը բավականին կայուն է վերջին տարիների համար, եւ հիմնական դինամիկան, օրինակ, անցյալ տարվա համեմատությամբ, նկատվում է այնպիսի հարցերում անհանգստությունների աճի մասով, ինչպիսիք են կոռուպցիան ու կաշառակերությունը, պաշտոնյաների ամենաթողությունը, միգրանտներն ու ահաբեկչությունների վտանգը։ Միաժամանակ, անցյալ տարվա համեմատությամբ, նվազել է բուժսպասարկման բազմաթիվ ձեւերի հանդեպ բնակչության մի ստվար մասի համար եղած անհասանելիության հետ կապված անհանգստությունների տոկոսային չափը։
Նվազել է նաեւ հարուստների եւ աղքատների բեւեռացման հետ կապված անհանգստությունը եւ այլն։ Կրասնոգորսկում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո ավելացել է ահաբեկչությունների եւ պայթյունների հանդեպ ունեցած անհանգստությունը։ Մասնագետներին հատկապես հետաքրքրում է այն, թե Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահաբեկչությունն ինչպես է ազդել հանրային տրամադրությունների վրա։ Մարտի 21-27-ի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եթե ահաբեկչությանը հաջորդած երկու օրերի ընթացքում հարցվածների միայն 14 տոկոսն է ասել, որ անհանգստացած է ահաբեկչությունների հավանականությունից, ապա մարտի 22-ին այս հարցով անհանգստացածների տոկոսային համամասնությունը կազմել է 32 տոկոս։ Նույնկերպ եւ միգրանտների հոսքի հետ կապված անհանգստությունները նախքան ահաբեկչությունը 19 տոկոս համամասնությունից, ահաբեկչությունից հետո ժամանակահատվածի համար հասել են 25 տոկոսի։ «Լեւադա» կենտրոնի մասնագետները նաեւ արձանագրել են, որ Կրասնոգորսկի ահաբեկչությունից հետո ազգայնական տրամադրությունները 6 տոկոսից հասել են 10-ի։
Այնուհանդերձ, վիճակագրությունը փաստում է, որ ռուսաստանցիների մեծ մասի համար հատկապես անհանգստացնող են գնաճն ու ինֆլյացիան։ Ու եթե գնաճը հնարավոր լինի կայունացնել, իսկ ինֆլյացիայի տեմպերը դանդաղեցնել, ապա իշխանությունները կկարողանան արձանագրել, որ հասարակությունը, ընդհանուր առմամբ, կգտնվի բարձր մակարդակի կայունության աստիճանում։ Սրան զուգահեռ, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը շարունակում է անխախտ կերպով ազդել ռուսական հանրության տրամադրությունների վրա, թեեւ այս մասով իշխանությունները կարծես թե հասել են որոշակի կայունացման, եւ հասարակությունն ընթացիկ իրականության ու ռազմական գործողություններին կարծես թե ընտելացել է արդեն։
Կարծիքներ