Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա

Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա

Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ստանալու են այնպիսի սպառազինություն, որը համարվում է բացառիկ։ armeniasputnik.am կայքն էլ հաղորդել է, որ Հայաստանում արտադրվում են եւ արտադրվելու են նոր զինատեսակներ, որոնցից մի մասը ներկայացվել է Ստեփանակերտում, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվա շքերթի ժամանակ։ Պաշտպանական ձեռնարկությունները բազմիցս ներկայացրել են իրենց հետաքրքիր մշակումները, սակայն երբեմն նրանք ձեռնամուխ են լինում զառանցանքների ժանրին պատկանող կամ ֆանտաստիկ նախագծերի իրականացմանը։ 

Որոշ տեղեկությունների համաձայն, ինչ-որ հրաշք ճառագայթիչի մշակման կամ փորձարկման համար, որը հիմնված է աշխատանքի ինչ-որ նոր ֆիզիկական մեթոդի վրա, ՀՀ Պնախարարությունը ծախսել է ոչ փոքր գումար եւ նույնիսկ փորձարկումների շարք է իրականացրել կենդանիների վրա։ Կան խոսակցություններ, որ զորակայանային պայմաններում զինվորականները կիլոմետրանոց հեռավորությունից մահացու խոցել են փորձարկվող կենդանիներին։ Դիահերձումից հետո էլ պարզել են, որ ճառագայթահարումը խորապես վնասել է կենդանիների արյունատար եւ նյարդային համակարգերը։ Խոսքը՝ խոսք, սակայն ո՞ւր են իրական գործող սարքերը։ 

Մայրաքաղաքում հեռանկարային սպառազինությունների հաճախ կազմակերպվող ցուցահանդեսներում այդպես էլ որեւէ նման սարք չի ցուցադրվել։ Նման հրապարակում գոնե մամուլում չի եղել։ Ու փոխանակ պահանջարկ ունեցող եւ հեռանկարային սպառազինություններում ներդրումներ կատարվեն, ինչպես այժմ արվում է Ադրբեջանում, մերոնք ստեղծում են ինչ-որ ծիծաղելի գրասենյակ՝ «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն» բարձրագոչ անունով, որը զբաղվում է միայն տեխնիկական խնդիրներ դնելով ու դրանցում պաշտպանական ձեռնարկություններին ներգրավելով։ 

Հիմարին էլ պարզ է, որ նորաթուխ նախարարությունը ընդամենը քողածածկույթ կհանդիսանա հսկայական փողերի լվացման համար, որոնք կներդրվեն ինչ-որ միստիկ ծրագրերի վրա, ու պարզ չէ, թե դրանք երբ կհատուցվեն, եթե հատուցվեն առհասարակ։ Ինչո՞ւ, փոխանակ հակառակորդի սպառազինությունների ու մեր ունեցածի միջեւ տարբերությունները կրճատեն, մերոնք գնացել են նման կասկածելի ճանապարհով։ Ինչների՞ս էր պետք եւս մեկ պորտաբույծ նախարարությունը։ Հետաքրքիր է, թե ուր են նայում ՊՆ պաշտոնյաներն ու անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը։ Ահա հարցեր, որոնց պատասխանները չկան եւ դժվար էլ թե լինեն առաջիկայում։

Հայկազ ԽԱՉԱՏՐՅԱՆ