Կադրային սովի արդյունքում Ռոմանոսը շահեց

Կադրային սովի արդյունքում Ռոմանոսը շահեց

Գործող իշխանությունների մոտ կադրային սով է։ Նախարարների ու մյուս թափուր մնացած պաշտոններն ամիսներով չեն համալրվում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել։ Օրինակ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո շուրջ երկու ամիս, իսկ նա աշխատանքից ազատվել է մայիսի 5-ին, այս պաշտոնը թափուր էր՝ չէին կարողանում պաշտոնին հարմար մարդ գտնել։ Երեկ վերջապես գտան՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ազատեցին մարզպետի պաշտոնից, որ նշանակեն շրջակա միջավայրի նախարար։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան նեղն է ընկել, որ ստիպված Ռոմանոս Պետրոսյանին է նախարար նշանակում, որ դատարկ տեղը լրացվի։ Մինչդեռ դաշտում բավականին հաջող կադրեր կային այս ոլորտում, փորձառություն ունեցող, բայց Փաշինյանն ընտրեց իր հետ քայլած մեկին, որովհետեւ կադրային քաղաքականությունն իրականացնելիս առաջին պլան է մղվել բացառապես հավատարմության գործոնը, այլ ոչ թե մասնագիտական որակները։

Ի դեպ, Կոտայքի մարզպետը բազում խնդիրներ է ունեցել իր մարզում, հակասություններ ենթակաների ու համայնքապետերի հետ, բազմիցս հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ եւ այլն, բայց, ըստ ամենայնի, իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, գոհ է նրա աշխատանքից, որ աշխատանքից հեռացնելու փոխարեն առաջ է քաշում։ Թե ինչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանության, շրջակա միջավայրի հետ, դժվար է ասել։ Ինքը՝ արդեն նախկին մարզպետը, երեկ կառավարության նիստից հետո, երբ հայտարարվեց իր նշանակման մասին, մեզ ասաց, որ ինչ-որ կապ, այնուամենայնիվ, ունի։ Փաստորեն, Փաշինյանի կառավարության կադրային սովից հիմա էլ կշտանալու հերթը Ռոմանոս Պետրոսյանինն է։

- Պարոն Պետրոսյան, ինչո՞վ էր պայմանավորված շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հենց Ձեզ նշանակելը։

- Վարչապետի առաջարկն էր դա, ինչը, բնականաբար, ես պատվով ստանձնեցի եւ ասացի, որ մեր պետության զարգացման այս փուլում վարչապետի եւ մեր քաղաքական թիմի ընտրությունն ինձ վրա է կանգ առել, ապա դա ինձ համար շատ մեծ պատիվ է, եւ ինքս գիտակցում եմ, թե ինչ եմ ստանձնում։ Եվ, բնականաբար, շարունակելու եմ գործել հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ ընտրությունը հենց Ձեր վրա կանգ առավ, այլ հարմար թեկնածու չունեի՞ն։

- Այդ հարցի հասցեատերը ես չեմ։

- Դուք շրջակա միջավայրի հետ, բնապահպանության հետ ի՞նչ առնչություն ունեք։

- Ես մասնագիտությամբ երկրաբան եմ, աշխատել եմ ընդերքօգտագործող ընկերություններից մեկում նաեւ, խոշոր հաշվով, ընդերքի եւ հանքարդյունաբերության, տնտեսական ցիկլի, այդ թվում՝ նաեւ բնապահպանական նորմերի առումով բավականին իրազեկված եմ եւ տիրապետում եմ այդ ընթացակարգերին։

- Չթերագնահատելով Ձեր մասնագիտական կարողությունները, թեպետ չգիտեմ, թե ինչ փորձ ունեք այդ ոլորտում, այդուհանդերձ, տպավորություն է, որ գործող կառավարությունը կարծես կադրային խնդիր կամ սով ունի, եւ այնպիսի ոլորտներում է այնպիսի անձանց նշանակում, որ տարակուսանք է առաջացնում։

- Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է։

- Մի քանի ամիս է՝ թափուր էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, չկա՞ր այլ հարմար թեկնածու, որ Ձեզ ընտրեցին։

- Կառավարությունը՝ ինքը, նաեւ օրգանիզմ է, եւ այդ օրգանիզմը, բնականաբար, տրանսֆորմացվում է, շնչում է, փոփոխություններ են տեղի ունենում, ինչը նաեւ, իմ գնահատմամբ, բնական գործընթաց է փոխատեղումների, նոր հայացքով նոր ավյուն սրսկելու կոնկրետ ոլորտներում՝ կոնկրետ կառավարման նոր ձեւի ու մշակույթի փոփոխություններ բերելու առումով։

- Դուք ի՞նչ նոր ավյուն եք սրսկելու մեր շրջակա միջավայրում։

- Այս պահին կանխատեսումներ չեմ ուզում անել, կապրենք, կտեսնենք։

- Պարոն Պետրոսյան, իսկ Կոտայքի մարզում ի՞նչ հասցրիք անել երկու տարում։

- Մի օր ես դրան անպայման կանդրադառնամ, խնդրում եմ՝ հիմա այդ մասին չխոսենք, բավականին երկար ասելիք կա այդ առումով։

- Գործարաններ պետք է կառուցվեին, վերելակների գործարան պետք է հիմնվեր Չարենցավանում, դրանք ի՞նչ եղան։

- Վահե ջան, բոլոր հարցերին կանդրադառնամ, խնդրում եմ Ձեզ, հիմա ես պարզապես շտապում եմ մարզպետարան՝ աշխատակազմի հետ հանդիպման։