«Հրապարակ». Կինը փաստաբանական ընկերությունը կաշխատեցնի, ինքը` ԲԴԽ-ն ու դատական համակարգը

«Հրապարակ». Կինը փաստաբանական ընկերությունը կաշխատեցնի, ինքը` ԲԴԽ-ն ու դատական համակարգը

Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանի թեկնածությունն է առաջադրել, ըստ տեղեկությունների՝ Անդրեասյանը ԲԴԽ է գնում խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Մենք նախկինում գրել էինք, որ այդ պաշտոնի համար քաղաքական չեզոքությունը պարտադիր է, իսկ Անդրեասյանը մի շարք արտահայտություններ է թույլ տվել, որոնք չեզոքության հետ անհամատեղելի են։ Բացի սրանից, եւս մեկ շատ կարեւոր հանգամանք կա։ Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանի ընտանիքը «Էյ Էմ»` AM փաստաբանական ընկերությունում 40 տոկոս մասնակցություն ունի, այսինքն՝ ընկերության 40 տոկոսը պատկանում է Անդրեասյանի ընտանիքին։

Մինչեւ նախարար նշանակվելն այդ 40 տոկոսը պատկանում էր իրեն, իսկ նախարար նշանակվելուց հետո փոխանցել է կնոջը՝ Եվա Առաքելյանին։ Նշենք, որ ընկերության մյուս 60 տոկոսը պատկանում է Անդրեասյանի մտերիմ ընկեր, ներկայումս նրա տեղակալ եւ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին։ Արդյունքում ստացվում է հետեւյալ իրավիճակը․ ԲԴԽ նախագահի ընտանիքն ունի փաստաբանական գրասենյակ, եւ հետագայում դատարաններում այդ փաստաբանական ընկերության ցանկացած հաղթանակից հետո մյուս կողմը կարող է ասել, որ տանուլ է տվել, քանի որ կողմը ներկայացրել է ԲԴԽ նախագահի փաստաբանական գրասենյակը, եւ խախտվել է հավասար քննության իրավունքը։

Այլ կերպ ասած՝ կա շահերի ակնհայտ բախում։ Փաստաբան Երվանդ Վարոսյանին հարցրինք՝ արդյոք կարելի՞ է, որ փաստաբանական ընկերության տերը դառնա ԲԴԽ նախագահ, անգամ եթե տերը չէ` իր կինն է, եւ դրա մասին բոլորը գիտեն։

«Կարեն Անդրեասյանի պարագայում առկա է շահերի ակնհայտ բախում, որի պարագայում խիստ խնդրահարույց է նրա՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակվելն առհասարակ։ Անկախ այն բանից՝ ինքն է հանդիսանում փաստաբանական գրասենյակի 40 տոկոսի բաժնետերը, թե իր ազգականներից որեւէ մեկը, շահերի բախումն այստեղ ակնհայտ է, եւ պարզ է, որ ցանկացած կողմ, դատավարության ցանկացած սուբյեկտ կարող է կասկածներ ունենալ, որ գործը վարող դատավորը հնարավոր է կաշկանդվածություն ունենա այս հանգամանքով։ Իմ պրակտիկայում եթե նման դեպք հանդիպի, ապա ես, բնականաբար, այս հարցը կբարձրացնեմ, եւ կարծում եմ, որ ցանկացած փաստաբան այստեղ պետք է խնդիր տեսնի եւ իր վստահորդի շահերը ներկայացնելու տեսակետից այս հարցը պիտի բարձրացնի։ Եվ համոզված եմ, որ սա այնպիսի խնդիր է, որ, չի բացառվում՝ իր լուծումը ստանա նաեւ միջազգային դատական ատյաններում, մասնավորապես՝ Եվրադատարանում»,- ասաց Վարոսյանը, ապա փորձեց այլ օրինակներով բացատրել, թե ինչքանով է այս հանգամանքը խնդրահարույց դատական քննության տեսանկյունից․

«Նմանատիպ իրավիճակ, իհարկե, դժվար է պատկերացնել, բայց փոխաբերական համեմատություն անցկացնելով՝ կարելի է նաեւ իրավիճակը պատկերացնել այսպես, որ, օրինակ, որեւիցե մի դատավոր կամ դատավորի ազգական փաստաբանական գրասենյակ է բացում, եւ հետո այդ նույն դատավորը լսում է այդ գրասենյակի փաստաբանի մասնակցությամբ գործ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ առնվազն օբյեկտիվությունը խիստ կասկածի տակ կլինի այդ պարագայում»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

ՀԳ․ Երեկ Կարեն Անդրեասյանն ավետեց. «Ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար: Մեկ տարուց ավել իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետեւյալ արդյունքները», եւ 30 կետից կազմված ցանկ ներկայացրեց հանրությանը, որին մենք կանդրադառնանք առաջիկայում: