Ժողովո՜ւրդ, երկրաշարժ է, շտապ մի բան գրեք Ֆեյսբուքում

Ժողովո՜ւրդ, երկրաշարժ է, շտապ մի բան գրեք Ֆեյսբուքում

Երեկ Հայաստանում դարձյալ երկրաշարժ էր՝ բարեբախտաբար առանց լուրջ ցնցումների և վնասների։ Բայց ֆեյսբուքում մի իրարանցում էր, մի ցնցում և հետցնցում, իրական ավերածություն՝ վիրտուալ տիրույթում։ Մեզ մոտ ամեն ինչ ֆեյսբուքում է տեղի ունենում՝ մահերը, ծնունդները, պատերազմը, խաղաղությունը, երկրաշարժը, դրա հետցնցումը, հետո դրա հետևանքների վերացումը, ու այդ ամենի ողբերգական կամ երջանիկ բնույթը արտահայտվում է ֆեյսբուքյան էմոջիների միջոցով։ 

Մեր իրականության դժբախտ ու դժգույն պատկերը, գուցե նաև մեր դժբախտությունների իրական պատճառը փորձել ենք արտացոլել այս վիրտուալ դիալոգում։

-Ժողովո՜ւրդ, պատերազմ է, արագ Ֆեյսբուքում մի բան գրեք։ 

-Ի՞նչ գրենք։ 

-Գրեք, որ մեր ոգին անկոտրում է, և մենք երբեք չենք պարտվելու։ 

-Ժողովո՜ւրդ, երկիրը կործանվում է, արագ պետք է Ֆեյսբուքում մի բան գրել։

-Ի՞նչ գրել։

-Գրել, որ մենք երբեք թույլ չենք տա, որ երկիրը կործանեն։

-Ժողովո՜ւրդ, Գորիս-Կապան մայրուղին հանձնում են թուրքին, շուտ արեք, մի բան գրեք։

-Իսկ ի՞նչ գրենք։

-Գրեք, որ Սյունիքը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նույնիսկ, եթե Գորիս-Կապան մայրուղին արդեն Ադրբեջանի կազմում է։

-Ժողովո՜ւրդ, հիմա էլ երկրաշարժ է։

-Բա հիմա ի՞նչ անենք, վազենք դո՞ւրս։

-Ոչ, արագ գրեք, որ երկրաշարժ է, կարող եք նույնիսկ հարցնել՝ զգացի՞ք երկրաշարժը։

-Գրել ենք, հետո ի՞նչ անենք, արագ վազենք դո՞ւրս։

-Չէ, սպասեք, տեսեք՝ ովքեր են լայքում և էլ ո՞ւմ մոտ է զգացվել երկրաշարժը։

-Ժողովուրդ, Սյունիքն արդեն հանձնել են, ո՞վ դուրս կգա փողոց՝ ընդդեմ հանձնողների։

-Ես ֆեյսբուքում կգրեմ այդ մասին։

-Իսկ ես ԱԺ-ում հարց կտամ, թե ինչու հանձնեցիք Սյունիքը։

-Ես էդ հարցը կկտրեմ, կդնեմ իմ պատին ու ամոթանք կտամ հանձնողներին։

-Իսկ ես տակը քոմենթ կգրեմ, թե ինչ հզոր հարց տվեցին Սյունիքը փրկողները Սյունիքը հանձնողներին։