Պաշտպանության նախարարի «լավ-լավ» խորհուրդները՝ վարչապետին

Պաշտպանության նախարարի «լավ-լավ» խորհուրդները՝ վարչապետին

Վարչապետ Փաշինյանն Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունն ստորագրելուց հետո, հասարակության սիրտը շահելու համար, սկսեց «կոսմետիկ» պաշտոնանկություններ անել: Տրամաբանական կլիներ, որ հենց Փաշինյանը հրաժարական տար: Բայց նա գնաց հերթական մանիպուլյացիային. ազատվածներից ոմանք ստանում էին բարձր պաշտոններ, ինչպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնից ազատվեց նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի ձայնը պատերազմի օրերին չէր լսվում։ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը` վարչապետի գլխավոր խորհրդականը: Մինչդեռ հասկանալի չէ, թե վարչապետին տված այդ որ լավ-լավ խորհուրդների համար արժանացավ ավելի պատասխանատու պաշտոնի:

«Հայկական ժամանակ» օրաթերթի երբեմնի գլխավոր խմբագիր, հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անգամ պարտադիր զինծառայություն չի անցել, բնական է, որ զինվորական գործից անտեղյակ էր, բայց ուներ խորհրդականներ, որոնցից մեկը ժամանակին եղել է պաշտպանության նախարար, ունի զգալի փորձ` 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱՊՀ անդամ երկրների Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունում, Հայաստանն էր ներկայացնում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդում։

Հետեւաբար, պետք է լավատեղյակ լիներ զինվորական ոլորտից եւ ճիշտ խորհուրդներ տար վարչապետին: Դեռ մեկ-երկու տարի առաջ նա հույս ուներ Յուրի Խաչատուրովին փոխարինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց այդ հույսերը հօդս ցնդեցին: 2020-ի օգոստոսի 18-ին նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական: Թերեւս հենց նրա «խորհուրդներով» այս պատերազմում ռազմական այնպիսի սխալներ թույլ տրվեցին, որ Արցախը կապիտուլացվեց, տվեցինք հազարավոր զոհեր, վիրավորներ, ունեցանք գերիներ: Այժմ գուշակենք, թե ինչ խորհուրդներ է տվել Հարությունյանը Փաշինյանին.

-  Փաշինյանն ասում է, որ ինքը գիտեր, որ պատերազմ լինելու է, միայն չգիտեր սկսվելու օրը եւ ժամը: Այդ մասին, բնականաբար, գիտեր նաեւ Վաղարշակ Հարությունյանը: Բայց նա վարչապետին խորհուրդ տվեց՝ շարունակել բանակն ապահովել ելակաֆուրշեթային սննդակարգով: Հարությունյանը, հավանաբար, ասել է` կարեւորը տղաների հագին «մայկա-տռուսիկ» լինելն է, պատերազմի ժամանակ էական չեն զրահաբաճկոններն ու սաղավարտները:  
- Հարությունյանը Փաշինյանին խորհուրդ տվեց, որ պատերազմի ժամանակ պետք չէ համապետական զորակոչ հայտարարել, պետք է մի 30 տարի ետ գնալ եւ անցում կատարել կամավորականների ջոկատների «ինստիտուտին»: Թող մարդիկ հարեւաններից «բուշլատ-կասկա» վերցնեն, իրենց մեքենաներով գնան կռիվ:
- Խորհուրդ տվեց Փաշինյանին, որ Սփյուռքից ուղարկված մեծ քանակությամբ զրահաբաճկոնը, սաղավարտը, զինվորական կոշիկները, այլ զինվորական պարագաները մնան պահեստներում, մի տեղ պետք կգան, տղաներն առանց դրանց էլ յոլա կգնան: 
- Հարությունյանը վարչապետին խորհուրդ տվեց, որ մղվող տարերային ու անկազմակերպ պատերազմում ավելի հեշտ կպարտվենք, քան` կազմակերպված մարտերում:
- Խորհուրդ տվեց նաեւ` ժամանակին չկանգնեցնել պատերազմը` սպասենք, մինչեւ թշնամին հասնի Շուշիի մատույցներին, մի քանի հազար զոհեր տալուց հետո նոր կդադարեցնենք պատերազմը, որ քեզ չասեն դավաճան: 
- Խորհուրդ տվեց՝ բանակը չհամալրել նախկին պրոֆեսիոնալ հրամանատարական կազմով եւ պատերազմը թողնել ոչ պրոֆեսիոնալների հույսին` վտանգելով Արցախի անվտանգությունը եւ առաջնագծում կռվող երիտասարդների կյանքը: 
- Խորհուրդ տվեց՝ Արցախ գործուղել «Էրատո» ջոկատի հրամանատարին, որ ընկճված գեներալական կազմին բարոյական աջակցություն ցուցաբերի բունկերներում:
- Խորհուրդ տվեց Փաշինյանին, որ առաջնագիծ ուղարկվեն 18-20 տարեկան անփորձ երեխաները: Իսկ փորձառուները եւ կամավորները մնան տներում եւ ընթերցեն իրենց զոհված որդիների անունները: 
-  Խորհուրդ տվեց․ հասարակությանը պետք է խաբել պատերազմի ընթացքի եւ իրական արդյունքների մասին. թող հասարակությունը մինչեւ պատերազմի ավարտն ապրի էյֆորիայի մեջ: 

Խորհուրդների ցանկը կարելի է երկար շարունակել: Ելնելով հանգամանքից, թե ինչ «արժեքավոր» խորհուրդներ է տվել խորհրդականը Նիկոլ Փաշինյանին, կարելի է հետեւություն անել, թե ինչ «ապահով» ձեռքերում է հայտնվել հայկական բանակը՝ Վաղարշակ Հարությունյանի նախարարությամբ: Իսկ որ Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն «լավ» խորհրդական է եղել, այլ նաեւ պաշտպանության «լավ» նախարար է, փաստում են Հայաստանի` անտերության մատնված եւ անպաշտպան մնացած սահմանները Սյունիքում ու Վարդենիսում, որտեղ թշնամին երբ ուզում` ելումուտ է անում, սահմաններ գծում: