Դավիթ Գասպարյանն ազատման դիմում է գրել՝ Կարեն Անդրեասյանի հետ «լեզու չգտնելու» պատճառով

Դավիթ Գասպարյանն ազատման դիմում է գրել՝ Կարեն Անդրեասյանի հետ «լեզու չգտնելու» պատճառով

Մեր տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը տարվա սկզբին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա չի կարողացել «լեզու գտնել» նախարար Կարեն Անդրեասյանի հետ, այդ իսկ պատճառով էլ ազատման դիմում է գրել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Գասպարյանը հաստատեց լուրը։ Հարցին, թե Կարեն Անդրեասյանի հետ աշխատանքային ընդհանուր եզրեր չգտնե՞լն է եղել նման որոշում կայացնել պատճառը, նախկին պաշտոնյան նշեց․ «Արդեն վարկածներ եք առաջ քաշում։ Ես կայացրել եմ այդպիսի որոշում»։

Նա նաեւ նշեց, որ պետական այլ կառույցներից աշխատանքի առաջարկ չի ստացել, այսուհետ շարունակելու է փաստաբանական իր գործունեությունը․ «Շարունակելու եմ փաստաբանական գործունեությունս իրականացրել, որը իրականացրել եմ մինչեւ պետական աշխատանքի անցնելս։ Երբ կվերականգնվի փաստաբանի արտոնագիրս, որը կասեցված է՝ պայմանավորված նրանով, որ պետական աշխատանքի եմ եղել, այդ օրվանից կզբաղվեմ փաստաբանությամբ»։

Նշենք, որ Դավիթ Գասպարյանը 2020 թվականին էր նշանակվել  ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ՝ Ռուստամ Բադասյանի նախարար եղած ժամանակ։ Բարձրագույն դատական խորհրդում հիմնականում հենց Գասպարյանն էր ներկայացնում կարգապահական վարույթները։ Այժմ ԲԴԽ-ում նրա փոխարեն դրանք ներկայացնում են նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։